Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հարգելի՛ պրն. Փաշինյան, ․

Արդեն երկրորդ անգամ եմ դիմում  Ձեզ՝ բաց նամակով, բայց այս անգամ ոչ թե իմ հանդեպ կայացրած դատավճռի համար, որն անհիմն է, կեղծ, շինծու, առանց ապացույցների և առանց հիմնավորման, այլ գրում եմ Ձեզ՝ որպես 92 ցմահ դատապարտյալներից մեկը։

Շատ ուշադիր լինելով, թե նախկին իշխանության վերաբերմունքը ցմահների հանդեպ և Ձեր՝ ընդդիմադիր եղած ժամանակ ելույթներն ու դիտարկումները ցմահների խնդիրներին,… ու հիմա, երբ արդեն Դուք իշխանության բուրգի գլխավերևում կանգնած իշխանավոր եք, հույս ունեինք, որ Դուք անկաշկանդ կգնայիք այդ քայլին և վերջապես կլուծեիք 25 տարի բարձրացվող խնդիրները։

Քաջ գիտակցում եմ, թե որքան բարդ է ցմահ դատապարտյալներիս խնդիրներին լուծում տալը։ Որտե՞ղ մնացին թավշյա հեղափոխության գաղափարները, և օրենքը բոլորի համար հավասարությունը։ Ինչո՞ւ պետք է օրենքն ամրագրված լինի բոլորի համար, բայց չգործի ցմահների դեպքում և ո՞ւմ է ձեռնտու դա։

2015թ. Դուք հանդիպել եք ցմահ դատապարտիալներիս հետ և ծանոթանալով մեր ներկայացրած խնդիրներին՝ եկել եք այն եզրահանգման, որ ցմահների շրջանում իրոք կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան։ Եվ հիմա, երբ իշխանությունը պատկանում է Ձեր խմբակցությանը, համաներումից առաջ Ձեր հայտնի ասուլիսի ժամանակ շեշտեցիք, որ ցմահ դատապարտիալների քրգործերը պետք է անհատապես վերանայվի..ի՞նչ փոխվեց հիմա։ Մի՞թե ստիպելու եք հավատալ այն մտքին, որ ցմահ դատապարտյալների համար Եվրոպայից եկող գումարներից չկտրվելու համար Դուք նախընտրել եք խաչ քաշել ցմահների վրա և փակել նրանց հարցը, թողնելով միայն 25 տարի հետո վաղաժամկետ ազատման վրա։ Մոռանալով նաև, որ նախկին իշխանության դատական համակարգի ու շինծու քրգործերի արդյունքում ցմահ դատապարտյալներիս մեջ կան անմեղ մարդիք։

Մի՛ արեք դա, մի՛ նմանվեք նախորդներին։ Դուք էիք, որ ժողովրդի առաջնորդի դերում եկաք իշխանության, կոչերով հանդես եկաք, որ նախկին իշխանության օրոք դատական համակարգը եղել է կոռումպացված և վճիռները կայացվել են Բաղրամյան 26-ից։ Ո՞ւր մնացին Ձեր խոստումները։ Մի՞թե ստիպելու եք ցմահներին ամեն օր հոգեպես մահ վերապրել, լինելով մեղավոր, թե անմեղ։ Պետք չէ ցմահներին դարձնել գործիք Եվրոպայից գումարներ ստանալու համար՝ առաջ քաշելով տուժող կողմին։

Ուզում եմ նաև իմ ցավակցական խոսքն ու խոնարհումը փոխանցել տուժող կողմին, բայց հավատացեք նրանք ևս հանգիստ չեն գտնի, քանի նրանց հարազատի սպանության համար դատապարտված չեն իրական մեղավորները։ Դա ավելի ցավոտ է, երբ մեկին կյանքից զրկում են, մյուսին դատապարտում չկատարած հանցանքի համար։ Մի՞թե Դուք և բոլորս չենք հոգնել ցմահ դատապարտյալների խնդիրներից։

Մեր բոլորիս ուզածն ընդամենը քրգործերի վերանայումն է։ Եկեք ուժ ունենանք և վերջնական լուծենք այս հարցը։ Դրա համար շատ բան պետք չէ, ընդամենը մի քանի իրավապաշտպան գրասենյակի հանձնեք ցմահ դատապարտյալների քր. գործերը և նրանք մեկ ամսում կուսումնասիրեն բոլորը և Ձեզ կհանձնեն մեղավորների և անմեղների անունները, նաև անհամաչափ դատավճիռները։ Հակառակ դեպքում կստիպեք մտածել, որ վախենում եք անմեղ դատապարտված մարդկանց քանակից և նրանց հանդեպ պատասխանատվությունից, որը, որ Ձեզ վրա չէ։ Դիմում եմ Ձեզ, որ ընդամենը կարգադրեք վերանայել ցմահ դատապարտիալների քրգործերը։

Ես՝ Արթուր Քոչարյանս, որպես անմեղ «մեղավոր» տալիս եմ իմ համաձայնագիրը, իմ քրգործը վերանայելու արդյունքում, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ, ինձ հրապարակավ գնդակահարեք…»:

Pin It on Pinterest