«Որդիս ծառայության գնալուց հետո անընդհատ անհանգիստ վիճակում էր: Ասում էր՝ մա՛մ, ինձ էդ դժոխքից տարեք: Չէր հրաժարվում ծառայությունից, ասում էր՝ տարեք ամենավերջին զորամաս, մենակ էստեղից տարեք: Պրիսյագի օրը չոքել էր հոր ոտքերի առաջ, ասում էր՝ մեկ ա պիտի սպանված բերեն, դու քո ձեռքով սպանի` տուր»:

Սպանվեց՝ դիրքի հերթապահությունը հանձնելուց 5 րոպե առաջ…

19-ամյա Սիմոն Ճավռշյանը շարքային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2014-ի հուլիսին: Ծառայում էր Արցախի հանրապետությունում՝ Հադրութում՝ Հորադիզի դիրքերն էր պահում: Մեծ սիրով է գնացել ծառայելու, սակայն զորամաս ոտք դնելուց շաբաթներ անց ծնողներին խնդրել է մի բան ձեռնարկել և փոխել զորամասը.

«Սիմոնս անարդարությունը չհանդուրժող էր: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, Պաշտպանության նախարարության համարը տուր, բան ունեմ ասելու: Ինձ չէր ասում, բայց խոստացել էր զորացրվելուց հետո բացահայտել: Որդուս մահից հետո մի քանի անգամ գնացի իրա զորամաս: Հրամանատարությանն ասեցի՝ էդ որի՞դ կեղտերը տեսավ տղես, որ չթողեցիք զորամասից դուրս գար: Երեխես շատ լուրջ գաղտնիքի էր տիրապետում, որը պատճառ հանդիսացավ, որ իրան կորցնեն»,- Forrights-ին է պատմում տիկին Կարինեն: Չնայած որդու մահվանից  3 տարի է անցել, բայց մինչ օրս մայրը սևազգեստ է, որդու մասին խոսելիս էլ հուզվում է, ապա փորձում է զսպել արցունքները:

Հերթական անգամ դիրքեր բարձրանալուց առաջ՝ Կարինեն որդուն հիշեցնում է, որ առջևում Հայոց բանակի օրն է՝ հունվարի 28-ը, ուստի այս անգամ առավել քան զգոն պետք է լինեն. թշնամին ակտիվանում է այդ օրերին:

Սիմոնը առաջնագիծ է մեկնում հունվարի 22-ին, զոհվում փետրվարի 5-ի լուսադեմին՝ դիրքի հերթապահությունը հանձնելուց 5 րոպե առաջ: Այդ օրն առավոտյան Սիմոնը պետք է զորամաս վերադառնար…

Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2016 թվականի փետրվարի 5-ին` ժամը 03:55-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանը:

Փոխգնդապետը զանգեց, շատ հեշտ ու հանգիստ ասեց՝ ցավում եմ, որդիդ կյանքը տվեց հանուն հայրենիքի

Տղայի հարազատները Սիմոնի մահվան լուրն իմացել են առավոտյան 10:00-ի սահմաններում, սակայն տիկին Կարինեն դեպքի առաջին օրն է վատ կանխազգացում ունեցել.

«Սիմոնիս հետ խոսեցի ամսի 4-ի ցերեկը, ասեցի՝ բալես, զգոն կլինեք: Իրա տրամադրությունը դուրս չէր գալիս, ասում էր՝ մամ, արի, կարոտցել եմ: էդ օրը 4-ից 5 պակաս ահավոր վիճակում հայտնվեցի. հանկարծակի ցնցումների մեջ ընկա, սառնություն, դող ու խորը դատարկություն…Մի 15-20 րոպե տևեց: Դրանից հետո չէի կարողանում զանգահարել տղայիս, ոնց որ մեր միջև կապը կտրված լիներ»,- պատմում էր մայրը:

Միայն առավոտյան է տիկին Կարինեն կարողանում զանգահարել որդուն, սակայն հեռախոսին այդպես էլ ոչ ոք չի պատասխանում:

«Առավոտ 08:20-ից մինչև 09:20 զանգահարել եմ. ոչ մի պատասխան: Մտածեցի՝ պոստերից իջնում են, չխանգարեմ: Գնացի գոմ, մեկ էլ մեր բարեկամներից մեկն եկավ ու ասեց՝ արի գնանք տուն: Դրսի դուռը բացեցի տեսնեմ լիքը մարդ ա հավաքվել, ասում են՝ դու շատ ուժեղ ես: Հետո ստում, թե Սիմոնի ոտքին են խփել, երակն է պայթել, պետք ա գնամ: Գնացի ներս՝ դուռը փակեցի, որ մարդ չմտնի: Ում ասես զանգեցի, որ լուր իմանամ կամ չէին պատասխանում կամ էլ ասում էին՝ չգիտենք: Հեռախոսը դրեցի ու էդ պահին իրենց փոխգնդապետ Լալա Բաղդասարյանը զանգեց, շատ հեշտ ու հանգիստ՝ ասեց՝ ցավում եմ, որդիդ կյանքը տվեց հանուն հայրենիքի…»:

Սիմոնի ծնողները չեն հավատում, որ որդին սպանվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Նրանք նշում են, որ գուցե թեթևանար ցավը, եթե իմանային զոհվել է հայրենիքը պաշտպանելուց, սակայն անգամ հրամանատարն ու քննիչն են խոսքի «բացթողում» արել, որ Սիմոնը շատ բան գիտեր:

«Եկեղեցում դրված ժամանակ երկրորդ օրն իր փոխգնդապետը եկավ՝ Սիմոնիս գրպանի փաստաթղթերը տալու: Ինձ ասում ա՝ դու շատ բան գիտեիր, ինչո՞ւ ինձ չէիր զանգում ասում: Մի կողմից ասում են՝ դիպուկահարի գնդակ, մյուս կողմից՝ թե շատ բան գիտեիր: Ի՞նչ գիտեի ես, ախր ինչ էլ որ իմանայի՝ որդուցս պետք ա իմանայի: Գյումրիի քննիչի մոտ էլ գնացի, հարցնում եմ՝ տարբերակ չկա՞ր որդուս կյանքը փրկելու, ասում ա՝ ախր սա վաղուցվա մշակված ծրագիր էր»:

Դեպքից օրեր առաջ Սիմոնի ամենամոտ ընկերոջն անհայտ պատճառով տեղափոխել են այլ զորամաս: Տիկին Վարդուհին բացառում է, որ որդին սպանված լինի իր ընկեր զինծառայողների կողմից, քանի որ երբեք խնդիր չի չունեցել նրանցից ոչ ոքի հետ: Մայրը պնդում է՝ Սիմոնը սպանվել է «աֆիցեռների» կողմից, որ չխոսի, չհայտնի ինչ-որ կարևոր բան:

«Չէր կարող գլխի վրա առաջացած հրազենային վնասվածքը լինել 0,4*0,5 մմ տրամաչափի, սակայն արձակված լինել 0,86 մմ տրամաչափով գնդակից»

Ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը դեպքի վերաբերյալ կատարված դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններում բավականին շատ անհամապատասխանություններ ու սխալներ հայտնաբերեց, մասնավորապես, հրազենային վնասվածքի և զենքի: Մարտիրոսյանը վստահ հայտարարեց՝ չէր կարող գլխի վրա առաջացած հրազենային վնասվածքը լինել 0,4*0,5 մմ տրամաչափի, սակայն արձակված լինել 0,86 մմ տրամաչափով գնդակից։

«Համաձայն դատաբժշկական եզրակացության, Սիմոն Ճավռշյանի գլխի շրջանում՝ աջ ականջից քիչ վերև, հայտնաբերվել է մուտքի անցք, որն ունեցել է 4:5-ի վրա վերք, ինչը միանշանակ վկայում է այն մասին, որ կրակոցն արձակվել է 5,45 տրամաչափով АКС տեսակի զենքով, որը չի հանդիսանում դիպուկահարի զենք: Սակայն, դատաձգաբանը գրել է, որ իբր կրակոցն արձակվել է 8,6 մմ տրամաչափի դիպուկահար զենքի համար նախատեսված փամփուշտի գնդակով, այն դեպքում, երբ նրա տրամադրության տակ է գտնվել դատաբժշկական եզրակացությունը: Ըստ կեղծ վարկածի, կրակոցն արձակվել է գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ դժվար տեսանելիության մեջ, հակառակորդը չէր կարող АКС-ով կրակել»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Սիմոնը մահվանից առաջ բռնության է ենթարկվել

Դատաբժշկական եզրակացությունից տեղեկանում ենք, որ բացի հրազենային վնասվածքներից, Սիմոնի մարմնի վրա՝ ճակատին, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել է թվով 5 մարմնական վնասվածք, որոնք բութ առարկայով հարվածի հետևանք են եղել: Դատաբժիշկը նշում է իր եզրակացության մեջ, որ ճակատի վնասվածքը հասցվել է մահվանից 3-5 օր առաջ, սակայն նա չի նշում, թե կոնկրետ երբ են հասցվել մնացած 4 վնասվածքները: Ճակատի վնասվածքի շուրջ նա տալիս է սպառիչ տեղեկություն, սակայն ֆիքսելով մնացած 4 վնասվածքները, նա չի նշում՝ դրա՞նք էլ էին հասցվել օրեր առաջ, թե՞  մահվանից անմիջապես առաջ:

Փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հավելեց, որ պետք է կատարվեր նաև Սիմոնի հագուստի դատահետքաբանական փորձաքննություն: Բացի դրանից, պետք է փորձաքննության ուղարկվեին Սիմոնի և մյուս ծառայակիցների զենքերը, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք նրանցից որևէ մեկը չէր կրակել Սիմոնի վրա, արդյո՞ք նրանց փամփշտատուփից փամփուշտ չէր պակասել:

«Այս կեղծիքն ամբողջացնում է այն հանգամանքները, որ դեպքի վայրից հայտնաբերվել է թվով 2 գնդակների պարկուճներ, գնդակի բեկոր հիշեցնող 2 առարկա: Ընդ որում, ոչ թե դիտակետում,, այլ դրա հարևանությամբ՝ խրամուղու մեջ: Սիմոնի հագուստների վրայից հայտնաբերվել են մի շարք մեխանիկական վնասվածքներ, որոնք պատռվելու կամ քանդվելու հետևանքներ չէին: Թերի փորձաքննություն է տեղի ունեցել և անտեսվել այս կարևոր դետալները»,- հավելեց նա:

3 տարի առաջ որդուն կորցրած Կարինե Ճավռշյանի վերքը դեռ թարմ է: Մինչ օրս մայրը չի ընդունում առաջ քաշված այն պնդումը, թե որդին սպանվել է հակառակորդի կրակոցից՝ «հերոսի մահով»: Չնայած Պաշտպանության նախարարության կողմից որդու հուղարկավորությանը մասնակցեցին Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը, Սիմոնին հետմահու 3 մեդալ շնորհեցին, սակայն դրանք մոր կասկածը չփարատեցին.

«Ես չեմ պատրաստվում այլևս լռել, պայքարելու եմ անարդարության դեմ: Իմ ցավը մեծ ա, բայց տղուս հոգու հանգստությունը վեր ա ամեն ինչից»:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest