Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը «Մարտի 1» կապակցությամբ:

«Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց: Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության ութ քաղաքացիներ սպանվեցին, ևս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից», — հայտարարեց վարչապետը:

«Զոհերից հինգը ստացել են հրազենային վնասվածքներ, երեք հոգի զոհվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումից, մեկ հոգի՝ բեկորային վնասվածքից, մեկ հոգի՝ բութ գործիքի հարվածից առաջացած վնասվածքից», — նշեց Փաշինյանը:


«Այդ իրադարձություններից 11 տարի անց ահա չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին, և հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը», — շեշտեց Փաշինյանը՝ շարունակելով․ — «Մարտի 1-ի զոհերը Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադևոսյանը, Տիգրան Աբգարյանը չեն միայն, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար, որովհետև մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պետրոսյանն է՝ ծնված 1974 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքում: Մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանի վրա, բայց հաստատ իմացել է, որ կրակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա: Հետևաբար, Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է»:

Վարչապետն ընդգծեց՝ «Նաև արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից», — ասաց Հայաստանի վարչապետը: — «Ներողություն եմ խնդրում նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, և այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն»:

«Հայաստանը իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր: Սա չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում այլևս չկան ապօրինությունների, իրավունքների ոտնահարման, նույնիսկ կաշառքի ու բռնության դեպքեր: Նման դեպքեր, ցավոք սրտի, դեռ կան, կարող են լինել: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է ու համակարգողը, այլ հակառակորդը ու հակոտնյան: Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն, որովհետև ժողովուրդը և կառավարությունը միասնական են, իսկ այսպիսի միասնությունը անպարտելի է ու աներեր», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ամփոփեց․ — «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր գարուն է: Այս գարունը դուք եք բերել Հայաստանին»:

Ուղերձն ամբողջությամբ տեսանյութում՝

Pin It on Pinterest