2019 թ. փետրվարի 5-ին կայացած հանրային քննարկման արդյունքներով
Հանրային քննարկման մասնակիցները, քննարկելով ներկայացված ՀՀ հարկային օրենսգրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, նշում են, որ եկամտային հարկի համահարթ սկզբունքին անցնելու մասին առաջարկվող իրավակարգավորումները.
- համահունչ չեն միջազգային փորձին,
- հակասում են ՀՀ սահմանադրության դրույթներին՝ հավասարության, սոցիալական արդարության ապահովման ու խտրականության արգելման մասով,
- չեն հանգեցնի այդ իրավակարգավորումները ներդնելու հետեւանքով ակնկալվող արդյունքներին, այն է՝ աշխատատեղերի ստվերի, ստվերային աշխատավարձ տալու վերացում, ներդրումային գրավչության բարձրացում,
- չեն համապատասխանում ՀԶՆ-2030 17 նպատակներից առնվազն 8-ին,
- չեն համապատասխանում ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված հանձնառություններին,
- չեն համապատասխանում ՀՀ 2014-2025 թթ. նպատակադրումներին,
- չեն համապատասխանում թավշյա հեղափոխության կառավարության նպատակադրումներին,
- ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ հակասում են Հարկային օրենսգրքի հայեցակարգում ամրագրված մի շարք մոտեցումներին, սկզբունքներին եւ նպատակներին:
Քննարկման մասնակիցները նշում են նաեւ, որ, խախտվել են գործող օրենսդրության իրավանորմերը նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու վերաբերյալ եւ նախագծերի փաթեթը ոչ միայն նախապես ամբողջությամբ չեն քննարկվել մասնագիտական կազմակերպությունների հետ, այլեւ նախագծերում չեն ներկայացված անհրաժեշտ պատշաճ հիմնավորումներ այդ փոփոխություններն իրականացնելու եւ դրանց՝ պետական բյուջեի վրա ազդեցության գնահատականների, դրանց սոցիալական եւ ֆիսկալ արդյունքների վերաբերյալ:
Տպավորություն է ստեղծվում, որ հարկային փոփոխությունների այս նախագծերի մշակման ժամանակ առաջնային են եղել Հայեցակարգի այն դրույթները, որոնք ներդաշնակ են ԵԱՏՄ համաձայնագրին, մինչդեռ, մեր կարծիքով, հաշվի չեն առնվել աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, դրա արդյունքում Հայաստանի նոր դերակատարությունը տարածաշրջանում:
Հանրային քննարկման մասնակիցները հայտարարում են, որ եկամտային հարկի համահարթեցման առաջարկությունը.
կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամտի անուղղակի փոքրացմանը (հաշվի առնելով փոփոխությունների փաթեթով առաջարկվող ակցիզային հարկի դրույքաչափերի ու մաքսատուրքերի սպասվող բաձրացման արդյունքում գնաճային ճնշումը) եւ բարձր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտների ուղղակի բարձրացմանը,
սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանն ու սրացմանը,
սոցիալական առումով դա կհանգեցնի նաեւ օրինական հարստացողների դասի առաջացմանը, սակայն նրանցից չենք պահանջելու վճարել բարձր հարկեր, դրանով խախտելով «Հարստացիր, որպեսզի հարստացնես» հեղափոխական արդարացի հռչակագիրը,
մակրո մակարդակում դա կհանգեցնի վճարունակ պահանջարկի, դրանով պայմանավորված՝ նաեւ՝ համախառն սպառման, նվազեցմանը,
մակրո մակարդակում դա կհանգեցնի նաեւ համախառն կուտակման մեծացմանը, եւ վերջինս, ինչպես ցույց է տալիս փորձը, չի եղել եւ առայժմ չի կարող լինել ներդրումների ներքին աղբյուր եւ կհոսի դեպի օֆշոր: Հետեւաբար, մենք գրավիչ չենք դարձնի ներդրումային դաշտը, կհանգեցնի բացասական ֆիսկալ էֆֆեկտի՝ պետական բյուջեի եկամուտների զգալի նվազեցմանը,
վերոհիշյալի պարագայում Նախագծերով կատարված առաջարկությունները ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման եւ անվանացանկի ավելացման ուղղությամբ կհանգեցնեն սպառողական ապրանքների գների աճին:
Ակնհայտ է, որ բյուջետային ճեղքվածքը լրացնելուն միտված մյուս փոփոխություններն՝ ուղղված հարկման հիմնական շեշտադրումը կատարել սպառումը հարկելու վրա, բացասաբար են ազդելու ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության տնօրինվող եկամուտների վրա եւ նպաստելու են նրանց սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմանը, ինչը կդրսեւորվի աղքատության խորացման ու սրացման մակարդակի բարձրացման, նրանց սահմանադրական սոցիալական մի շարք իրավունքներից օգտվելու սահմանափակաման ձեւով:
Ելնելով վերոհիշյալից եւ արդեն իսկ ՀՀ ԱՆ www.e-draft.am պաշտոնական կայքում հնչած հանրային կարծիքներից, հանրային քննարկման մասնակիցները առաջարկում են.
- առաջարկված փոփոխությունների շատ քննադատվող դրույթների վերաբերյալ կազմակերպել հանրային մասնագիտական քննարկումներ քաղաքացիական հասարակությանյան մասնագիտական կառույցների ներկայացուցիչների հետ: Հավասարության սկզբունքով կառավարության ու ՔՀԿ ներկայացուցիչներից ձևավորել մասնագիտական աշխատանքային խումբ, վերջինիս համար վարձատրություն նախատեսել պետական բյուջեում և հանձնարարել մինչև 2019թ. ապրիլի վերջը մշակել Հարկային օրենսգրքի առավել խնդրահարույց իրավակարգավորումերի փոփոխությունների ու լրացումների փաթեթ եւ ներկայացնել ՀՀ ԱԺ հաստատման,
- վերանայել եկամտային հարկի համահարթ տարբերակը, սահմանելով միջազգայնորեն ընդունված պրոգրեսիվ եկամտային հարկահանություն,
- անվերապահորեն կիրառել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կեսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանարապետության 2004 թ. մարտի 16-ի օրենքի պահանջները եւ դրա դրույթներին համապատասխան հաշվարկված ամենամյա «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի» չափով սահմանել չհարկվող շեմ»՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններին համահունչ 110 հազար դրամի չափով, հետագայում դա ինդեքսավորելու պայմանով.
- հանել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 160-րդ հոդվածը,
- ակցիզային հարկի տնտեսագիտական բովանդակությանը համահունչ ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների անվանացանկը լրացնել վնասակար սպառում ենթադրող եւ շքեղություն բնութագրող ապրանքատեսակներով,
- բարձրացնել 40 մլն դրամից ավել անշարժ գույքի գույքահարկի դրույքաչափերը՝ սսահմանելով շքեղության հարկին համահունչ դրույքաչափեր,
- բարձրացնել բնօգտագործման հարկի եւ բնապահպանական վճարի դրույքաչափերը,
- դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան,
- սահմանել հարկային քաղաքականության նպատակները թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում եւ ըստ այդմ մշակել նոր հարկային օրենսգիրք,
- սույն փոփոխությունների կիրառումը նախատեսել 2020 թ. հունվարի 1-ից:
Կայուն և կանխատեսելի հարկային միջավայրի ձևավորումը բարեփոխումների ներկա փուլում խիստ անհարժեշտ գերակայություն է: Դա հատկապես կարեւորվում է տնտեսական հեղափոխության մարտահրավերների իրականացման տեսակետից, քանի որ մեր երկրում սահմանված կայուն, կանխատեսելի հարկային քաղաքականությունը երաշխավորված ներդրումային ու գործարար միջավայր ապահովելու կարեւորագույն երաշխիքներից մեկն է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: