Մի քանի օր է, ինչ խուլ ու համրերի միության անդամները բողոքում են միության նախագահ Գրիգոր Գրիգորյանի պաշտոնավարման  դեմ: Ներկայիս նախագահը չի վերընտրվել միության անդամների կողմից, բայց շարունակում է մնալ այդ պաշտոնում քանի որ կապեր ունի, իսկ օրինական ընտրված նախագահը չի կարողանում անցնել իր պարտականություններին։

 Անդամների խոսքով իրենք ընտրել են այլ նախագահ, բայց հիմա ներկայիս նախագահը չի ցանկանում հեռանալ պաշտոնից, ավելին` ապրիլի 29-ին, գիշերը 04։00-ի հատվածում միության շենքում գողություն է կատարվել, գողացել են շահառուներին պատկանող գույքը` համակարգիչներ, տպիչ սարքեր նույնիսկ փասթաթղթեր:

Ներկայիս ինքնահռչակ նախագահը մեղադրում է շենքի պահակին՝ Իգոր Հովսեփյանին, ով իբր թե հարբած է եղել, բայց միության անդամները ժխտում են դա, քանի որ ճանաչում են Իգոր Հովսեփյանին, ով մինչ պահակ լինելը  միության գործարանի տնօրենն է եղել շուրջ 10 տարի։

Շահառուները համոզված են, որ հենց նախագահն է կազմակերպել գողությունը, քանի որ շենքը հսկվում է տեսախցիկներով իսկ գողերը առաջին հերթին հենց տեսախցիկներն են գողացել: Միության շահառուները forrights-ին ցույց տվեցին շենքի ներսի հատվածը, որտեղից գողացել են գույքը: Նկարներում նաև երևում են կատարված քննչական գործողությունները:

Օրեր առաջ, ոստիկանության բիրտ գործողություններից հետո, միության անդամները արդեն ոչ մեկին չեն վստահում, քանի որ ոստիկանները ֆիզիկական ուժ էին կիրառել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ,անդամներից մի քանիսը մեզ ցույց տվեցին կապտուկները և վնասվածքները, որոնք հասցվել են ոստիկանների կողմից:

Ոստիկանության լրատվական բաժնում, forrights-ի հարցմանը ի պատասխան հայտնեցին, որ իրենք հայտարարություն են տարածել տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն ոստիկանության կայքում տեղադրված հայտարարությունը ոչ այլ ինչ է քան հորդոր լրատվամիջոցներին՝ «չշահարկել ոստիկանության լիազորությունների շրջանակներում կատարվող գործողությունները»։

Միության անդամները ինքնահռչակ նախագահի խնդրով դիմել են հնարավոր բոլոր մարմիններին։

«ցույցեր ենք արել կառավարության դիմաց, ամեն անգամ խոստացել են, որ լուծում կտան, սակայն 2014 թվականից միայն դատական նիստեր են տեղի ունենում իսկ խնդիրը չի լուծվում: Նախագահի փաստաբանները ամեն դատական նիստին ասում են, որ պատրաստ չեն և նիստերը շարունակաբար տեղափոխվում են»:

Նկարահանման պահին Գրիգոր Գրիգորյանի կողմնակիցներից երկուսը մոտեցան բողոքող մարդկանց և սկսեցին հարվածել նրանց: շենքում պահպանություն իրականացնող ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները նույնիսկ չփորձեցին միջամտել, ասելով, թե իրենց պարտականությունն է կարգ ու կանոն պահպանել միայն շենքի ներսում, իսկ ինչ կատարվում է  դրսում՝ իրենց չի վերաբերում:

Միության անդամները համոզված են, որ Գրիգոր Գրիգորյանը պատրաստվում է վաճառել խուլ ու համրերի միության շենքը, քանի որ ողջ պոստսովետական միություն հենց այդպես են վարվում խուլ ու համրերին պատկանող շենքերի ու գործարանների հետ։ բայց իրենք չեն ցանկանում թույլ տալ դա, քանի որ շենքը ամբողջովին կառուցվել է միության շահառուների կողմից։

Միության անդամները նաև մտածում են հաշմանդամություն ունեցող հարյուրավոր երեխաների մասին, ովքեր դեռ հաճախում են դպրոցներ, իսկ հետո աշխատանքի կարիք կունենան, իսկ խուլ ու համրերի գործարանը միակ տեղն է, որտեղ նրանց կընդունեն առանց հաշվի առնելով նրանց հաշմանդամությունը։

Ռաֆ Ենգիբարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest