2017 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ,  Երևանի Հարավ-արևմտյան թաղմասում «Ելք» դաշինքի աջակիցների վրա զինված հարձակման գործով այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում որպես վկա ցուցմունք տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես դատարանից թաքցնելու բան չունեմ և պատրաստ եմ բոլոր հարցերին մանրամասն պատասխանել», — դատարանին ասաց Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ եթե որևէ բան չհիշի, ապա կարող են իր նախաքննական ցուցմունքը հրապարակել․

«Այո, Հայկ Սարգսյանին ճանաչում․ եմ մեր շտաբի պետն է եղել, ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել։ Արթուր Այվազյանի հետ անձամբ առաջին անգամ եմ հանդիպել, բայց իմ ԱԺ  պատգամավոր եղած ժամանակ նրանից նամակներ եմ ստացել։ Խորհրդարանական ընտրությունների նախօրդ օրը ես տանն էի, զանգեցին ինձ, եթե չեմ սխալվում՝ Ալեն Սիմոնյանն ինձ զանգեց ու ասաց, որ տղաների վրա հարձակում է եղել՝ Հայկ Սարգսյանի։ Ես գիտեի, որ նախընտրական շրջանի վերջին օրն էր և Հայկին խնդրել էի վերջին ժամերն օգտագործել»,-ասաց նա, մանրամասնելով, որ ինքը փորձեցել է զանգել Հայկին, բայց վերջինս  չի պատասխանել, հետո Ալեն Սիմոնյանի միջոցով փորձել է կապ հաստատել, սակայն  իրեն փոխանցել են, որ միջադեպ է եղել․«Ես ասացի, որ արագ լքեն տարածքը և գան նախընտրական շտաբ»։

Նիկոլ Փաշինյանն այդ ընթացքում դուրս է եկել տնից և գնացել նախընտրական շտաբ․

«Ինձ պատմեցին, որ իրենք երբ շենքում են եղել, մի քանի քաղաքացիներ եկել են ու հարցրել, թե ինչ իրավունքով են օգտագործում ՀՀ պետական դրոշը, վերցրել են այն, մեր տղաները դրոշը հետ են պահանջել, և այդ դրոշը տեղափոխող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին։ Մեր մարդիկ միջամտել են, թույլ չեն տվել, որ հարվածները շատանան, այդ անձը հանել է զենքը և պահել է Հայկի վրա, մեր մարդկանցից մեկը հարվածել է նրա ձեռքին, զենքն ընկել է։ Հետո, երբ ես իմացա՝ այդ զենքի մասին ա, ասացի, որ ինձ ցույց տան, ես դա նկարել եմ, ահազանգել եմ ոստիկանություն, զենքը, առանց ձեռք տալու, նկարել եմ ուղիղ եթերով»,-ասաց նա, մանրամասնելով, որ իր էջում ցուցադրել է զենքը և պատմել, թե ի՞նչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ։

Վարչապետը նշեց, որ Հայկ Սարգսյանը հրաժարվել է, որ իրեն հասցված վնասվածքները նկարի և հևապարակի Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը տեսել է, որ զենքի ներսում մարտական փամփուշտներ կային, սակայն չմտաբերեց, թե ինչպես է զենքը հանձնվել ոստիկաններին։

Հավելենք, որ տևական ժամանակ էր, ինչ այս գործով նիստերը տեղի չէին ունենում Փաշինյանի չներկայանալու պատճառով: 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 31.03.2017թ․ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող․ թ․ 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում զենք է գործադրվել: Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest