«Այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանկութը, խոստանում եմ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել»,- այսօր այս մասին ասաց նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, վստահեցնելով, որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է։

«Նրանք տեսնում են, որ կա ինձ վստահողների մեծ բանակ, որոնք չեն հավատում, որ ես որեւէ կապ կարող եմ ունենալ կոռուպցիայի հետ, մանսակից լինել կոռուպցիոն դրսևորումների հետ, ու որոշ անձանց որոշ տեղեր մրմուռ է գալիս, բայց ես ներողամտությամբ եմ վերաբերվում։ Ես վստահ եմ, որ տեսանյութ չկա, և չի էլ կարող նման տեսանյութ լինել»,-ասաց Դավիթ Սանասարյանը։

«Դուք գիտեք, որ դատախազությունում քրեական գործ հարուցվեց հեմոդիալիզի պարագաների գնման հետ կապված: Ես ի սկզբանե ձեզ ասել եմ, որ մեր նպատակը եղել է միայն ու միայն պետական գնումները «Գնումների մասին» օրենքին համապատասխանեցնելը, տվյալ պարագայում՝ բժշկական կենտրոնների կողմից հեմոդիալիզի պարագաների գնման հարցը: Ես կարող եմ ասել, որ դատախազությունը մեծամասնությամբ իր մեղադրանքի հիմքում դրել է այն տեղեկանքը, որը մենք տվել ենք: Ես ձեզ հիշեցնեմ, որ երբ եղավ առաջին հրապարակումն այն մասին, թե «Պետական վերահսկողական ծառայությունում Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ բիզնես են խլում» անհասկանալի վերնագրով, հենց սրա մասին էր խոսքը: Այսինքն, մենք հայտնաբերել ենք, որ կա նման խնդիր: Մենք ասում էինք և դատախազությունը փաստեց, որ «Գնումների մասին» օրենքի մի շարք դրույթների խախտումով է անցկացվել հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթը: Ասում ենք, որ երկու անգամ թանկ գնով են վաճառում պետությանը, գերշահույթ են ստանում»,- մանրամասնեց Սանասարյանը, հավելելով, որ իրենք ասում էին, որ եթե լինի մրցակցություն, բնականաբար, այլ մասնակիցներ կմասնակցեն, իսկ պետությունն ավելի քիչ կվճարի, քան վճարել է:

Նրա խոսքով՝ դա դուր չի եկել բժշկական կենտրոններին հեմոդիալիզի պարագաներ մատակարարող ընկերությանը․

«Սա նրանց դուր չեկավ, իրենց բնորոշմամբ սա «բիզնես խլել»  է, որովհետև իրենց մենաշնորհը բժշկական կենտրոնում վերացավ և ես վստահ եմ, որ գնալով վերանալու է: Անկախ նրանից, թե իմ հետ կապված գործը ուր կգնա, ինչ կլինի, ես վստահ եմ, որ արդեն լուրջ արդյունք ունենք»։

Ըստ ՊՎԾ նախկին պետի կարծիքով այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը, եթե այլ կերպ գնաց, ապա իրավական դաշտը մաքրելու պայքար է գնալու, և ըստ նրա՝ սա բոլորովին չի նշանակում, որ ինքն է կռիվ տալու, այլ ՝քաղաքացիներն են տեսնում, որ խնդիր կա։ Դավիթ Սանասարյանը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ իրեն հաճախ ասում են, որ անփորձ է եղել․

«Ինձ ասում են, որ երևի թե անփորձություն է արել, հեմոդիալիզի մասին տված տեղեկատվությունը լրիվ հակառակի մասին է խոսում, քանի որ, երբ ինձ ներկայացվում են հիմնավոր փաստեր, որ հիվանդանոցում կա մոնոպոլիա, ես ի պաշտոնե այլ բան անել, բացի դաշտի ազատականացումը պահանջելը, չէի կարող. այստեղ որևէ անփորձության մասին խոսք չի կարող լինել»,-ասաց նա:

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն անդրադառնալով նաև իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերություններին, նշելով, որ դրանք եղել են զուտ աշխատանքային  և կոչ արեց, որ  ԱԱԾ տնօրենին այս թեմայի շրջանակներում չխոսել, և առհասարակ՝ մարդիկ, որոնք առնչություն չունեն այս գործի հետ՝ չպետք է այն մեկնաբանեն, հակառակ դեպքում այն կդիտարկվի որպես ճնշում՝ վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ։

Սանասարյանի կարծիքով նման հայտարարութուններով հանդես գալու պարագայում ճնշումներ է գործադրվում իրավապահ մարմինների նկատմամբ և կասկածի տակ է՝  գործը կհասնի դատարան, թե՞ ոչ։  

Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պնդում է, որ Դավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք, նա որևէ արարք չի կատարել, որի համար նրան կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել․

«Ես գտնում եմ, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ  շինծու մեղադրանք է առաջադրվել և դա իրակիանացվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ գտնում է՝ մեղադրանք առաջադրելիս վարույթն իրականացնող մարմինը դրևսորել է շտապողականություն, նույն օրը մեղադրանք են առաջադրել նրան և հետագա պաշտոնավարումը կասեցրել։

 «Պարոն Սանասարյանին վկայի կարգավիճակով հրավիրել են հարցաքննության, բայց արդեն իսկ նրան մեղադրանք էր առաջադրվել»,-  ասաց նա, վստահեցնելով, որ մեղադրանքը հիմնազուրկ է և հավելեց, որ հենց շտապողականությունն է հանդիսացել հիմք, որ իրենք վստահություն չունեն ԱԱԾ քննիչների նկատմամբ։ 

Գլխավոր գործ կարողը շարունակում է մնալ իր պաշտոնում: ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը ասում են, որ գործ չի կարվում: Ինձ հետաքրքիր է, երբ գլխավոր դատախազն ասում է, որ վերջին մեկ տարում ՀՀ-ում գործ չի կարվել, բա էդ թելն ու ասեղը ո՞ւմ ձեռքն է տվել»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե առանց վարչապետին զեկուցելու պարագայում Դավիթ Սանասարյանին մեղադրանք կառաջադվեր, Սանասարյանը չպատասխանեց, փոխարնն արձագանքեց փաստաբան Արսեն Սարդարյանը՝ ասելով, որ այն դիրքորոշումը, որ այսօր հայտնում է վարչապետը, կիսում է նաև Դավիթ Սանասարյանը.

«Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար, բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով»:

Ըստ Արսեն Սարդարյանի՝ հստակ երևում է վարչապետի պատգամը՝ ինքն այս գործերին չի խառնվում.

«Այն, որ պարոն Սանասարյանն իր ընկերն է, դա չի կարող դեր խաղալ։ Բայց ինչ մտավախություն կա, ոնց որ թե իրավապահ մարմինները սխալ են հասկացել, այնպես են հասկացել, որ եթե պաշտոնյայի վերաբերյալ կա ինչ-որ հաղորդում՝ առանց հասկանալու, առանց իրավական վերուլուծության ենթարկելու, առանց փաստերը համադրելու, առանց պաշտպանական կողմին լսելու պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել ու դա պետք է դառնա դատական ակտ, այսպիսի մտավախություն կա ինձ մոտ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:

Ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ազնիվ Սիարդեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest