«Սա բիրտ կոպիտ ճնշման արդյունքում կայացված որոշման վերահաստատում էր: Թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ խարան է դա թողել ՀՀ պատմության մեջ, թե ինչ հետեւանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել: Բայց որ տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն, ակնհայտ է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշմանը։

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով որոշման տրամադրմանը, քիչ առաջ ինքնակամ ներկայացել է ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ Հայկ Ալումյանի, Քոչարյանի՝ դատարան չներկայանալը երկու պատճառ ուներ՝ կալանավորվելու դեպքում, որոշել էր ինքնակամ գնալ ՔԿՀ, իսկ չկալանավորվելու դեպքում՝ իր ներկայության կարիքը չէր լինելու։

Անդրադառնալով, դատարանում իրենց կողմից ներկայացված միջնորդություններին, Ալումյանը նշեց, որ դրանք կապված էին ՍԴ դիմելու հետ.

«Դատարանն այդ միջնորդություններին լուծում չտվեց, որոշեց վերջնական դատական ակտով դրանց լուծում տալ: Վերջնական դատական ակտը դեռ չունենք, չգիտենք, թե ինչ լուծումներ են տրված: Սակայն, ակնհայտ է, որ մերժված են, բայց թե ինչ պատճառով, ասել չենք կարող: Ինչ վերաբերում է տեսանյութը դատարանում հետազոտելու մեր միջնորդությանը, դատարանն այդ միջնորդությունը ևս մերժեց, տեսանյութը՝ չհետազոտվեց»,- նշեց Ալումյանը։

Սակայն պաշտպանական կողմը դիմելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ընդ որում՝ Վճռաբեկ դատարանին դիմելու հետ զուգահեռ։ Պատճատը՝ Վճռաբեկ դատարանի «անարդյունավետ լինելն է»․

«Մենք ոչ թե ուզում էինք խնդիրը տեղափոխել Սահմանադրական դատարան, այլ ՍԴ դիմելու ընթացակարգը։ Տվյալ դեպքում՝ չէր նախատեսում, որ հարցը պետք է լուծվի այնտեղ: Ուղղակի, եթե Վերաքննիչ դատարանը որոշի դիմել ՍԴ, ապա վարույթը կկասեցվի և ՍԴ-ից կպահանջի որոշում, թե արդյոք մեր կողմից նշված քրեադատավարական և քրեաիրավական նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը թե ոչ, ինչից հետո քննությունը կշարունակվեր էլի Վերաքննիչ դատարանում»,- հավելեց Ալումյանը։

Լրագրողների հետ հանդիպման վերջում Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ որևէ կասկած չունի, որ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ, քանի որ նա անելիքներ ունի և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը ժամեր առաջ որոշում կայացրեց կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ 

«Մեր բողոքները մերժվեցին, Առաջին ատյանի որոշումը մնաց անփոփոխ, սա բողոքարկվելու է»,- նշել էր փաստաբան Հայկ Ալումյանը:


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest