Շուրջ 15 օր հացադուլի և 4 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանի առողջական վիճակն այս պահին ծանր է. այսօր երկու անգամ նա կորցել է գիտակցությունը: Պապյանը երեկվանից հրաժարվել է նաև տրամադրվող բուժօգնությունից:
Նման ծայրահեղ քայլով նա բողոքում է Գլխավոր դատախազության կողմից առաջադրված «կեղծ մեղադրանքի» դեմ: Օրեր առաջ ջրադուլ հայտարարելու մասին դիմումում դատապարտյալը նշել էր՝ ջրադուլ է հայտարարում, քանի որ Գլխավոր դատախազությունը մամուլում սուտ տեղեկություններ է հրապարակում իր վերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ Forrights-ի հետ զրույցում նշեցին, որ այս պահին չեն կարող պատասխանել՝ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելե՞լ են դատապարտյալին, թե՝ ոչ: Պաշտպանի գրասենյակի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Forrights-ին հայտնեց, որ դատախազությանից դեռ հացադուլի 4-րդ օրն են այցելել Արկադի Պապյանին և հորդորել դադարեցնել հացադուլը.
«Արկադի Պապյանի հացադուլի ընթացքը դատախազության ուշադրության կենտրոնում է: Դատախազության համապատասխան վարչությունը մշտական կապի մեջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ: Վաղը նախատեսված է մեղադրանքը պաշտպանող դատախազի այցելությունը հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող անձին՝ չնայած այն հանգամանքին, որ դատախազության կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցները հացադուլից նրա հրաժարվելու համար և բոլոր առիթներն օգտագործել է պարզաբանելու դատաքննության ընթացքում իր դատավարական իրավունքները լիարժեք իրացնելու հնարավորության մասին: Իրավիճակից ելնելով՝ կքննարկվեն նաև նրա նկատմամբ բժիշկական հսկողությունն ուժեղացնելու տարբերակները»,- նշեց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ դատապարտյալը պնդում է, թե Գլխավոր դատախազությունը կրկին «վերհիշել է իր չկատարած հանցանքի և կարված մեղադրանքի» մասին և ուզում է նորից մեղսագրել իրեն չկատարած հանցանքը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: