Ցմահ դատապարտյալ Կամո Շալունցը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ձեզ գրում է ցմահ դատապարտյալ Կամո Շալունցը։
24 տարի ապրել և սպասել եմ իմ ազատության օրվան։ Տարիներ անցնելով, փոխվեցին կառավարության իշխանության և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, ամեն անգամ իրենց աշխատասենյակների սեղաններին թողեցին նախկին գնդակահարման դատապարտված և ներկայիս ցմահ ազատազրկված դատապարտյալների խնդիրները։ 42 հոգուց մնացինք 25-ը, տարիների ընթացքում նրանք տարբեր հիվանդություններից մահացան, իսկ նրանք, ովքեր ողջ են, ունեն տարբեր առողջական խնդիրներ։
Հնարավորություն տվեք այդ մարդկանց իրենց մնացած տարիները լինեն ընտանիքների և երեխաների կողքին։ Այդ մարդիկ, մեկ բառով ասած, դժոխքի միջով են անցել, և յուրաքանչյուրիս կյանքի տարիներն անցան կորուստներով։
Ամենադժվարին պահերին չկարողացա օգնել ընտանիքիս, հոգ տանել իմ հաշվանդամ դստեր մասին։ Նա արդեն միակողմանի ծնողազուրկ է, մայրս և կինս ծանր հիվանդություններից մահացել են։ Իսկ դուստրս, ով առաջին կարգի հաշմանդամ է, ունի մանկական ուղեղային կաթված, խորը ձեռքի այրվածք, ինչի հետևանքով ախտահարվել է ձեռքի շարժողական մկանային համակարգը։
Պարոն Քոչարյանի հակասահմանադրական սխրագործություններից ոչ միայն տուժել են մարտի 1-ի զոհերը և հայի ժողովուրդը, այլ մենք՝ 2003թ.-ին: Ձեր կարծիքով մի՞թե դա ներում էր. ո՛, դա պատժի խստացում էր։ Մենք մարդասիրության ճանապարհի՞ն ենք, թե՞ թռիչք ենք կատարում այդ ճանապարհից։
Պարո՛ն Փաշինյան, Դուք էլ եք տուժել նրա ձեռքից, եղել եք կալանավայրում, ինքներդ եք զգացել՝ ինչ է փակ դուռը, թե ինչ է զգում ընտանիքի հայրը, ով հեռու է իր ընտանիքից և երեխաներից։ Եթե չասեմ, Դուք լավ գիտեք կալանավայրում ապրող և օրեր հաշվող դատապարտյալների հոգեվիճակը։ Մի՞թե ես այս պետության համար ոչինչ չեմ արել, ախր կյանքս եմ վտանգել հանուն հայրենիքիս և ժողովրդիս պաշտպանությանը։ Արցախյան պատերազմում կամավոր եմ եղել, վիրավորում եմ ստացել, բայց այսօր պետության կողմից պարզապես որպես մարդ գոյություն չունեմ։
2003թ. Քոչարյանի կողմից չակերտավոր ներումը, կրկին անգամ տարավ մեզ դեպի դժոխք: Բացի նրանից, որ անմարդկային էր, այլև՝ հակասահմանադրական։ Պարո՛ն վարչապետ, ինչո՞ւ մի օր հանդես չեք գալիս ելույթով, ինչո՞ւ չեք խոսում ՀՀ 2-րդ նախագահի կողմից իրականացված հակասահմանադրական որոշումներից մեկի մասին, որը վերաբերում է ցմահներին։ Տարիներ շարունակ սպասել ենք, որ մեկը կտա այդ հարցի պատասխանը, բայց և այդպես մնացինք անպատասխան։
Տարիներ անցան, բոլոր պաշտոնյաները գնացին-եկան, մենք մնացինք խցերում։ Լավ, հասկանալի է 2-րդ և 3-րդ նախագահներին գործելաոճը, մեկը մյուսի հետ շաղկապված։ Անկեղծ ասած հեղափոխությունը շատ ուրախացրեց մեզ և մեծ հավատ ներշնչելով, որ Դուք կմաքրեք այն, ինչ կեղծիքի մեջ է եղել տարիներ շարունակ։ Մենք և մեր հարազատները հավատացինք Ձեզ և Ձեր թիմին ու կրկին մեծ հույսով լցվեցինք։ Մինչև այն օրը, երբ նշանակվեց պայմանական վաղաժամկետ ազատության նիստը
2019 թ. ապրիլի 4-ին Առաջին ատյանը մերժեց, դատախազ պարոն Բրուտյանը մեկ ժամում մի այնպիսի կարծիք հնչեցրեց, որը ջնջեց և կասկածի տակ դրեց տարիներ շարունակ ինձ հետ աշխատած մասնագետի բնութագիրը։
24 տարի օրեր շարունակ աշխատելով ինձ հետ, նրանցից առավել ո՞վ կարող է ասել՝ ես՝ որպես մարդ, ինչպիսի վարքագիծ եմ դրսևորել։ Եթե մի կառույցը մյուսին պիտի առարկի, չվստահի, կասկածի տակ դնի իր կողմից տրված բնութագիրը, ում է պետք խոսել պայմանական վաղաժամկետ ազատման մասին։ Եթե Քոչարյանին այդքան քննադատում եք, ինչո՞ւ նրա կատարած սխալները չեք ուղղում կամ անում եք մասամբ։
Դեռ քանի տարի պիտի նորից խստացնեք այն, ինչ արդեն մարդկային և օրենքի տեսանկյունից դուրս է։ Բա ժողովուրդը քայլ արեց, ինչո՞ւ Դուք էլ քայլ չեք անում։ Դուք եք նշանակել պարոն Զեյնալյանին, պահանջեք գործ, ոչ թե գեղեցիկ հանրային ելույթ, որը լրիվ դուրս է իրականությունից:
Պատիժը պատժի վրա խստացնելով ի՞նչ է փոխվում։ Հարց տվեք արդարադատության նախարարին, ցույց տվեք տեսանելի արդյունքները. կարծես բաց կառուսելի մեջ պտվում ենք ու կրկին բախվում նույն անկատար խնդիրներն. պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը չի աշխատում։
Մեկ դեպքը չի կարող լուրջ հարցի պատասխան լինել, իրականում այն պատրանք է։ 25-ին հոգին չեն համարվում մարդիկ, դա խտրական վերաբերմունք է ցմահ դատապարտյալների նկատմամբ: Ինչո՞ւ, ո՞վ կտա այդ խոր հարցի լուծումը։ Ինչո՞ւ ցմահների գործերում չեղավ հեղափոխություն, թե՞ մենք մարդ չենք։ Եթե մարդ չենք, փակեք մարդու իրավունքների պաշտպանության կառույցը։ Չկա մարդ, չկա իրավունք։ Եթե այդքան արդար է ամեն ինչ, ապա ինչո՞ւ մարդու իրավունքների եվրոպական դատարաններում ՀՀ քաղաքացիների կողմից այդքան շատ բողոքներ են գրանցվում։ Քանի՞ ատյան պիտի անցնենք, քանի՞ տարի ևս պիտի տառապենք։
Տարեց տարի մարդիկ իրենց մահկանացուն են կնքում խցերում, արդյո՞ք դա ուղիղ համեմատական է մարդասիրական կոնվենցիաներին։ Այս պատերը ներծծված են ցմահ դատապարտյալների աղերսանքներով, փրկության կոչերով, ցավոք մարդիկ չդիմացան և խցերում էլ հանգչեցին։Դա հարիր չէ առաջին քրիստոնեություն ընդունած պետությանը։ Ախր գրավներով ինչքան մարդու հնարավորություն ընձեռնվեց պայքարել ազատության մեջ, մինչդեռ 24 տարի պատիժը քի՞չ է արդյոք մարդու համար։ Էլ ինչի սպասենք։
Խնդրում եմ Ձեզ, հավատալով Ձեր արդար խոստմանը, մաքրեք այն, ինչ իսկապես մեր պետությանը պատիվ չի բերում։ Արդարադատության ոլորտում այդ մեծ քայլը կտանի պետության վարկանիշի բարձրացմանը։ Դրանով դուք կտարբերվեք նախկիններից։ Նրանց պատժելով մեզ էլ ազատություն տվեք, որովհետև մենք տարիներ շարունակ տառապում ենք նրանց սխալների պատճառով։ Աշխարհին ապացուցեք, որ հայի ազգը տարբերում է սևը սպիտակից, ոչ թե թացը չորի հետ վառում է:
Այն դուխը, որը ներշնչանքի աղբյուր է դարձել հայի ազգի համար, մեզ էլ տվեք, որ ապրենք և մեր մնացած տարիները ոչ թե խցերում տառապենք, այլ օգտակար լինենք մեր պետությանության զարգացմանը։
Հուսամ, որ նամակս կընդունեք որպես խնդրանք, մի լույսի շող, որը տեսնում է Ձեր անձի մեջ։Վստահ եղեք՝ Ձեր քայլը հիմք կդնի մարդասիրության և անցյալի սխալների ուղղմանը, նոր շունչ կհաղորդի վերածնունդ ապրած Հայաստանին։
Հարգանքներով՝ գնդակահարման դատապարտված, ցմահ ազատազրկված Կամո Շալունց»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: