Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով։ Անազատությամ մեջ գտնվող Արմեն Բիլյանը, ի տարբերություն Սմբատ Բարսեղյանի, նիստերի դահլիճ մտավ առանց խմբի անդամներին բարևելու։ Նա ձեռք մեկնեց միայն իր փաստաբան Զարուհի Փոստանջյանին և Պավլիկ Մանուկյանին։

Այսօր դատարան էր ներկայացել Շտապ օգնության աշխատակից, գործով տուժող հանդիսացող Անահիտ Ենգիբարյանը, ով հայտարարեց, որ իրեն տուժող չի ճանաչում։ Ենգիբարյանը գնդի տարածքում է եղել հուլիսի 17-ին, երբ աշխատել է «Շտապ օգնություն» ՓԲԸ-ում որպես բուժքույր: Այդ օրը բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի բրիգադը, որի կազմում եղել է Ենգիբարյանը, կանչ է ստացել և մեկնել սպասարկելու:

«Մտել եմ գունդ, որտեղ երկու Շտապ օգնության մեքենա կար, որոնք դուրս են եկել, ինչից հետո ես բուժօգնություն եմ տրամադրել: Համարյա անգիտակից վիճակում տեսել եմ Մխիթար Ավետիսյանին՝ գլուխն արյան մեջ կորած․ նրան կաթիլային եմ միացրել: Ոստիկաններից մեկն էլ ալերգիա էր ստացել, ինձ նստեցրին մեքենան, որտեղ կաթիլային եմ միացրել նաև նրան, ինչից հետո Շտապ օգնության բրիգադը ոստիկանին դուրս տարավ»,-պատմեց Անահիտ Ենգիբարյանը: 

Նա դժվարացավ նկարագրել, թե ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ինչ էին անում, զինված էին արդյոք, թե ոչ. «Ուշադիր չեմ եղել, իմ գործն եմ արել ու գնացել: Տեսել եմ մոտ քսան մարդու, այդ թվում՝ Օսիպյանին, Նիկոլ Փաշինյանին: Ոստիկաններից մեկի ձեռքին էլ քերծվածք կար, որը մշակել եմ: Մյուսն էլ հրազենային վնասվածք ուներ, որը ևս մշակել եմ։ Հետո մեզ փոխարինեցին, մենք գնացինք»:

Մեղադրող-դատախազը հետաքրքրվեց՝ խմբի անդամները թույլատրե՞լ են դուրս գալ գնդի տարածքից մինչև փոխարինող բրիգադի ժամանումը: Նա հայտարարեց, որ իրավունք չուներ դուրս գալու թույլտվություն հարցնել․ «Այդպես կստացվեր, որ ես լքում եմ աշխատանքիս վայրը»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական ցուցմունքները, նշելով՝ էական հակասություններ կան ցուցմունքներում։ Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը և հրապարակվեց Անահիտ Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքները։

«Մեր նկատմամբ բռնություն չի գործադրվել: Չեմ լսել, որ ասեն, թե չի կարելի գնդի տարածքից հեռանալ, բայց հետո բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ մեզ արգելում են հեռանալ, մինչև չգա փոխարինող բրիգադը: Ես մշակում էի ոստիկաններից մեկի վերքը, երբ նա հանեց զրահաբաճկոնը, սակայն Արայիկ Խանդոյանը հրահանգեց հագնել, որպեսզի փոխհրաձգության ժամանակ ավելորդ զոհեր չլինեն»,- նշված էր նախաքննական ցուցմունքներում։

Նախաքննական ցուցմունքներից հետո տուժողը կրկին հայտնեց, որ իրեն տուժող չի ճանաչում, քանի որ այդ օրը հերթապահ է եղել և իրականացրել է իր գործառույթը։ Բացի դրանից, հայտարարեց, որ որպես տուժող դեմ չէ, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների նկատմամբ համաներում կիրառվի։

Դատարանն ավարտված համարեց բժշկուհի, տուժող Անահիտ Ենգիբարյանի հարցաքննությունը, ապա տեղեկացրեց, որ դատարանը շարունակում է քայլեր ձեռնարկել, որ դատարան ներկայանան գործով անցնող մյուս տուժողները։

Դատական նիստն ավարտվեց։ Քրեական գործի քննությունը կշարունակվի փետրվարի 6-ին։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest