Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունը: 

Դատավոր Արթուր Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին, ժամը 17:30-ին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը: Փաստաբանի խոսքով՝ իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանքի հետ, չի քննվելու, սակայն կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ իրենք նոր միջնորդություն են ներկայացրել վերջինիս նկատմամբ կալանքի այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, եթե դատարանը որոշի՝ կալանքը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ թույլատրելի է :

Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ մշակման փուլում է ՄԻԵԴ երրորդ դիմումը.

«Դիմումը չի բացառվում, որ ներառի 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը: Ի հավելում խախտումների՝ դատարանը հաստատում է, որ խախտումները որոշակի հանգամանքներով տվյալ դեպքում քաղաքական դրդապատճառներով են: Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ առկա են քաղբանտարկյալի սահմանումներ, որի տակ ակնհայտորեն ընկնում է պարոն Քոչարյանը: Այս պահին զուտ հայկական դատական գործընթացներում այս կոնտեքստում հարցը չի քննարկվում, բայց ինչպես նշեցի, երրորդ բողոքը, որը մշակման փուլում է, կարող է ներառել նաև 18-րդ հոդվածի խախտումը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել բեկանել Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ որոշումը և գործն ուղարկել դատարան՝ նոր քննության:

Նոր քննությամբ՝ վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ, ինչով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կալանավորվեց: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ վերաքննիչ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest