Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժին նոր տնօրինության գալուց հետո առանց որևէ հիմք ներկայացնելու կրճատել են երկարամյա փորձ ունեցող լրագրողների, ոմանց ասելով, ուղղակի կրճատում է, ոմանց էլ ասել են, թե հին են։ Forrights.am-ը զրուցել է նրանցից երեքի՝ Սիրանույշ Մուրադյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիանա Կարապետյանի հետ։ Խնդրի վերաբերյալ կարճ զրույց ենք ունեցել նաև Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի հետ։

Սիրանույշ Մուրադյանի խոսքերով՝ այս պատմությունը նախապատմություն ունի։ 2018-ի հուլիսին արտադրական գծի պատասխանատու Ռուբեն Շահինյանն իրեն ասել է, որ կրճատումներ են լինելու և այդ ցուցակում ինքն էլ կա, բայց ավելացրել է, որ հաշվի առնելով իր պրոֆեսիոնալիզմը, առաջարկում են աշխատել ինչ-որ քաղաքական հաղորդման մեջիր ստացածից ցածր աշխատավարձով։

Սիրանույշ Մուրադյանը նշեց, որ Ռուբեն Շահինյանը չի կարողացել իրեն պատասխանել, թե այդ ինչ հաղորդում է և որն է լինելու իր ֆունկցիան, սակայն պնդել էր, որ ինքը համաձայնի, քանի որ հներին բոլորին հանելու են, առաջարկեցին նաև աշխատավարձը բարձրացնել: Սիրանույշը չի համաձայնվել՝ նշելով, որ չի ցանկանում իր անժամկետ պայմանգիրն ու ավագ լրագրողի հաստիքը թողնել և անորոշ մի հաղորդման համար պայմանագիր կնքել։ Բացի դա, Սիրանույշ Մուրդայնը գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին ասել է, որ դատի կտա, չի լռի այս կամայական վերաբերմունքի մասին բաց նամակով կտեղեկացնի Նիկոլ Փաշինյանին: Նույնը պնդել է նաեվ «Լուրերի» պատասխանատուի Վահագն Թևոսյանի հետ զրույցում, և հենց այդ տրամադրվածությունն էլ ունեցել է:

Ու թեև լրագրողին կրճատման մասին ծանուցագիր էլ են ուղարկել, բայց շարունակել է աշխատել Վահագն Թևոսյանի հետ։

«Հետո, երբ նա պատգամավորի թեկնածու էր և նախընտրական ամբողջ ժամանակահատվածում, ըստ էության տնօրեն չունեինքխորհրդարանական քաղաքական գծի լուսաբանման ամբողջ ծանրությունը հիմնականում կրկին ինձ վրա էր: Ծանրագույն այդ շրջանն անցնելուց հետո, դեկտեմբերի 5-6-ին էլ Փաշինյանի հետ գործուղման եմ մեկնել Պետերբուրգ ԵԱՏՄ նիստը լուսաբանել։ Եվ այս ամբողջին հաջորդեց Պետրոս Ղազարյանի «ավետիսը»Ամանորից մոտ տասը օր առաջ, ասաց, գիտես կրճատումներ կարող է լինեն, դու էլ կաս այդ ցուցակում, շատ կնեղվե՞ս, որ քեզ էլ կրճատենք: Կրկնեցի այն, ինչ ասել էի նախորդամառային ռաունդում: Տոներից հետո բոլոր կրճատվողներին կանչեցին, ներկայացրեցին կրճատման ծանուցագրերը, որ ստորագրենք։Մեկուսացրին մեր գործընկերներից զրկելով աշխատանքային սեղանից, համակարգչից, արգելեցին առավոտյան թռուցկաժողովներին մասնակցել, արգելափակեցին լրահոսի էլեկտրոնային փոստը։

Հունվարի 24-ին ես և Լիանա Կարապետյանը դիմել ենք դատարան։ Ես չեմ հավատում, որ խոսքի ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը առաջնագիծ բերած երկրում ամենաթողությունն ու պատեհապաշտությունը կարող են բարձր հովանավորություն ունենալ»,- եզրափակեց Սիրանույշ Մուրադյանը:

Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրուցում ասաց, որ լրագրող աշխատում է 1999 թվականից, որից 15 տարին՝ Հ1-ում։ Նա նշեց, որ իր խնդիրները Հ1-ում սկսվել են դեռևս 2008 թվականից։ Երբ նա 2008 թվականի մարտի մեկին և դրան նախորդող օրերին որպես քաղաքացի մասնակցել էր հանրահավաքներին՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն իր հետ խիստ խոսակցություն է ունեցել, ինչից հետո Հայկին 9 ամիս գործ չեն տվել՝ գնացել է աշխատանքի, բայց ոչ մի տեղ չեն ուղարկել։

« Երբ ինչ-որ բան էիր առաջարկում Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրեն Հարություն Հարությունյանը հեգնական տոնով ասում էր կքննարկենք ու ոչ մի քննարկում։ Հետո ցանկացան գործից հանել, բայց չհանեցին։ Երբ որ Հարություն Հարությունյանն ու Արտակ Հերիքյանը նորից եկան Հ1, ես կարծում էի, որ Հարությունյանը ինձ գործից կհանի, այն ժամանակ չստացվեց հիմա կանի, բայց ասեց քո համար ուրիշ բան եմ մտածել։ Դա հավասարազոր էր գործից հանելուն, ես լրագրությամբ չզբաղվեցի համարյա 1,5 տարի։ Հետո եկավ Վահագն Թևոսյանը իր հետ երկու ամիս աշխատեցի։ Բայց ինձ համար իր հետ աշխատելը ծանր էր։ Հետո Վահագնը գնաց, եկավ Պետրոսը։ Հունվարի 11-ին ասեցին ժողով կա, գնացի, ինձ հանձնեցին աշխատանքից ազատվելու մասին ծանունցագիրը, որում նշված է, որ իմ աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։ Առաջատար լրագրողի հաստիքի կրճատումը ո՞րն է»,- հարցնում է Հայկ Հովհնաննիսյանը։

Վերջինս նշեց, որ Պետրոս Ղազարյանն ասել է, թե չի ցանկացել իրեն գործից հանել։ Խոսելով Մարգարիտա Գրիգորյանի մասին Հայկն ասաց, որ թեև նա իր ուսանողական ընկերն է եղել, սակայն իրեն այլ կերպ է պահել։

«Ես հասկանում եմ, Մարգարիտան խնդիր ունի իր տեղն այնտեղ ամեն կերպ պահպանելու, ինքն էլ կառչում է ինչ-որ տեղերից, ծանոթներ է փնտրում, որ տեղից դուրս չգա և իմ հարցերի ժամանակը չունի։ Նա ինձ նաև ասաց, որ Վահագնը ուզում էր քեզ գործիցի հանել, ես պահեցի։ Ես էլ զարմացած հարցրի, թե Վահագնը ինձ ինչո՞ւ էր ուզում գործից հանել, ես իրենց համար մրցակից չեմ, լրագրող եմ, որը լավ գիտի իր աշխատանքը, որը լավ գիտի մեդիան»,- ասաց Հայկ Հովհաննիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ինքը Հ1-ի ամբողջ լրատվական կազմից միակն է եղել, որ մասնակցել է բոլոր տեսակի ընդդիմադիր միջոցառումներին, հանրահավաքներին և 22 տարի հետո հասնում է իր նպատակին։

«Մեր երկրում եղավ հեղափոխություն, որովհետև ես ինքս տեսնում էի՝ ինչ այլանդակություններ են տեղի ունենում։ Ես այս իշխանությունների դեմ չեմ ուզում ոչ մի քայլ ձեռնարկեմ, որովհետև չեմ կարծում, թե Պետրոսը այնտեղ եկել և Նիկոլ Փաշինյանի հրամանով է ազատում լրագրողներին, ովքեր նվիրված են եղել իրենց գործին։

Եթե ես վատ լրագրող էի՝ թող ասեին վատ լրագրող ես, քեզ ազատում ենք աշխատանքից։ Պետրոսն ինձ ասում է՝ կներես Հայկ ջան, ես չէի ուզում, բայց․։ Ես վիրավորված եմ, ինչի՞ համար։ Ես չեմ աշխատի Պետրոս Ղազարյանի հետ։ Բայց նաև չեմ ուզում այս իշխանությանը դատի տալ, որովհետև դեռևս հանրային հեռուստատեսությունն ինձ մոտ ասոցացվում է պետական համակարգի հետ, ինքը պետությունից է ֆինանսավորում ստանում։ Չգիտեմ՝ Պետրոսը ոնց է այնտեղ հայտնվել, նրա հետ անձնական խնդիր չունեմ, բացարձակապես, ոչ մի ընդհարում չի եղել։ Չեմ ուզում իրեն դատի տալ։ Լիներ Քոչարյանի կամ Սերժի ժամանակ դատարան կգնայի մինչև վերջ։ Բայց քանի որ իմ ընտրած իշխանությունն է չեմ ուզում իմ ընտրած իշխանությանը դատի տալ»,- հավելեց Հայկ Հովհաննիսյանը։
Լիանա Կարապետյանն էլ պատմեց, թե իրեն ինչպես են տեղեկացրել, որ կրճատվում է

«Շատ հետաքրքիր սկսվեց, հունվարի 11-ն էր, ես իմ հերթական ռեպորտաժի վրա էի աշխատում, երբ կանչեցին Պետրոսի մոտ։ Ես գնացի և Պետրոսն ասեց՝ քեզ համար վատ լուր ունեմ, քեզ կրճատում ենք։ Հարցրեցի, ո՞րն է հիմնվորումը, ասաց, աշխատակազմը կրճատվում է։ Հարցրեցի, թե ինչով է պայմանավորված իմ ընտրությունը, ոնց ես ընտրել հենց ինձ, կամ մյուսին, կամ էն մյուսին։ Նա էլ ասեց, հին աշխատողներին կրճատում եմ։ Ու քանի որ ես իմ հարցի պատասխանը չեմ ստացել և, իմ կարծիքով, սա բացարձակապես անարդար, չհիմնավորված որոշում է, դա վիճարկելու եմ դատարանում», ասաց Լիանա Կարապետյանը։
Լրագրողի խոսքով՝ հին աշխատող լինելը, ոչ արատ է, ոչ «կլեյմո է», հին աշխատողը մասնագիտական կենսագրություն ունի և հին աշխատողը դա իրավական կատեգորիա չի։

«Եթե Պետրոսն ունենար մի ցանկ, որտեղ գրված կլիներ լուրերում պետք է աշխատեն 18-24 տարեկաններ՝ ես էլի կհասկանայի։ Բայց օդի մեջ ասել, որ հին աշխատողներին կրճատում եմ, կներեք հին աշխատող ասելով ինչ նկատի ունես, դա այնքան շերտեր ունի։ Հին աշխատողը պրոֆեսիոնալ է։ Ես ապաքաղաքական մարդ եմ, ես ոչ մեկի թիմից երբևէ չեմ եղել։ Ես աշխատել եմ երեք նախագահների օրոք, բայց երբեք որևէ թիմի կամ գաղափարի կրողը չեմ եղել, երբեք։ Իմ տպավորությամբ, իմ և Սիրանույշի հարցում ընտրել են ամենալոյալներին։ Եթե մենք լոյալ ենք և այս կամ այն թիմի կողմը շեղվող չենք, ուրեմն դժվար է մեզ հետ աշխատելը, գուցե դա է պատճառը, բայց այս բոլորը ենթադրությունների շարքից են»,- հավելեց Լիանա Կարապետյանը։

Նա նշեց, որ ինքը գնում է դատարան նաև իմանալու, թե ինչ կա այս ամենի հետևում։ Եվ իրեն հետաքրքիր են ոչ միայն հիմքերը, նա չի բացառում, որ կարող է շատ մեծ անակնկալներ լինել։

«Մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում և արդարության ձգտում, ուրիշ ոչինչ։ Ես պրոֆեսիոնալ եմ, 20 տարի աշխատել եմ միայն լուրերում, էլ չասեմ, որ 93-ից Հ1-ում, երբևէ իմ անունը կեղտոտված չի եղել որևէ բանով։ Դուք պատկերացնում եք, քսան տարում լուրերի պես տեղում, որտեղ ամեն օր ցնցումներ կարող են լինել, չեպեներ, իմ հետ կապված չի եղել նման բան։ Եթե կա թող մի հատը աչքս մտցնեն քանի տարի առաջ ուզում է եղած լինի։ Թող գտնեն իմ առաջ դնեն ես ասեմ ներողություն․ չկա նման բան»,- եզրափակեց Լիանա Կարապետյանը։

Մեր հարցին, թե ինչ հիմնավորմամբ են կրճատել, ինչու հենց այդ խմբին և արդյոք լրագրողներին հին լինելու համար են կրճատել, Պետրոս Ղազարյանն ասաց․

«Ես չգիտեմ ինչ են ասում, եղել է կրճատում՝ դուրս են եկել։ Կրճատումը կրճատում է, հիմնավորումը որն է։ Հիմա ում հանենք պիտի ասեիք բայց ինչի իրանց, ինչի նրանց։ Գլխավոր խմբագիրն ու տնօրենը չե՞ն որոշում ում հետ են աշխատում, ում հետ չէ։ Դե հիմա մեկը հին ա, մեկը նոր ա, մեկը միջին ա, դա որակական հատկություն չի էլի»,- ասաց Ղազարյանը։

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ հին լինելը չի կարող իրավական հիմք լինել կրճատման համար, Պետրոս Ղազարյանն ասաց․ «Ես էլ գիտեմ, որ չի կարող լինել, իսկ ով է պնդել, որ դա իրավական հիմք է։ Կրճատում է եղել, այդքանը»։

Կրճատման վերաբերյալ զրուցեցինք նաև Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի շահերի պաշտպան Վարդան Հակոբյանի հետ։
«Կրճատումն ապօրինի է և իրավական հիմնավորումից զուրկ։ Ըստ այդմ մենք հայց ենք ներկայացրել դատարան, հետագայում լրացուցիչ պարզաբանումներ կտանք ԶԼՄ-ներով։ Հիմա ավելին ասելու նպատակահարմարություն չկա»։ Նա նշեց, որ այս պահին կսահմանափակվի այսքանով, քանի որ հայցադիմումը նոր են ներկայացրել, այն դեռ պետք է վարույթ ընդունվի, դեռ պատասխանողի կողմից պետք է պատասխանը ներկայացվի և մի քանի դատական նիստ կայանալուց հետո ինքն առավել պարզաբանումներ կտա։

Լիլիթ Թադևոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest