Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրական եզրակացությունը, քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Ապրիլի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդեց, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Սեյրան Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու մեջ, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` սահմանադրական կարգը տապալելու մեջ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Pin It on Pinterest