Արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող մարմնի ղեկավարը՝ արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը վստահ է, որ ներկայումս կալանքն ավելի քիչ է կիրառվում:  «Հիմա ավելի քիչ է կիրառվում կալանքը` որպես խափանման միջոց։ Երկարատև  դատաքննությունների փուլում ամբաստանյալը ազատ է արձակվում, որովհետև դժվար է ապահովել այս բոլորի միաժամանակյա ներկա գտնվելը, և անձը, որի մեղքը դեռևս հաստատված չէ, ազատվում է կալանքից, եթե դրա անհրաժեշտությունն այլևս վերացած է»։ Իրականությունը այլ է: Դատավորները ավանդույթին հավատարիմ, շարունակում են մնալ վարույթն իրականացնող մարմնի դաշնակիցը: Կալանավորված անձինք, որոնց մեղքը դեռ ապացուցված չէ, հաճախ առանց որևէ հիմքի ամիսներով պահվում են բերդերում, ծանր բեռ դառնալով պետության և իրենց հարազատների ուսերին:

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի վերաբերյալ երեք անգամ կալանավորման որոշում է եղել: Հիշեցնենք՝ նա մեղադրվում է  Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության ընթացքում սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող գործարար Վահագն Աբգարյանից 5000 դոլար կաշառք ստանալու և նրա օգտին գործողություններ կատարելու մեջ /քր. օր. 308, 311 հոդվածներով/:  Նույն  գործով մեղադրվում է նաև ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը: Շուշանյանի գործը դատարանը ստացել է անցյալ տարի սեպտեմբերի 6-ին: Երկու անգամ դատարան է փոխվել, երեք անգամ՝ դատավոր: Սեպտեմբերից մինչ օրս 4- 5 նիստ է կայացել, և բուն դատաքննությունը դեռ չի սկսվել:

Փետրվարի 13-ին վեցերրորդ դատական նիստն էր: Շուշանյանի  պաշտպան Հայկ Ալումյանը նախ միջնորդեց դատարանին փոխել նախկինում չդատված, պատասխանատու պաշտոն զբաղեցնող արդարադատության գնդապետ Շուշանյանի խափանման միջոցը, այն փոխարինելով գրավով: Ապա փոխեց իր իսկ միջնորդությունը, պահանջելով ազատ արձակել Շուշանյանին, իսկ այդ պահանջը չբավարարելու դեմքում միայն փոխել նրա խափանման միջոցը գրավով, գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Միջնորդությունն Ալումյանը հիմնավորեց նրանով, որ Թաթուլ Շուշանյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել և ժամանակի հետ նրա կալանքի հիմքերը վերացել են, իսկ կալանավորման պայմանները եղել են ապօրինի:

«Ես միջնորդում եմ կալանքից ազատ արձակել Թաթուլ Շուշանյանին, այն պատճառաբանությամբ, որ նախորդ ժամանակաշրջանում դատարանը ջանասիրություն չի դրսևորել գործի քննությունն իրականացնելիս և դրան գումարած՝ ժամանակի ընթացքում կալանավորման հիմքերը վերացել են», — ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը դատարանում կալանքը քննելու ժամանակ խոստովանել է, որ երկու ամսում ոչինչ չի արել:

Այս անգործության փաստումն ինքնին հիմք էր կալանքը երկարաձգելու միջնորդությունը մերժելու, սակայն դատարանը անտեսել է այս հանգամանքը:  Ըստ Ալումյանի, ապօրինություն է նաև այն, որ Շուշանյանի կալանքը սահմանվել է անժամկետ. «Ասել եք կալանավորում, առանց սահմանելու կալանավորման ժամկետը», — ասաց նա: 

Շուշանյանի պաշտպաններից Ամրամ Մակիյանը իր ելույթում հայտարարեց. «Տպավորություն ունեմ, որ դատարանը կանխակալ մոտեցում ունի կալանքի կիրառման հարցում»: Խոսեց նաև Թաթուլ Շուշանյանը: Ասաց,  որ որպես նախկին իրավապահ երբեք իրեն թույլ չի տա որևէ կերպ խոչընդոտել քննությանը: Կալանքից առավել, նրան հուզել էր իր հասցեին կեղծ տեղեկությունների տարածումը հեռուստատեսությամբ:

Վերջերս «Սուր անկյուն» հեռուստահաղորդման հյուր, փաստաբան Լուսինե Սահակյանը, որը Կամո Փիրուզյանի իրավահաջորդի պաշտպանն է, ասել էր, որ Թաթուլ Շուշանյանը Ալավերդում հայտնի Վահագն Աբգարյանի սանիկն է: «Դա զրպարտություն է: Ես որևէ քավոր-սանիկական, կամ այլ հարաբերությունների մեջ Վահագն Աբգարյանի հետ չեմ եղել», — ասաց Թաթուլ Շուշանյանը:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը այս փուլում, երբ ապացույցները հետազոտված չեն և վկաները հարցաքննված չեն, կալանքի վերացման մասին  խոսելը վաղ է: Կամո Փիրուզյանին ներկայացնող Լուսինե Սահակյանը ևս առարկեց միջնորդությանը: Ըստ նրա, կարևոր է ոչ թե ժամանակի գործոնը, այլ գործի զարգացման, ինչն առայժմ տեղի չի ունեցել՝ վկաներ չեն հարցաքննվել, ապացույցներ չեն հետազոտվել, կալանքի անհրաժեշտությունը չի նվազել: 

Լուսինե Սահակյանը ներկաների ուշադրությունը գրավեց այն հանքամանքի վրա, որ խափանման միջոց կալանքը ընտրվել է դատարանի  կողմից նախապատրաստական փուլում: «Դրանից հետո ոչինչ չի փոխվել, բացի այն, որ եկել ենք այստեղ, սպասել ենք Շուշանյանի պաշտպաններին, նրանք չեն եկել և մենք թողել, գնացել ենք:  Եթե դատական նիստերը պաշտպանական կողմի մեղքով են հետաձգվում և ողջամիտ ժամկետում չեն քննվում, ապա ողջամնիտ ժամկետն երում չքննելու արդյունքում իրավունքի խախտում առկա չէ, որովհետև դա եղել է պաշտպանական կողմի մեղքով»:

Նրան առարկեց Հայկ Ալումյանը, հստակ օրինակներ բերելով: Պարզվում է, դեկտեմբերին նշանակված  դատական նիստի մասին ինքը ծանուցվել է հունվարին, իսկ հունվարի նիստի մասին մեկ ամիս անց՝ փետրվարին: Հայկ Ալումյանը միտում է նկատում՝ երբ ոչ պատշաճ ծանուցվում է  միայն  պաշտպանական կողմը:

Դատավոր Աննա Մաթևոսյանն էլ առարկեց, թե մեղավորը փոստային ծառայություններն են, ոչ թե դատարանը: Ստացվում է, բոլորի սխալների համար՝ ոչ պատշաճ ծանուցողների, դատարանի, փոստային ծառայության, չներկայացող կողմերի, վճարում է  կալանավորը՝ իր կյանքի թանկարժեք օրերով: Երկու ժամ տևած քննությունից հետո դատարանը մտավ խորհրդակցական սենյակ և քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը թողնել անփոփոխ։  

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest