Ապրիլի 7-ին Նոր Նորքի ոստիկանություն տարված և ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եփարյանը Forrights.am-ի խմբագրություն է դիմել, մտահոգություն հայտնելով, որ բժիշկների մեղավորության մասով գործն ուզում են կարճել, քանի որ իրենց ոչ մի տեղեկություն չեն հայտնում դրա մասին, ոչ տուժողի իրավահաջորդ են ճանաչել, ոչ հարցաքննել:

«Ոստիկանների խոշտանգման մասով ՀՔԾ-ն հարցաքննել է, իսկ ՔԿ-ն բժիշկների մասով՝ ոչ: Չեմ թողելու կոծկեն էս գործը կամ փորձեն ինձ խաբել ու սխալ ուղով տանել»,- վստահեցրեց մահացած Էդգարի մայրը՝ հավելելով, որ կասկածներ ունի, որ գործն ուզում են կարճել:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դեպքով, որը հարազատների պնդմամբ, մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու ու բժիշկների անտարբերության պատճառով, ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել՝ ոստիկանների կողմից խոշտանգման հոդվածով: Պարզվում է՝ բժշիկների ոչ պատշաճ բուժօգնության մասով քրգործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում, որի մասին մահացածի հարազատները չեն տեղեկացվել:

Մահացած Էդգար Ծատինյանի հարազատների պաշտպան, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի փաստաբան Արայիկ Զալյանը մեզ հետ զրույցում նույնպես տարակուսանք հայտնեց, որ ՔԿ-ն պատշաճ չի տեղեկացրել տուժող կողմին Էդգարի մահվան առթիվ բժիշկների գործողությունների մասով հարուցված քրքործի մասին:

«Ունենք հարուցված քրգործ ՀՔԾ-ում՝ բացառապես խոշտանգման հետ կապված՝ ոստիկանության լիազղորությունների չարաշահման վերաբերյալ: Իսկ բժիշկների մասով մենք պաշտոնական ոչ մի տեղեկություն չունենք»,-ասաց Զալյանը:

Պաշտպանը պատմեց, որ այդ գործի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ ՀՔԾ-ից ստացել է իր միջնորդության պատասխանը, ըստ որի՝ բժիշկների միջամտության ոչ պատշաճ լինելու հետ կապված քրգործը հարուցված է ՀՀ Քննչական կոմիտեի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնում:

«Խնդիրն այն է, որ մինչ օրս տուժող կողմը տվյալ քրգործի վերաբերյալ պաշտոնական որևիցե տեղեկություն չունի, ներգրավված չէ և անուղղակի տեղեկանում է ՀՔԾ-ից»,-նշեց պաշտպանը՝ հավելելով, որ քննչական կոմիտեի քննիչը պետք է հրավիրեր տուժող կողմին և տեղեկացներ գործի մասին: «Պարտավոր էր հարցաքննել, որովհետև Էդգարի հետ վերջին պահին առնչություն են ունեցել իր հարազատները: Այսինքն, մենք ոչ մի տեղեկություն չունենք՝ ՔԿ-ում ինչ է արվում: Ոչ հարցաքննություն է եղել, ոչ տուժողի իրավահաջորդ ճանաչելու գործողություն, մինչդեռ ՀՔԾ-ում արդեն մի քանի անգամ հարցաքննվել են»,-ասաց պաշտպանը:

Պաշտպանը նաև պնդեց, որ այդպիսով տուժող կողմի իրավունքները խախտված են, քանի որ այն որևէ տեղեկություն չունի քրգործի վերաբերյալ: «Մենք ունենք ստանձնած միջազգային պարտավորություններ, և Սահմանադրությամբ, և միջազգային պարտավորություններով, կյանքի իրավունքի հետ կապված գործի քննությունը պետք է հասանելի լինի զոհի ընտանիքի անդմաների համար: Էս պահի դրությամբ, մենք չունենք էդ հասանելիությունը»,-ասաց պաշտպանը:

Արայիկ Զալյանը նաև դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով Էդգարի մահվան վերաբերյալ քրգործը քննել մեկ վարույթում: «Եվ էդ վարույթը պետք է լիներ ՀՔԾ-ն: Տուժողների պնդմամբ, կա փոխկապակցվածություն ոստիկանների ու բժիշկների գործողությունների միջև: Դա ենթադրություն է, քանի դեռ հակառակը չի հաստատվել: Դրա հետ կապված ես բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին և դեռևս պատասխան չեմ ստացել»,-պատմեց պաշտպանը:

Քննչական կոմիետեից Forrights.am-ին վստահեցրին, որ մահացած Էդգարի հարազատներին վաղը հրավիրել են քննչական բաժին: «Մեզ ոչ զանգել են, ոչ նամակ են ուղարկել քննչականից»,- պնդեց Էդգարի մայրը:

Նշենք, որ մահացածի մայրը՝ Լարիսա Եփարյանը ավելի վաղ մեզ պատմել էր, որ տղային ոստիկանությունում խոշտանգել են՝ փորձելով հարևանի դեմ ծեր կնոջ սպանության ցուցմունք կորզել: Մոր խոսքով՝ ծեծված վիճակում ոստիկանները փորձել են Էդգարի գրպանը «Կրիստալ» թմրանյութ գցել, իսկ վերջինս, քանի որ նախկինում դատվածություն է ունեցել, վախեցել է, որ կնստեցնեն ու կուլ է տվել թմրանյութը:

Դեպքից հետո ոստիկանները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մոր խոսքով՝ այնտեղ հրաժարվել են ընդունել, բուժօգնություն չեն ցուցաբերել: «Մասիվի հիվանդանոցում գետնին ընկած է եղել ժամերով: Եթե հնարավորություն լինի, ես կուզեմ, որ այդ տեսագրությունները հանեն: Եթե արդարություն կա, և հիվանդանոցի, և ոստիկանության վիդեոները թող հանեն, դրանք տեղից փաստ են»,-ասել էր մայրը՝ հավելելով, որ այնտեղից որդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ինքը գնացել, տեսել է որդուն: Այդտեղ էլ ոստիկանությունից տարված Էդգարը անուշադրության էր մատնվել, ըստ ծնողի: 

«Բժիշկներն ու քույրերն իրանց համար սենյակում սերիալ էին նայում, ոչ մի բան չէին անում: Դատարկ ասեղը մտցրած թևը իմ տղան պառկած էր: Անգամ մեր խնդրելուց հետո ստամոքսի լվացում չարեցին: Իմ երեխեն լավ էր, էնքան լավ էր, որ ահագին բաներ մեզ պատմեց: Գիշերը մինչև ժամը մեկը իմ երեխեն պայքարել ա: Ստից սիստեմա էին միացրել: Ու մի բժիշկ կար, երբ երեխես արդեն մեռած հատակին ընկած էր, եկել ասում ա՝ ստամոքսի լվացում ենք անում, 43 աստիճան տաքություն ունի, սառույց ենք դրել: Բայց իմ երեխուն մեռած տարան»,-պատմել էր վշտահար մայրը՝ շարունակելով. «Բա ստամոքսի լվացումը շուտ անեիք, 6-7 ժամ իմ երեխեն էդտեղ էր, ի՞նչ էին անում: Մենք ուղղակի ուզում ենք, որ էս կեղծիքը բացահայտվի, իմ երեխեն միլիոն տոկոսով առողջ է եղել»: 

Նշենք նաև, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest