12 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը նաև ջրադուլ է հայտարարել

0
790

Շուրջ 12 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Արկադի Պապյանը երեկվանից նաև ջրադուլ է հայտարարել: Դատապարտյալն իր իսկ «պատիժը» խստացրել է, նշելով՝«վերևից հրահանգ է եղել իր գլխին սարքել»: Նա ջրադուլ հայտարարելու մասին դիմում գրել ՔԿՀ, պատճառաբանելով՝ նման ծայրահեղ քայլի է գնացել, քանի որ Գլխավոր դատախազությունը մամուլում սուտ տեղեկություններ է հրապարակում իր վերաբերյալ:

Օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր դեմ կատարվող անօրինությունների շուրջ: Դատապարտյալը պնդում է, որ Գլխավոր դատախազությունը կրկին «վերհիշել է իր չկատարած հանցանքի և կարված մեղադրանքի» մասին և ուզում է նորից մեղսագրել իրեն չկատարած հանցանքը:

Նախ սկզբից. 2018 թվականին արդեն իսկ անազատության մեջ գտնվող Արկադի Պապյանին մեղադրեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին իր մարդկանց միջոցով մի քանի ամիս շարունակ 250-300 հազար դրամ փոխանցելու համար, ինչի դիմաց նա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, արգելված իրեր, թմրանյութեր, ալկոհոլ մտցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսից, ինտերնետից ազատ օգտվելու, «ղումար» խաղալու իրավունք է ստացել: Պապյանը, սակայն հենց սկզբից էլ չի ընդունել մեղսագրվող արարքը և ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարել:

Հացադուլի 40-րդ օրը, երբ Պապյանի առողջական վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր, երրորդ անգամ նրան այցելում են Գլխավոր դատախազությունից: Նրանք դատապարտյալին խոստանում են օբյեկտիվ քննություն իրականացնել և պարզել հանգամանքները. Պապյանը դադարեցրեց հացադուլը:

Այսօր դատապարտյալը կրկին իր առողջության հաշվին պայքար է սկսել անարդարության դեմ: Դատախազությունից Forrights-ին հայտնում են որ հացադուլի չորրորդ օրը Պապյանին են այցելել և զրուցել նրա հետ.

«Արկադի Պապյանը կրկին պնդել է քրեական գործով իր անմեղությունը և պահանջել դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը: Հարցման արդյունքները և Ա. Պապյանի դժգոհությունները փոխանցվել են նրան առնչվող քրեական գործով մեղադրող դատախազին: Արկադի Պապյանին ներկայացվել են նաև նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած՝ համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացվել է, որ հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այս պահին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և գտնվում է դատական քննության ընթացքում, սակայն դատապարտյալը շարունակում է անժամկետ հացադուլը և հայտարարում՝ չի պատրաստվում այն դադարեցնել, քանի դեռ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Արկադի Պապյանի մոտ: Այս մասին Forrights-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Այս պահին դատապարտյալի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Արկադի Պապյանը մշտապես գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո»,- հավելեց Նավիկյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here