Նատալիայի 2 տղաները՝ 7 տարեկան Էդմոնդը և 4 տարեկան Գոռը մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) պատճառով հաշմանդամության կարգավիճակ ունեն։ Չորս ամիս առաջ, առանց Նատալիային զգուշացնելու, Էդմոնդին զրկել են հաշմանդամության 21․500 դրամ թոշակից, պատճառաբանելով, թե երեխան Հայաստանում գրանցում չունի։

Նատալիայի երկու տղաներն էլ Հնդկաստանի քաղաքացիներ են, բայց Հայաստանում կացության թույլտվություն են ստացել և դեռ չորս ամիս առաջ հաշմանդամության թոշակ էին ստանում։ Կացության իրավունքի 5 ամյա ժամկետի լրանալուց հետո՝ անձնագրային վարչությունը, 2017 թվականի մայիսին, երեխաներից մեկին՝ Էդմոնդին դուրս է հանել գրանցումից՝ առանց Նատալիային զգուշացնելու, այդպիսով նաև զրկելով նրան հաշմանդամության թոշակից։

2017-ի մայիսից Նատալիային տրամադրվել է ավագ որդու հաշմանդամության թոշակը, բայց նա չի իմացել, որ իր երեխային  ավտոմատ կերպով դուրս  են  հանել գրանցումից։ Իսկ օրերս ծանուցում է ստացել, որով նրանից պահանջում են հետ վերադարձնել Էդմոնդին հատկացված հաշմանդամության թոշակը՝ պատճառաբանելով, որ 2017 թվականի մայիսից մինչև 2019 թվականի փետրվար  Էդմոնդը Հայաստանում գրանցված չի եղել։ Սակայն, Նատալիան  2017 թվականի օգոստոսին ոստիկանությունից ստացել է  ՀՀ-ում բնակության վերաբերյալ տեղեկանք, ինչը հնարավոր չէր լինի ստանալ, եթե երեխան Հայաստանում իրավաբանական  որևէ կարգավիճակ չունենար։

«Էդմոնդին դպրոց տանելու համար ես 2017 թվականի օգոստոսին ոստիկանությունից տեղեկանք եմ վերցրել, որ երեխաս Հայաստանում է ապրում, եթե տղաս հաշվառված չի եղել, ապա ինչպես են ոստիկանությունից ինձ տեղեկանք տրամադրել»

Հատկանշական է նաև այն, թե ինչպես են Նատալիայի տղային ընդհանրապես հաշմանդամության թոշակ տրամադրել, եթե  նա 2017-ի մայիսից ՀՀ-ում գրանցում չի ունեցել։

«Չեմ հասկանում, թե ոնց կարող էր տղաս թոշակ ստանալ, եթե գրանցված չի եղել, էդ դեպքում ու՞մ էին ուղարկում թոշակ։ Արդեն քանի անգամ է դիմում եմ անձնագրային վարչություն, էնտեղից ինձ ուղարկում են Սոցիալական ապահովության ծառայություն, էնտեղից նախարարություն, չգիտեմ էլ ում դիմեմ»

Նատալիան նամակագրություն է ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ, վերջինս հեռախոսահամար է խնդրել Նատալիայից, բայց այդպես էլ չի զանգահարել։

« Ճարահատյալ գնացի նախարարություն, գոռգոռացի, հուզվեցի ու երևի թե ինձ ցրելու համար հերթագրման կտրոն տվեցին, որ չորեքշաբթի ներկայանամ, բայց ասացին, որ կտրոնին ուշադրություն չդարձնեմ, գնամ այն ժամանակ, երբ իրենք կզանգեն կկանչեն»։

Սոցիալական ապահովության ծառայությունում Նատալիային ասում են, որ իր տղան գրանցումից հանված չէ, մյուս կողմից ծանուցում են ուղարկում գրանցում չունենալու մասին։

«ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունքում ասացին,որ կարող եմ հարևանների ստորագրությունները ներկայացնել որպես ապացույց, որ 2017-ից տղաս ապրել է նշված հասցեում, տարա ստորագրությունները, ասացին որ դա էլ նշանակություն չունի»

Երեկ՝ մարտի 18-ին Նատալիան այցելել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունք և բացատրություն պահանջել իրեն տրված տեղեկանքի համար, Շենգավիթի բաժնի պետ Հովսեփ Գևորգյանը Forrights-ի հետ զրույցում ասաց, որ Նատալիայի որդու գրանցման մասին տեղեկանքը տրվել է սխալմամբ։

«Քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունը տիրապետում են նույն բազային, այդ իսկ պատճառով մեզ մոտ սխալմունք է տեղի ունեցել, որովհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  ռեգիստրից չի հանել Նատալիայի երեխային։ Սոցապ նախարարությունը չի կարող հետ պահանջել Նատալիայի որդու հաշմանդամության թոշակը, քանի որ դա անօրինական է»։

Այսօր Նատալիայից տեղեկացանք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից զանգահարել են իրեն և մարտի 20-ին ընդունելություն նշանակել, բացի այդ այսօր Նատալիային ընդունել է նաև ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունքի պետ Հովսեփ Գևորգյանը, ով հայտնել է, որ Նատալիան գրանցման հետ կապված որևէ խնդիր չունի։

Ռաֆիկ Ենգիբարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest