Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարացվեց․ դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։
Երեկ դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու Վաչագան Ղազարյանի պաշտպանի միջնորդությունը. պաշտպանական կողմը դատարանին առաջարկել էր խափանման միջոց կալանքը փոխարինել 5 միլիոն դրամով։
Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաև Վաչագան Ղազարյանը։ Նա իր և ընկերոջ անունից պատրաստակամություն հայտնեց շուրջ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար։
Հիշեցնենք, որ Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։ Մասնավորապես, Ղազարյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնել էր։
Հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: