Շուռնուխի դեպքերի վերաբերյալ դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու համար՝ արդյոք տուժողներին պատճառվել է ֆիզիկական վնասից բացի այլ վնաս։

Նշենք, որ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը բողոքարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Քրեական գործը կարճելու որոշումը բողոքարկվել էր դատարան այն հիմնավորումներով, որ գործը քննելիս հաշվի չեն առնվել այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են հանցագործության շարժառիթը և տուժողներին պատճառված հոգեկան տառապանքը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փաստել է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ՍԿԳԻ հիմքով բռնություն գործադրելիս անձանց կարող է պատճառվել նաև բարոյական վնաս։

Դատարանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ բռնությունը պայմանավորված է եղել տուժողների [իրական կամ ենթադրյալ] սեռական կողմորոշման և գենդերային ինքնության նկատմամբ բռնարարների ատելությամբ։

Դատարանը, արձանագրելով տուժողների իրավունքների խախտում, պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու այդ խախտումները։

Արդյունքում՝ գործի քննությունը վերսկսում է, ուստի տուժող կողմը հնարավորություն կունենա վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել նրա կողմից անուշադրության մատնված հանգամանքների վրա և լրացնել քննության բացթողումները:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 3-ին Գորիսի մոտակայքում գտնվող Շուռնուխ գյուղում մոտ 30 հոգի հարձակվել էր 9-ը երիտասարդների վրա, հայհոյել ծեծել, քարերով հարվածել ու վտարել գյուղից: Հարձակման պատճառը երիտասարդներից մի քանիսի սեռական կողմնորոշումն էր:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest