«ՊՊԾ գնդի տարածքում սպառնալիքներ չեն եղել, բայց զինված են եղել: Ես ազատ շրջել եմ գնդի տարածքում, բայց տարածքից դուրս գալու փորձ չեմ արել»,- «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննության ժամանակ հայտարարեց գործով տուժող ճանաչված Հովհաննես Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հանդիսանում է Շտապ օգնության աշխատակից, գնդում հայտնվել է 2016 թվականի հուլիսին: Հարցաքննության ժամանակ պատմեց, որ գնդի տարածքում հերթապահ է եղել, ասել են՝ վիրավոր կա, մտեք։

«Մտա, ներսում Սմբատն ու Մխիթարն էին վիրավոր: Եթե չեմ սխալվում, «ԿՌԱԶ»-ի մեջ էին վնասվածքը ստացել։ Ինչքան հիշում եմ երկուսին էլ առաջին բժշկական օգնություն եմ ցուցաբերել: Հետո մնացինք երեկոյան հերթափոխի։ Ներսում բոլորին հանդիպել եմ, զինված էին, ինչքանին որ տեսել եմ, զինված էին»,- նշեց տուժողը:

Շտապ օգնության աշխատակիցը ոստիկան Գագիկ Մկրտչյանին գնդի տարածքում չի տեսել, այլ՝ հիվանդանոցում, սակայն չի հաղորդակցվել նրա հետ։

Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննականա ցուցմունքները, նշելով, որ ցուցմունքներում էական հակասություններ կան: Միջնորդությունը բավարարվեց:

Նախաքննական ցուցմունքում տուժողը նշել է, որ տարածքում տեսել է բենզինով լցված սպիտակ շշեր, ինչպես նաև վեց ոստիկանների, որոնց խմբի անդամները պատանդ էին վերցրել, այդ թվում՝ Օսիպյանին և Եղիազարյանին։ Հովհաննիսյանին նախաքննության ընթացքում ցույց են տվել «Սասնա Ծռեր» անդամների լուսանկարները, ինչից հետո նա սկսել է նկարագրել, թե յուրաքանչյուրն ինչպես են իրենց դրսևորել։

«Պավել Մանուկյանը խմբի ղեկավար էր, նա մշտապես զինված էր, ղեկավարում էր խմբի մյուս անդամների գործողությունները։ Տիգրան Մանուկյանը նույնպես զինված էր, որքանով ինձ մոտ տպավորվել է՝ Տիգրանը քչախոս էր։ Ես հերթապահության ժամանակ գտնվում էի նույն հարկում, բայց ինձ չէին թողնում լինեի պատանդների հետ։ Սերգեյ Կյուրեղյանին տեսել եմ առաջին հերթապահության ժամանակ միայն։ Արամ Հակոբյանին տեսել եմ, երբ խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Սմբատ Բարսեղյանն ակտիվ անձնավորություն էր, ով ինձ ասում էր, որ հսկում է գնդի շենքերի տանիքները: Նա ուներ գնդակային վիրավորում, վնասվածք, ես իր վերքը մշակել եմ։ Սմբատն ինձ պատմել է, որ գունդը զավթելուց իր ուղղությամբ կրակել են, ինքն էլ է կրակել»,- նախաքննական իր ցուցմունքում հայտնել էր Հովհաննիսյանը։

Հարցաքննության ավարտին տուժող Հովհաննես Հովհաննիսյանը չառարկեց, որ խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:

Ավարտված համարելով տուժողի հարցաքննությունը, դատարանի հայտարարեց, որ հաջորդ նիստին դատարանը քայլեր կձեռնարկի և նիստերի դահլիճում կհրապարակվի Վահրամ Տեփանոսյանի մատնանշած փաստերն ու տեսանյութն այն մասին, որ որդին սպանվել է ոչ թե «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից, այլ՝ ոստիկանների:

Դատական նիստն ավարվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի ապրիլի 10-ին:

Հավելենք, որ նիստին զուգահետ դատարանի դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում: «Սասնա Ծռեր» համակիրները բողոքում էին դատարանի որոշման դեմ և պահանջում վերանայել այն: Դատարանը, պայմանավորված նախորդ նիստի ժամանակ որոշ համակիրների դրսևորած վարքագծով, որոշում էր կայացրել նիստը շարունակել դռնփակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում էր «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Նրանցից 8-ն այս պահին ազատության մեջ են. նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, ստորագրությամն կամ անձնական երաշխավորությամբ: Անազատության մեջ են գտնվում Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Նրանց է վերագրվում ՊՊԾ գնդում 3 ոստիկանների սպանությունը:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest