Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին առերևույթ անմիջական մասնակիցներից մեկը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։

Քրեական գործի նախաքննության ընթացքում, դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Դրանց արդյունքում դեպքի անմիջական մասնակիցներից մեկը՝ Գ.Հ.-ն, ձերբակալվել է:

Մասնակից մյուս անձանց ինքնությունը լիարժեք պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։ 

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ քիչ առաջ ՌՈ է ներկայացել նաև երեկվա միջադեպի մասնակից Մերուժան Վարուժանի Ոսկանյանը։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest