Պավլիկ Մանուկյանի, Վրեժ Հակոբյանի, Արա և Արտակ Թաթոսյանների նկատմամբ 2018 թվականին քրեական գործը է հարուցվում Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3.1 և 3.2 կետերով՝ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարել:

Վարույթն իրականացնող մարմինը հենց սկզբից Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառում ստորագրություն չհեռանալու մասին: Դատավարության որոշակի փուլերում մյուս երկու մեղադրյալները՝ Վերժ Հակոբյանը և Արտակ Թաթոսյանը գրավի դիմաց ազատ են արձակվում, այնինչ նույն մեղադրանքով կալանավորված Արա Թաթոսյանը մինչ օրս շարունակում է մնալ անազատության մեջ: Դատարանը պատճառաբանում է՝ ազատության մեջ հայտնվելով, Թաթոսյանը կխոչընդոտի քրեական գործին:

Կալանավոր Թաթոսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Forrights-ի հետ զրույցում շեշտում է՝ դատարանի նմանօրինակ հետևությունները չհիմնավորված են.

«Քրեական գործով չորս մեղադրյալներին առաջադրվել է բառացի և տառացի նույն մեղադրանքը՝ անուների տարբերությամբ, սակայն նրանցից միայն մեկի նկատմամբ է կիրառվում խափանման միջոց կալանքը: Խտրական մոտեցում է ցուցաբերվում հենց Արա Թաթոսյանի նկատմամբ: Դատախազությունն ամեն ինչ անում է, որ այս եղանակով անձին անհիմն պատժի ենթարկեն»,- կարծիք հայտնեց պաշտպան Մակինյանը:

Մեղսագրված արարքում Արա Թաթոսյանն իր մեղավորությունը չի ընդունում, բացի դրանից, պաշտպանն ինքն է բարձրաձայնում՝ Թաթոսյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ. որ դեպքում էլ դիտարկվի դատավճիռը, միևնույն է՝ Թաթոսյանը չի կրելու իր պատիժը:

«Եթե Արա Թաթոսյանը ենթադրյալ մեղադրանքի մեջ մեղավոր ճանաչվի, ապա սահմանված 4-8 տարի ժամկետի պարագայում, անգամ 6 տարի ազատազրկվելու պայմաններում, Թաթոսյանը պատժի կրումից ազատվելու է, քանի որ իր խնամքին ունի մինչև 3 տարեկան անչափահաս մեկ երեխա: Բացի վերոնշյալից, Համաներման մասին օրենքի ընդունվելու հիմքով, նա չի կրելու նշանակված պատիժը: Այստեղից կարող ենք եզրակացնել՝ Դատախազությունն այս մեթոդն է ընտրել անձին ստիպելու չկատարած հանցանք իր վրա վերցնել»:

Պաշտպանական կողմի հավաստմամբ, այս մասին բազմիցս բարձրաձայնվել է դատարանում, սակայն մինչ օրս որևէ ողջամիտ պատասխան չի ստացվել:
Պաշտպան Ամրամ Մակինյանն անգամ դատական գործընթացն այլ վերջաբանով պատկերացրեց: Ըստ նրա, եթե անգամ վերացականորեն ընդունենք, որ Արա Թաթոսյանը մեղավոր ճանաչվի, ապա 6 տարուց ավել պատժաժամկետ սահմանելու որևէ հիմքեր չկան, ուստի Թաթոսյանն ազատ է արձակվելու բոլոր դեպքերում.

«Մեր համոզմամբ, Դատախազությունը փորձ է անում կոտրել Արա Թաթոսյանին և հասցնել մի վիճակի, որ անձը չկատարած հանցանքն իր վրա վերցնի»,- հավելեց պաշտպան Մակինյանը:

Խափանման միջոց կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը ստանալու պես, պաշտպանական կողմը մտադիր է այն կբողոքարկել Վերաքննիչ դատարանում:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest