«Մարտի 1»-ի գործը քննող ՀՔԾ-ն հրաժարվեց մեկնաբանել լուրը Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին, ինչից ենթադրելի է, որ այն տեղի է ունեցել: Ինչպես արդեն գրվել է մամուլում, փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում Սերժ Սարգսյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործի շրջանակում որպես վկա ու նրա հարցաքննությունը պետք է շարունակվի:

ՀՀԿ-ն դեռ չի արձագանքել ու գնահատական չի ներկայացրել Սերժ Սարգսյանի հարցաքննության առթիվ: «Մարտի մեկի» գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը Forrights.am-ին ասաց, որ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը բնական ու սպասելի էր. «Որովհետև ժամանակին ամենակարևոր պաշտոններից մեկը՝ վարչապետի պաշտոնը ինքն է զբաղեցրել և հանրապետության «ընտրված» նախագահն ինքն է եղել: Այն գործընթացները, որոնք 2008-ին ընթացել են, դրանք հետ անխզելի կապ ունի Սերժ Սարգսյանը և չէր կարող վայրութն իրականացնող մարմինը հպանցիկ անցներ նրա կողքով»:

Սաֆարյանի կարծիքով՝ «գործառութային կապը և խորհրդակցությունները» բավարար են արձանագրելու, որ Սերժ Սարգսյանն ուղղակի առնչություն է ունեցել և չի կարող «Մարտի մեկով» հարցաքննվել որպես վկա. «Պետք է որպես կասկածյալ հարցաքննվի, որոշակի կասկածանքի առնչությամբ հարցեր առաջադրվեն»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը դժվարացավ ասել՝ ինչ զարգացում կարող է ունենալ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը: «Սերժ Սարգսյանը միակ գործիչն է, որն ամենաշատն է շահել «Մարտի մեկի» դեպքերից: Բնական է՝ նա պետք է հարցաքննվեր «Մարտի մեկի» դեպքերի ժամանակ, դրան նախորդող շրջանում: Նա եղել է երկրի վարչապետը և մասնակից է եղել էդ ամեն ինչին»,-նշեց իրավապաշտպանը:

Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը շատ ավելի շուտ պետք է հարցաքննվեր. «Եվ մենք չպետք է համակերպվենք էն մտքի հետ, որ ՀՀ վերջին 20 տարվա որոշ հանցագործությունները միայն մեկ պատասխանատու ունեն՝ Ռոբերտ Քոչարյան»,-ասաց Հարությունյանը՝ շարունակելով. «Եղել է մի հսկայական թիմ, որը որ աշխատել է: Այդ թիմում եղել է նաև Սերժ Սարգսյանը: Նրանք բոլորը պետք է հարցաքննվեն և բոլորը պետք է պատասխաններ տան և քննչական մարմիններին, և հանրությանը»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանին և՞ս պետք է մեղադրանք առաջադրվի «Մարտի մեկի» գործով, իրավապաշտպանն այսպես պատասխանեց. «Դա կարող է ասել միայն քննչական մարմինը, բայց ես գիտեմ, որ բոլորը պարտավոր են տալ բացատրություն, և ոչ միայն նախաքննական մարմնին, այլև հանրությանը՝ ինչ են արել, ինչպես են արել և այլն»:

ՀԱԿ-ի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը ուշացած է: «Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն ուղղակի շահագրգռվածություն ունեցել է 2008 թվականի թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ, և թե՛ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում», -նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Արմեն Խաչատրյանը չի բացառում, որ հարցաքննությունից հետո Սերժ Սարգսյանին այլ կարգավիճակով հրավիրեն նախաքննական մարմին՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակով: «Մի բան պարզ է, որ այդ ընտրությունների հանգուցալուծման արդյունքում Սերժ Սարգսյանը դարձել է ՀՀ նախագահ: Մենք մեր պնդումից չենք հրաժարվում. տեղի է ունեցել հեղաշրջում և այդ հեղաշրջման արդյուքնում է Սերժ Սարգսյանը դարձել ՀՀ նախագահ»,-ասաց Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե այսօր տեսակետներ կան, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանը ևս պետք է հարցաքննվի և նա ևս պետք է պատասխան տա իր չափով, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց. «Առաջին նախագահը «Մարտի մեկից» անմիջապես հետո մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն տվել է այն տեղեկությունները, որոնք իրեն հայտնի են եղել: Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննելը, դեռ կան «Մարտի մեկով» հարյուրավոր գործուն մասնակիցներ, որոնց պետք է հարցաքննել, և եթե ճիշտ հարցաքննեն «Մարտի մեկը» կբացահայտվի»:

ՀԱԿ ներկայացուցիչը «աբսուրդային միտք» անվանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի հայտարարությունը, որ Սահմանադրական կարգը տապալել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները: «Ես չգիտեմ՝ դա ինչքանով է փաստաբանական գործունեության մեջ տեղավորվում: Եթե Ռուբեն Սահակյանը գտնում է, որ իր ասածները հիմնավոր են, թող անհրաժեշտ ընթացակարգերով փորձի հիմնավորել իր գործողություները»,-առաջարկեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս կարծում է, որ Սերժ Սարգսյանը, որպես իշխանության մաս կազմած անձ, ինքն էլ իր պատասխանատվության բաժինն ունի. «Էլ չեմ խոսում այն մասին, որ ընտրությունների կեղծման արդյունքում է ինքը նախագահի պաշտոնը ստանձել և առնվազն պետք է որպես կասկածյալ և մեղադրյալ էլ ներգրավվի»:

Ըստ Սաքունցի՝ նախաքննության մարմինը թերևս այս փուլում է հիմքեր ունեցել Սարգսյանին որպես վկա հրավիրելու: «Ամենայն հավանականությամբ, նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ կամ հնարավոր վկաների ցուցմունքներ, որոնցում ուղղակի նշել են Սերժ Սարգսյանին, որը և հիմք է հանդիսացել հարցաքննության կանչելու»,-եզրակացրեց իրավապաշտպանը:

«Մարտի մեկի» գործով նախկին մի շարք դատապարտյալների պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ «Մարտի մեկի» գործի քննության շրջանակները պետք է ընդլայնվեն. «Մարտի 1-ի մասին խոսելիս՝ միայն Սահմանադրական կարգի տապալման մասին չպիտի խոսենք: Պետք է խոսենք նաև դրա հետևանքի՝ ժողովրդի իշխանությունը հերթական անգամ յուրացնելու մասին, իսկ այստեղ արդեն Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հարց է առաջ գալիս»: Ըստ փաստաբանի՝ գործն ամբողջական չի լինել, եթե չհանգի դրան: 

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest