Դատապարտյալ Արկադի Պապյանն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ «իր վրա կարված մեղադրանքի» դեմ

0
528

Արդեն շուրջ 9 օր է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ է հայտարարել, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները դեռ չեն շտապում այցելել նրան: Forrights-ի հարցին ի պատասխան, թե երբ է նախատեսվում այցը, ՄԻՊ-ը դժվարացավ պատասխանել.

«Տեղյակ ենք հացադուլավորի մասին: Մեր աշխատակիցներն առաջիկա օրերին կայցելեն նրան, թե երբ՝ չենք կարող ասել, քանի որ մեր այցերը չհայտարարված են»:

Դատապարտյալը նման ծայրահեղ քայլով բողոքում է իր դեմ կատարվող անօրինությունների շուրջ: Պապյանի պնդում է՝ Գլխավոր դատախազությունը կրկին «վերհիշել» իր վրա «կարված մեղադրանքի» մասին և ուզում է նորից մեղսագրել իրեն:

Նախ սկզբից. 2018 թվականին, արդեն անազատության մեջ գտնվող Արկադի Պապյանին մեղադրեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին իր մարդկանց միջոցով մի քանի ամիս շարունակ 250-300 հազար դրամ փոխանցելու համար, ինչի դիմաց նա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, արգելված իրեր, թմրանյութեր, ալկոհոլ մտցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսից, ինտերնետից ազատ օգտվելու, «ղումար» խաղալու իրավունք է ստացել:  Պապյանը, սակայն հենց սկզբից էլ չի ընդունել մեղսագրվող արարքը և ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարել:

Հացադուլի 40-րդ օրը, երբ Պապյանի առողջական վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր, երրորդ անգամ նրան այցելում են Գլխավոր դատախազությունից: Նրանք դատապարտյալին խոստանում են օբյեկտիվ քննություն իրականացնել և պարզել հանգամանքները.

«Պատրաստակամություն է հայտնվել ուսումնասիրության առարկա դարձնել իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- դեռ անցած տարի Forrights-ին ի պատասխան ասել էին Դատախազությունից:

Այսօր Արկադի Պապյանը կրկին ահազանգում է, որ «շինծու մեղադրանքը կրկին բերում կպցնում են իրեն, ուստի իրեն այլ ելք չի մնում, քան հացադուլը»: Այս անգամ ևս Գլխավոր դատախազությունն ավելի արագ արձագանքեց, քան ՄԻՊ-ը:

Հացադուլի չորրորդ օրը՝ ապրիլի 18-ին, նրան այցելում է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը՝ Պապյանի առողջական վիճակի վերաբերյալ անմիջականորեն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հացադուլի դիմելու պատճառներն ու պահանջները քննարկելու համար:

«Արկադի Պապյանը կրկին պնդել է քրեական գործով իր անմեղությունը և պահանջել դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը: Հարցման արդյունքները և Ա. Պապյանի դժգոհությունները փոխանցվել են նրան առնչվող քրեական գործով մեղադրող դատախազին: Արկադի Պապյանին ներկայացվել են նաև նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած՝ համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացվել է, որ հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այս պահին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և գտնվում է դատական քննության ընթացքում, սակայն դատապարտյալը շարունակում է անժամկետ հացադուլը և հայտարարում՝ չի պատրաստվում այն դադարեցնել, քանի դեռ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:

Քրեակատարողական վարչությունից Forrights-ին տեղեկացրին, որ Արկադի Պապյանը հացադուլի հենց առաջին օրը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց, առողջական վիճակն այս պահին բավարար է, պարբերարար նրան են այցելում ՔԿՀ-ի բուժակները:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here