Ի՞նչ է անցումային արդարադատութունը․Խորհրդարանական լսումներ

1005

Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ: Այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերի պատասխաններին գալ միասնական, ներառական, առավել լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան որոշումներ, որոնք մենք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի և այլ լսումների ու քննարկումների ճանապարհով»,- իր բացման խոսքում նշեց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը իր ելույթում անդրադարձավ այն հանգամանքին թե ինչ չէ անցումային արդարադատությունը․

«Անցումային արդարադատությունը եռյակ չէ, որ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռ կայացնել։ Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի գործող դատական համակարգը»,-նշեց ԱԺ նախագահը։

Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական ճանապարհով մաքրի, զտի ներկա դատական համակարգը

«Սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը՝ իրականացնել արդար, անկախ արդարադատություն, և ինչու պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական համակարգն ունի տարիների ընթացքում կուտակված լրջագույն խնդիրներ»,- նշեց ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանի՝ բացման խոսքից հետո արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ներկայացրեց «Անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը»։

Վերջիրնս իր խոսքում նշեց, որ միջազգային փաստաթղթերում անցումային արդարադատությունը ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակիության անցումը մի իրավիճակից դեպի մյուսը․

«Գործիքակազմը առավելապես իրավական է և նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների»,-մանրամասնեց Աննա Վարդապետյանը։

Ըստ արդարադատության նախարարի տեղակալի ՝ անցումային արդարադատության մասին խոսելիս՝ այդ թվում նաև իրավաբաններն ու քաղաքագետը նշում են, որ խոսքը գնում է պատերազմական պետությունների մասին, մոռանալով՝ զանգվածային խախտումները կարող են լինել ոչ բռնությամբ դրսևորվող․

«Կարող են լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային բազմաթիվ զանգվածային խախտումներ, որոնք ի վերջո բերեն հասարակության մեջ ժողովրդավարության արժեքների նվազեցմանը, առանձին դեպքերում նաև արժեզրկմանը»,-մանրամասնեց նա։

Պետությունն ազատ է ընտրելու թե ինչ կառուցակազմ և ինչ գործիք է օգտագործելու, եթե պետությունը ցանկություն է հայտնում օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված և պարտավորված է բոլոր գործիքները կիրառել․

«Յուրաքանչյուչ պետություն ինքն է որոշում թե ինչ գործիքակազմ պետք է կիրառել լրացնելու համար այն ինստիտուցիոալ բացը, որն ինքն ունի»,-նշեց նա։

Անցումային արդարադատության կործիքակազմը հստակ սահմանված է՝ առաջին հերթին քրեական մեղադրանքներ, երկրորդ հերթին վեթինգ տերմինն է՝ գնահատման գործընթացն է․

«Վեթինգը գնահատման գործընթաց է, գնահատում, որը ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի և թափանցիկ»,-մանրամասնեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։

Ըստ նրա՝ լյուստրացիան ընթացակարգային առումով հաջողված գործընթաց չէ ՄԻԵԴ-ի գնահատմամբ, որովհետեւ ընթացակարգային երաշխիքներ չի ապահովում լյուստրացիայի ենթարկվող անձի համար:

Հարցին, թե որևէ դիրքորոշում ունի՞ իշխանությունը արդարադատական համակարգում օրենսդրորեն լյուստրացիա  ձեւակերպելու և իրականացնելու հարցում, փոխնախարարը պատասխանեց.

«Ինչպես ՄԻԵԴ-ը, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը, չեն ողջունում լյուստրացիայի գործընթացը եւ դիտարկում են որպես հիմնական դատավարական ընթացակարգային իրավունքները սահմանափակող: Նրանք խորհուրդ չեն տալիս պետություններին դիմելու լյուստրացիայի գործընթացին, փոխարենն այսօր ավելի ու ավելի կիրառելի է համարվում վեթինգի գործընթացը, որը դատավարական երաշխիքների տեսանկյունից ավելի ընդունելի է վերոնշյալ կառույցի փիլիսոփայության տեսանկյունից»։

Հարց ու պատասխանից հետո ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզան կներկայացնի «Անցումային արդարադատության որոշ գործիքների վերաբերյալ» զեկույցը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն էլ կներկայացնի «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում` միջազգային փորձի լույսի ներքո» զեկույցը:

Ազնիվ Սիրադեղյան