Գաղտնիք չէ, որ Հայաստանում դատապարտյալներն իրենց պատիժը կրելուց և քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ունենում են վերասոցիալականացման լուրջ խնդիրներ, և հարցը ոչ միայն օրենքով նախատեսված սահմանափակումներն են այլև հասարակության վերաբերմունքը դատապարտված անձանց հանդեպ։

Կին նախկին դատապարտյալների դեպքում խնդիրը շատ ավելի խորքային է․ խտրականությունը դրսևորվում է կյանքի ամեն ոլորտում, ինչի պատճառով նրանք չեն կարողանում անցնել աշխատանքի, եթե նույնիսկ ունեն մասնագիտական լավ որակներ։ Հասարակության ունեցած բազմաթիվ կարծրատիպերի պատճառով հարյուրավոր կին նախկին դատապարտյալներ այդպես էլ չեն կարողանում ապահովել իրենց և, արդյունքում, նրանցից շատերը ապրուստ հայթայթելու համար հայտնվում են վատ միջավայրում և մի օր կրկին վերադառնում բանտ։

«Ազատազրկումից հետո փորձեցի կազմավորվել, փորձել վերաինտեգրվել հասարակության մեջ, հասկանալ թե ինչ ունեմ այսքան տարիների մեջ կորցրած ու փորձել ետ բերել այդ ամենը»:

Տեսանյութի հերոսուհին՝ նախկին դատապարտյալ կինը, ով առանձնապես ծանր հանցանքի համար 10 տարվա ազատազրկումից հետո պայմանական վաղաժամկետ ազատման է հասել, այնուհետև 2018 թվականին հայտարարված համաներմամբ ազատ արձակվել, իր ճանապարհին բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով փորձում է վերադառնալ հասարակություն։

«Սկսեցի աշխատանք փնտրել, որպեսզի կարողանամ հոգալ իմ և ընտանիքիս հոգսերը։ Առաջին իսկ փորձից մերժում ստացա գործատուից, քանի որ պայմանական վաղաժամկետ ազատության մեջ էի։ Պատճառաբանություն չկար, ուղղակի, երբեմն ասում էին, որ չենց ցանկանում կամ չեն կարող աշխատանքի վերցնել նախկին դատապարտյալների։ Երկու տեղ դիմեցի աշխատանքի համար և երկուսից էլ մերժում ստացա: Ասացին՝ անգլերենդ շատ լավ ա, գերազանց, ես էլ պատասխանեցի՝ ես նոր եմ բանտից դուրս եկել…խեղճի դեմքը տեսնեիք»: Ավելի լավ էր ասեի՝ ես ֆաշիստ եմ, քան ասեի որ բանտից նոր եմ դուրս եկել»։

Հերոսուհին մատնացույց է անում Արդարադատության համակարգի բացթողումները, խոսում առանձնապես ծանր հոդվածով դատապարտյալների խնդիրներից և բազում այլ դժվարություններից , որոնց նա ամեն օր բախվում է ազատության մեջ հայտնվելուց ի վեր։ Ինչպես նաև պատմում է իր երազանքների, նպատակների ու 10 տարվա անջնջելի հետքերի մասին։

«Ազատազրկումից հետո և հիմա էլ կան մարդիկ ովքեր չեն ընդունում դատվածներին չեն ուզում շփվել ազտազրկված մարդկանց հետ, այդ կարծրատիպերը մինչև հիմա կան ու կարևոր չի թե դու որքան ես մեղավոր հանցանքի մեջ․․․ մարդիկ ուղղակի խուսափում են քո հետ շփվելուց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ենգիբարյան Ռաֆիկ

Pin It on Pinterest