«Մանվել Գրիգորյանն ունի մոտ 20 հիվանդություն, պետք է լինի բժիշկների մշտական հսկողության տակ, հենց այս հիմքով է արդեն 2 օր Գրիգորյանը գտնվում քաղաքացիական հիվանդանոցում»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Դեռ օրեր առաջ էր պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրել այն մասին, որ Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է և նրան անհրաժեշտ է ստացիոնար բուժօգնություն: Փաստաբանը, սակայն, չկարողացավ ասել՝ իրե՞նց միջնորդության հիման վրա է տեղափոխվել հիվանդանոց, թե՞ հաշվի է առնվել Գրիգորյանի առողջական բացասական դինամիկան:

«Խրոնիկ ձևով դեղեր և ներարկումներ է ստանում: Պատկերացրեք՝ օրական 100 միավոր ինսուլին է սրսկվում, որը նշանակում է, որ կյանքին վտանգ է սպառնում արդեն: Առողջական նման վիճակով կալանքի տակ պահելը դասական խոշտանգում է»,- արձանագրեց փաստաբան Բաղդասարյանը:

«Նաիրի» ԲԿ-ի փոխտնօրեն Անատոլի Գնունին Forrights-ին փոխանցեց, որ Մանվել Գրիգորյանն իրենց մոտ է տեղափոխվել Քրեակատարողական վարչության ուղեգրի հիման վրա՝ բուժում ստանալու նպատակով: Այս պահին Գրիգորյանի հիվանդության՝ Շաքարային դիաբետի սրացում է առաջ եկել, որի համար էլ ստանում է անհրաժեշտ բուժգնությունը: Հարցին, թե դեռ քանի օր անհրաժեշտ կլինի, որ Գրիգորյանը մնա «Նաիրի» ԲԿ-ում, բժիշկ Գնունին պատասխանեց.

«Մանվել Գրիգորյանը հիվանդանոց է ընդունվել ոչ թե զուտ պրոֆիլակտիկ ստուգման նպատակով, այլ՝ բուժվելու, ուստի դեռ չեմ կարող ասել, թե քանի օր կմնա մեզ մոտ»:

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և կալանքը հետ դրա անհամատեղելիության հարցը բարձրացվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: 2019 թվականի մարտի 12-ին պաշտպանական կողմը դիմել էր ՄԻԵԴ և խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, վերջինս միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության  տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

«ՄԻԵԴ-ը պահանջեց մեզնից համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ անձը գտնվում է կալանքի տակ, ունի հիվանդություններ և առողջական վիճակի բացասական դինամիկա: Բոլոր փաստաթղթերն ուղարկեցինք, ինչից հետո, համաձայն ՄԻԵԴ-ի ընթացակարգի, նրանք էլ Կառավարությունից պահանջեցին մինչև ապրիլի 2-ը ներկայացնել իրենց դիրքորոշումն ու իրենց բժշկական փաստաթղթերը Գրիգորյանի առողջության հետ կապված»,- նշեց Լևոն Բաղդասարյանը:

Ըստ ՄԻԵԴ—ի ընթացակարգի, Կառավարության փաստաթղթերը հանձնելոց հետո, դրանք կտրամադրվեն պաշտպանական կողմին կամ որպես ի գիտություն, կամ էլ դրանց վերաբերյալ պաշտպանները կներկայացնեն իրենց դիրքորոշումը և առարկությունները, ինչից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր գնահատականը կտա:

Հավելենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը պատժի հետ անհամատեղելի հիվանդություններ չունի.

«Թե´ առաջնային և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով՝ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»,- ասում է ՀՔԾ-ն:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց, որը մերժվել էր:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest