«Չեմ ուզում գործը հասնի դատարան, պետության հետ որևէ խնդիր ունենալ չեմ ուզում»,- Forrights_ի հետ զրույցում նշեց 2 երեխաների մայր Նատալիան:

Օրեր առաջ Forrights-ը գրել էր 7-ամյա Էդմոնդի մասին, ով հաշմանդամության կարգավիճակ ունի, սակայն 4 ամիս է  զրկված է նպաստից։

Մարտի 20-ին Էդմոնդի մայրը՝ Նատալիան զանգահարեց forrights և հայտնեց որ ՀՀ  սոցիալական  ծառայությունից իրեն են ներկայացրել մի փաստաթուղթ, որով Նատալիան պարտավորվում է 5 օրվա ընթացքում պատասխանել՝  հե՞տ է վերադարձնելու որդու համար մինչ այժմ ստացած հաշմանդամության թոշակը, թե՞ դատարանում է վիճարկելու դա։

Ստեղծված իրավիճակը պարզելու համար զանգահարեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանին, ով ասաց, որ դեռ ամբողջությամբ չի տիրապետում  նշված գործի մանրամասներին և չի կարող որևէ բան ասել։ Բայց քանի դեռ գործը ուսումնասիրված չէ՝ Նատալիային ոչ մեկ չի անհանգստացնի։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն էլ  հավաստիացրեց, որ Նատալիային ուղարկված ծանուցումը զուտ բյուրոկրատական գործընթացի մաս է, և Նատալիայի գործը դատարան չի գնա, քանի դեռ ամբողջովին ուսումնասիրված չէ։

Այս շաբաթ Նատալիային կընդունեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝  խնդրին որևէ լուծում տալու համար։

Հիշեցնեն, որ Նատալիայի 2 տղաները՝ 7 տարեկան Էդմոնդը և 4 տարեկան Գոռը մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) պատճառով հաշմանդամության կարգավիճակ ունեն։ Չորս ամիս առաջ, առանց Նատալիային զգուշացնելու, Էդմոնդին զրկել են հաշմանդամության 21․500 դրամ թոշակից, պատճառաբանելով, թե երեխան Հայաստանում գրանցում չունի։

Ռաֆիկ Ենգիբարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest