11 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Նման քայլով վերջինս պահանջում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և լրատվամիջոցների հետ հանդիպում, ինչպես նաև ցմահ դատապարտյալների քրեական գործերի վերանայում։

Հիշեցնենք, որ այդ ժամանակ 20-ամյա տղային ձերբակալել էին 2008-ի ապրիլի 8-ին: Ինքը՝ Վաղարշակն էր ներկայացել Դատախազություն: Զանգ էր ստացել, ասել էին՝ իրեն տաքսիստի սպանության մեջ են կասկածում: Նույն օրը ձերբակալվում ու տեղափոխվում է Նուբարաշեն ՔԿՀ: Ցուցմունք կորզելու նպատակով Վաղարշակին ապօրինաբար 3 ամիս պահում են ոստիկանության Գորիսի բաժանմունքում՝ թույլ չտալոլ զանգել հարազատներին: Տեղի ոստիկանների կտտանքններն արդյունք չէին տալիս:

«Ոստիկանության Կապանի վարչության պաշտոնյաներից մեկը, որն այսօր հաշվառված է պահեստազորում, վարորդին ասեց՝ պարանը բեր ավտոյից: Բերեց: Կապեց ոտքիցս, քցեց վզիցս ու տարավ էս մի ոտիս, ու քաշեց պարանը: Հետո ինձ քցել ա գետնին ու կռացել, որ շալվարս իջեցնի: Ասում եմ արա՛, մի՛ արա, ի՞նչ ես անում: Թե՝ կասե՞ս, որ դու ես սպանել, ասում եմ՝ կասեմ, կասեմ…»,- ամիսներ առաջ Forrights-ին էր պատմել ցմահ դատապարտյալը։

20-ամյա Վաղարշակ Ավետիսյանին այլ բան չի մնացել, քան տեսախցիկի առաջ խոստովանել չկատարած հանցանքը:

Բանտում գտնվելու 3-րդ տարում, դատապարտյալն ամուսնացել է ռուս աղջկա հետ: Նորից ընտանիքի գիրկը վերադարձի հույսերը մեծ են մինչ օրս։

Pin It on Pinterest