Հարկային քաղաքականությունը հանդիսանում է տնտեսական քաղաքականության, այսինքն տնտեսական զարգացման ռազմավարության և ավելի ընդգրկուն երկրի զարգացման երկարամյա ռազմավարական ծրագրերի բաղադրիչ: Այսօր այս մասին   «Եկամային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց Հանրային ֆինանասների կառավարման միջազգային փորձագետ Հավհաննես Ավետիսյանը:

Հանրային քննարկումը «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի կողմից, որին մասնակցեցին փորձագետներ և քաղաքացիներ, ովքեր մտահոգված էին Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի որոշ դրույթներով:

Ըստ Հանրային ֆինանասների կառավարման միջազգային փորձագետ Հովհաննես Ավետիսյան՝ նախագծի հեղինակները որպես Հարկային օրենսգքրի փոփոխությունների նախագծի հիմնական նպատակներ,  նշվել «Ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը»:

«Պետք է փաստել, որ հարկային օրենսգքրի փոփոխությունների արդյունքում սոցիալ- տնտեսական և ֆինանսական ազդեցության որևէ գնահատական, ինչպես նաև տնտեսական քաղաքականության որևէ փաստաթուղթ և առավել ևս երկրի զարգացման ռազմավարական որևէ ծրագիր Կառավարության կողմից առ այսօր չի հրապարակվել»,-ասաց նա, մտահոգություն հայտնելով, որ այս  համատեքստում նախագծով ներկայացված տեղեկատվության համաձայն՝  հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի կազմմանը տնտեսական քաղաքականությունների պատասխանատու նախարարությունը չի ներգրավվել և հետևաբար այս փոփոխություններով տնտեսական արդյունավետության և եկամուտների վերաբաշխման արդյունքում սոցիալ-տնտեսական ազդեցության որևէ գնահատականի առկայության մասին խոսելը դառնում է ինքնանպատակ:

    Հանրային քննարկման ներկայացված ՀՀ հարկային օրենսգրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի հիմնական նպատակներն են հայտարարված ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը:

Վերոնշյալի վերաբեյալ, բանախոսներից ՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը համաձայնեց այս դրույթի հետ փաստելով, որ  իսկապես նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու ուղղությամբ. «Դա արտահայտվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարաներին հարկելուց ազատելու, ինչպես նաեւ հարկման տարբեր համակարգրերը միավորելու եւ պարզեցնելու մեջ: Դրան զուգահեռ բարձրացվում է շրջանառության հարկի շեմը մինչեւ 115 մլն դրամի»,-ասաց նա, մանրամասնելով, որ միաժամանակ  փորձ է կատարվում իրացնելու Հարկային օրենսգրքի հայեցակարգում ամրագրված  մի քանի մոտեցումներ, սկզբունքներ և նպատակներ:

Ըստ բանախոսի այդ մոտեցումները հետևյալն են՝

ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հիմնական շեշտադրումը կատարել սպառման հարկման վրա, իսկ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց եկամուտների հարկման համար սահմանել հնարավորին չափ ցածր հարկային բեռ,

աստիճանաբար բարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը, դրանք մինչեւ 2020 թվականը ներդաշնակեցնելով Եվրասիական տնտեսական միությունում իրականացվող ակցիզային հարկի դրույքաչափերին, և ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը:

«Նախագծով առաջարկվում է անցնել եկամտային հարկի համահարթ սկզբունքի՝ այն 2019 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1-ին տարում սահմանելով եկամտային հարկի 23 % դրույքաչափ բոլոր եկամտի աղբյուրների համար՝ ներկայիս ոչ կատարյալ պրոգրեսիվ դրույքաչափի փոխարեն՝ 23 % — 36 %: Նախատեսվում է, որ հետագայում եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի մինչեւ 20 %»,- ասաց Մովսես Արիստակեսյանը, նշելով, որ  2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար առաջարկվում է սահմանել շահութահարկի 18 % դրույքաչափ՝ ներկայիս 20 % փոխարեն:

Ըստ բանախոսի՝ նախագծով նախատեսված փոփոխությունները ոչ միայն չեն համապատասխանում, այլև հակասում են  Հայեցակարգում ամրագրված մի քանի մոտեցումներին, սկզբունքներին նպատակներին.  «Դրանք են՝ սահմանել հավասարակշռված և տնտեսապես հիմնավորված հարկային բեռ, ինչով կապահովվի հարկման դրույքաչափերի չեզոքությունը, չվերացնելով ֆիզիկական անձանց եկամուտների հարկման համար ներկայումս սահմանված դրույքաչափերի տնտեսապես չհիմնավորված, ոչ չեզոք, ոչ արդյունավետ եւ սոցիալապես անարդար պրոգրեսիվ սանդղակի թերությունները, քայլ է կատարվում այդուհանդերձ, վերացնել պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը»,-ասաց Մովսես Արիստակեսյանը:

 «Քաղաքացի, Հարկատու-Բիզնես իրավապաշտպան» ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը ներկայացրեց եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը գործարարության զարգացման և վարչարարության տեսանկյունից, որի շրջանակներում անդրարդարձավ հարկկման բազայի ամսական մեծությանը:

 «Եկամտային հարկի գործող դրույքաչափերով՝ մինչև 150000 դրամը ներառյալ կազմում են  եկամտային հարկի դրույքաչափի 23 %-ը, իսկ մինչև  2 000 000՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28 %-ը»,- բանախոսը:

Խոսելով նախագծով առաջարկվող դրույքաչափերից՝ Էդուրադ Բադալյանն առանձնացրեց այն մասը, որ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է կիրառել 23 % եկամտային հարկի դրույքաչափ.

«Առաջարկվում է՝ 2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը դարձնել 22%, 2021 թ. Հունվարի 1-ից՝21 %, 2022թ.-ից 20.5 %, իսկ արդեն 2023-ից՝ 20 % դրույքաչափ»,-ասաց «Քաղաքացի, Հարկատու Բիզնես իրավապաշտպան» ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը:

Հանրային քննարկման ավարտից հետո մասնակիցները հանդես եկան ամփոփիչ հայտարարությամբ: Քննարկման մասնակիցները հայտարարության մեջ նշում են որ, նախագծով խախտվել են գործող օրենսդրության իրավանորմերը նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու վերաբերյալ եւ նախագծերի փաթեթը ոչ միայն նախապես ամբողջությամբ չեն քննարկվել մասնագիտական կազմակերպությունների հետ, այլեւ նախագծերում չեն ներկայացված անհրաժեշտ պատշաճ հիմնավորումներ այդ փոփոխություններն իրականացնելու և դրանց՝ պետական բյուջեի վրա ազդեցության գնահատականների, դրանց սոցիալական եւ ֆիսկալ արդյունքների վերաբերյալ:

Տպավորություն է ստեղծվում, որ հարկային փոփոխությունների այս նախագծերի մշակման ժամանակ առաջնային են եղել Հայեցակարգի այն դրույթները, որոնք ներդաշնակ են ԵԱՏՄ համաձայնագրին, մինչդեռ, մեր կարծիքով, հաշվի չեն առնվել աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, դրա արդյունքում Հայաստանի նոր դերակատարությունը տարածաշրջանում:

Հանրային քննարկման մասնակիցները հայտարարեցին, որ եկամտային հարկի համահարթեցման առաջարկությունը կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամտի փոքրացմանը եւ բարձր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտների բարձրացմանը, նաև սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանն ու սրացմանը:

Նշեցին նաև, որ սոցիալական առումով դա կհանգեցնի օրինական հարստացողների դասի առաջացմանը, սակայն նրանցից չենք պահանջելու վճարել բարձր հարկեր:

Քննարկման արդյունքում մասնակիցներն այն եզրահանգմանն եկան, որ հաշվի առնելով փորձագիտական վերլուծությունները, կառավարությունը պետք է հրաժարվի եկամտային հարկի համահարթ սկզբունքի կիրառման մտադրությունից:

Քննարկման ավարտին համակարգված առաջարկությունների փաթեթ ներկայացվեց մասնագիտական լսարանին, հնչեցին կարծիքներ և առաջարկություններ, որոնք հետագայում կամփոփվեն և կներկայացվեն կառավարությանը:

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest