«Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով: Այսինքն, ինչ մենք նախանշել էինք մարտի 12-ին Ստեփանակերտում ՀՀ-ի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում: Սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք է կամ նախապայման»,- ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններին և դրա շուրջ զարգացումներին:

Վարչապետը դրական է գնահատում Ալիևի հետ հանդիպումը, նշելով, որ այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր մշակույթ է ձևավորվում, երբ հանդիպումներից հետո չեն փնտրվում հաղթողներ ու պարտվողներ: Փաշինյանի կարծիքով շատ կարևոր է, որ հանդիպումից հետո կողմերն իրենց մեկնաբանություններում հնարավորինս առաջնորդվեն այն տրամաբանությամբ, որ ոչ թե դիմացի կողմին ինչ-որ ձևով վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը և բանակցային տրամաբանության ոգուն:

«Բանակցությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի մեկնաբանություններում կան հին, իներցիոն տեքստեր: Բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է ինչ-որ ձևով մոռանանք հին ու կրկնող տեքստերը, որոնք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը և պետք է նոր մոտեցումներով առաջնորդվենք բանակցային գործընթացում: Սա այն է, ինչ Հայաստանն առաջարկում է:

Մեզ համար չափազանց կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ մնալ բանակցային տրամաբանության շրջանակներում: Սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում՝ համանախագահների և ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի նկատառմամբ, երբ ադրբեջանական կողմն ասում է, որ կարևորն այն է, որ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ, նրանք ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել:

«Սա նախ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ-որ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք՝ չփնտրել հաղթողների ու պարտվողները: Ղարաբաղի մասնակցության վրա շեշտելով և նման հարց դնելով, մենք ընդհանրապես բանակցային ֆորմատի փոփոխման հարց չենք դրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային ֆորմատն ընդհարապես կասկածի տակ չէ: Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատը: Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում և այս առումով մենք բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»:

Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ համատեղ հայտարարության տեքստում հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև արձանագրվեց՝ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի և առավել ուժեղացվի: Այն պրոցեսը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է և ըստ անհրաժեշտության պետք է քննարկվի, թե էլ ինչ քայլեր  պետք է ձեռնարկվեն կամ ընթացիկ վիճակն ինչպես պետք է առավել համապատասխանեցվեն հրադադարի ռեժիմին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Pin It on Pinterest