Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքի դիմացի հատվածն այսօր կրկին բաժանված էր 2 մասի՝ մի կողմում հավաքվել էին «Սասնա Ծռեր» խմբավորման համակիրները, մյուսում՝ ոստիկանական պատնեշը։ Պատճառը՝ նախորդ նիստին դատարանի կայացրած որոշումն էր, համաձայն որի այսուհետ նիստն անցկացվելու է դռնփակ՝ բացառությամբ լրատվամիջոցների:

Համակիրները «Ազատություն ապստամբներին», «Ոչ սաբոտաժին», «Արդար դատավարություն» պաստառներով բողոքի ակցիա էին իրականացնում նիստը դռնփակ շարունակելու դեմ։

Նիստի մեկնարկին պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին միջնորդեց վեանայել որոշումը և նիստը շարունակել դռնբաց։ Միջնորդություն հիմքում պաշտպանը նշեց, դռնփակ ռեժիմով խախտվում է քրեական գործի հրապարակայնության իրավունքը.

«Դահլիճում նստած անձանցից ոչ բոլորն էին աղմկում, ուստի սխալ է բոլորի նկատմամբ կիրառել նույն «պատիժը»»,- նշեց պաշտպանը։

Ամբաստանյալներից Արմեն Բիլյանը, ով այս պահին անազատության մեջ է գտնվում, դատարանին հայտնեց, որ դատարանի դահլիճում էին գտնում իր հարազատները, որոնք դատավարության ողջ ընթացքում երբևէ չեն խախտել դատավարական կարգը.

«Իրենք մեղավոր չեն մյուսների արարքների համար»,- նշեց նա։

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ, շեշտելով, որ դատարանն արդեն մեկ անգամ հնարավորություն տվել է համակիրներին վերանայել իրենց վարքագիծը՝ դռնփակ նիստը դարձնելով դռնբաց, սակայն դահլիճում գտնվող անձիք կրկին խախտեցին դատավարական կարգը.

«Պաշտպանին հակադարձելով ասեմ, որ չի խախտվում հրապարակայնության իրավունքը, քանի որ դատական նիստն այս պահին լուսաբանում են երկու տասնյակ լրագրողներ, կան նաև լրատվամիջոցներ, որոնք ապահովում են ուղիղ եթերը»,- հայտարարեց դատախազ Պետրոսյանը։

Դատարանը որոշում կայացրեց միջնորդությունը մերժել, նշելով, որ դահլիճում գտնվող անձանց մեկ անգամ հնարավորություն ընձեռնվել է վերանայելու իրենց վարքագիծը, սակայն նրանք շարունակել են խախտել դատավարական կարգը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին՝ տուժողների հարցաքննության ժամանակ, դահլիճում գտնվող «Սասնա Ծռեր» համակիրների մի մասը խախտել է դատավարական կարգը և վիրավորանքներով և վանկարկումներով խաթարել նիստի բնականոն ընթացքը։ Դատարանը որոշում էր կայացրել նիստը շարունակել դռնփակ ռեժիմով։

Հավելենք, որ նմանատիպ դեպք պատահել էր նաև նախորդ նիստերից մեկի ժամանակ։ Դատարանը կրկին որոշում էր կայացրել նիստն անցկացնել դռնփակ, սակայն հաջորդ նիստին վերանայել էր որոշումը և թույլատրել համակիրների մուտքը նիստերի դահլիճ։ Այս պահին շարունակվում է գործով տուժող ճանաչված անձանց հարցաքննությունը։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest