Զինդատախազության երրորդ կայազորային բաժնում ավարտվել է N զորամասում առեղծվածային հանգամանքներում սպանված զինծառայող Նարեկ Ադիբեկյանի գործով նախաքննությունը: Երիտասարդի վրա կրակել են մարտական դիտակետում, 2017 թվականի դեկտեմբերի 11-ին, իհարկե, եթե հավատանք քննիչներին: Սակայն նախաքննական նյութերին ծանոթանալուց հետո անգամ այս տվյալը Ադիբեկյանների ընտանիքին պաշտպանող իրավաբանները բացահայտել են, որ զինծառայողին սպանել են, ապա նրա մարմինը քարշ տալով, բերել են ու նետել են դիտակետում: Սա միակ ցնցող փաստը չէր, որը քննիչները «չեն նկատել»:

Եւ այսպես, ըստ զինդատախազության ձեռք բերած տվյալների, սպանությունը կատարել է Մ.Մ-ն, որին սպանված զինծառայողը 3 ամիս շարունակ ծեծի ու սեռական բռնությունների է ենթարկել, հայհոյել ու ճնշել է: Մ. Մ.-ի համբերության բաժակը լցվել է, ու նա հերթապահության ժամանակ, երբ Նարեկի հետ մենակ է մնացել, իրեն ուղղված հերթական հայհոյանքը լսելով, բարկացել է ու 16 մենահատ կրակոցներով սպանել է Ադիբեկյանին: Վկաներ չկան: Մ․Մ-ն, ըստ նախաքննության նյութերի, մտավոր խնդիրներ ունի։ Այս վարկածը առաջ է քաշվել հենց առաջին օրերին, գրվել է Մ․ Մ-ի բառերից և նախաքննության ողջ ընթացքում չի փոխվել:

Դատախազությունը իրավունք չունի գործն այս տեսքով դատարան ուղարկել

Այս պատմության միակ հանցագործը սպանված զինծարայողն է, Նարեկը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միաժամանակ 4 հոդվածով՝ 139՝ «սեքսուալ բնույթի գործողություններ», 182՝ «Շորթում», 359՝ «Կանոնագրքային հարաբերությունների խախտում» և 360՝ «Զինծառայողին վիրավորելը զինծառայության վայրում»:
Ադիբեկյանի շահերը պաշտպանող փաստաբան Հայարփի Սարգսյանը, նաև ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը մանրամասն ուսումնասիրել են գործի նյութերը, փորձաքննական եզրակացություններն ու իրեղեն ապացույցները ու եկել են համոզման, որ սպանությունը կոպիտ, փնթի ձևով կոծկել են, և որ դատախազությունը պարզապես իրավունք չունի գործն այս տեսքով դատարան ուղարկել:

Այն ամբողջովին հիմնված է մտավոր խնդիրներ ունեցող Մ.Մ-ի ցուցմունքների վրա, որին ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: Նա ազատվել է քրեական պատասխանատվությունից, քանի որ ապացուցված է համարվում, որ գործել է աֆեկտի ազդեցության տակ: Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանները նյութերում հայտնաբերել են ակնհայտ թերություններ: Օրինակ, նկատել էր, որ իրեղեն ապացույցների փաթեթների պարունակությունը փոխված է, փաթեթներից պարկուճը փոխարինել են փամփուշտով, դեպքի վայրից գտած պարկուճները չեն ներկայացրել, համարակալված զենքերը, որոնք նշված են գործում, տվյալ զորամասում առկա չեն եղել, և այլն:

Դեռ սեպտեմբերին այս բացթողումների վերաբերյալ տուժողի իրավահաջորդի պաշտպան Հայարփի Սարգսյանը բողոք էր ներկայացրել դատախազություն, քննիչներին մեղադրելով դեպքի վայրը կեղծելու մեջ: ՀՔԾ-ն քննել է բողոքը և նրան պատասխանել է, որ քննիչները «շփոթվել» են, դեպքի վայրը սխալ են զննել, որովհետև մութ էր: Ամենակարևորը՝ սպանված Նարեկ Ադիբեկյանի մարմնին կան բազմաթիվ վնասվածքներ, պատառոտված է նրա հագուստը, բայց նյութերից պարզ չէ, թե ինչու և ում կողմից, ինչպես չկա պատասխանը, թե ով է տղային մարմնական վնասվածքներ հասցրել մահից առաջ:

Այն, որ Մ.Մ-ն Արցախի ՊԲ զորամասերից մեկում երեք ամիս սեռական տանջանքների և բռնությունների է ենթարկվել, անվիճելի փաստ է:

Ըստ դատաբժշկական եզրակացության, Մ-ի ափերի մեջ, իրոք, այրվածքների հետքեր են եղել, վնասվածքներ բերանի, այտերի, քթի, ամորձիների և հետույքի շրջանում, ուղիղ աղու արյունազեղումներ և պատռվածքներ, աղիքի ներթափանցումների հետքեր, անթիվ-անհամար այլ վնասվածքներ, որոնք միանգամայն կարող էին խմբակային գործողությունների արդյունք լինել: Մեկ անձը միայնակ չէր կարող դրանք կատարել: Ադիբեկյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը, ուսումնասիրելով գործի նյութերը եկել է համոզման. «Մ.Մ-ին խոշտանգողը Նարեկը չի, և Նարեկի վրա կրկողն էլ Մ.Մ.-ն չի»:

«Չնայած Նարեկ Ադիբեկյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, այնուամենայնիվ, գործով կան դեռևս չպարզված հանգամանքներ, որոնց շուրջ քննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ եմ պատրաստում: Միջնորդել եմ նյութերին ծանոթանալու ժամկետը երկարացնել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախաքննության մարմինը ինձ տրամադրի քրեական գործով անհրաժեշտ նյութերը: Սա չի կարելի համարել նախաքննության ավարտ, քանի որ չի իրականացվել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն», — ասում է փաստաբանը: :

Նարեկին սպանել են առնվազն երկու հոգով

Ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը կատարվածի իր վարկածն ունի, քննչականից տարբերվող: Նա հիմնավոր կասկած ունի, որ Ադիբեկյանին սպանել են առնվազն երկու հոգով՝ դիրքի ավագ Ս. Վ-ն և շարքային Թ. Գ-ն: «Ադիբեկյանի մարմնի վնասվածքների հետ կապված որևէ քննություն չի կատարվել: Հագուստի ու գետնի վրա կան արյան քսված հետքեր, որոնք ապացույց են, որ նրա մարմինը տարել ու գցել են այդ դիտակետը, իրականում նա այլ վայրում է սպանվել: Նրա արյան մեջ հայտնաբերվել էթիլային սպիրտ, փոքր քանակությամբ, այսինքն, նա մահից առաջ ալկոհոլ է օգտագործել:

Ում հետ, երբ, ինչ առիթով ու որտեղ է խմել, չեն պարզել: Չեն պարզել, թե ինչու է Նարեկի դիակի կողքին հայտնաբերվել մեկ այլ զինծառայողի՝ Թ. Գ.-ի ինքնաձիգը: Նա և դիրքի ավագը ալիբի չունեն: Նրանք եղել են դեպքի վայրում: Չի բացառվում, որ հենց իրենք են սպանել Ադիբեկյանին, անմեղսունակ, մտավոր խնդիրներ ունեցող տղայի վրա դնելով սպանությունը: Սակայն այս վարկածը չի քննվել: Վերջինս, որը զորամասի հալածյալն ու «փչացվածն» է եղել, որին ճնշել են ու հաճախ սեռական գործողությունների են ենթարկել մյուսները, գրել է այն, ինչ իրենից պահանջվել է, իր վրա է վերցրել սպանությունը: Այնուհետև ազատվել է պատասխանատվությոինից», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Մ.Մ. -ին 120 փամփուշտ են տված եղել դիտակետ գնալուց առաջ, որից 32-ը անհետացել են: Քննությամբ չի պարզվել, թե որտեղ են դրանք և ինչու են կորել: Ըստ քրեական գործի Նարեկի մոտ զենք չի եղել, նա կրակոց չի արձակել, բայց նրա զենքից կրակված է: Նարեկի փամփուշտատուփից պակասել է 8 փամփուշտ: Որտեղ են դրանք, մենք չգիտենք: Բայց մենք գիտենք, որ նարեկը սպանվել է 8 փամփուշտով:

Ակնհայտ է, որ կրակողը իր զենքով սպանել է Նարեկին, դատարկ փամփշտատուփը դրել է սպանվածի զրահաբաճկոնի գրպանը, իսկ ամբողջական տուփը վերցրել է, բայց չի կարողացել իր զենքը թաքցնի: Այլ անհեթեթություններ էլ կան: Նարեկ Ադիբեկյանի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գտնված պարկուճներից մեկը անհայտ զենքից է: Զենքերը չեն ուղարկել փորձաքննության, որպեսզի պարզեն, թե ում զենքից է այն կրակված: «Այս գործով հնարավոր է, շատ մարդիկ են խառնված, մարդիկ և փողեր», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Ադիբեկյանը մահից առաջ երեք անգամ ընկել է՝ մի անգամ ճակատի, մի անգամ՝ կողքի, մի անգամ մեջքի վրա

Ինչպե՞ս կարող էին առաջանալ արյունազեղումները սպանված Ադիբեկյանի ճակատին և կողային շրջաններին: Այս հարցը քննիչը պետք է տար փորձագետ-դատաբժշկին: Բայց նա ընդամենը մեկ հարց է տալիս՝ երբ են առաջացել սպանված տղայի մարմնի վնասվածքները, և ստանում է պատասխան՝ մահվանից կարճ ժամանակ առաջ: Իսկ հարցը, թե ինչպես կարող էին առաջանալ արյունազեցղումները, տրվում է միայն Թ. Գ-ին, որն էլ պատասխանում է, որ Նարեկը մահից առաջ ընկել է, կպել է մի կոշտ տեղի ու վնասվել է:

«Այս «երևի»-ով պատասխանը քննիչը հիմք է ընդունել ու այլևս ոչ մի ուսումնասիրություն չի կատարել: Եթե այդպես է, ապա պետք է ընդունեք, որ Նարեկ Ադիբեկյանը մահից առաջ առնվազն երեք անգամ ընկել է, մի անգամ ճակատի վրա, երկրորդ անգամ կողքի վրա, իսկ երրորդ անգամ այն դիրքով, որով հայտնաբերել են՝ մեջքի վրա: Արյան հետքերի հետ կապված պարտավոր էին նշանակել փորձաքննություն, դիակը քարշ տալով բերել են դիտակետ են հասցրել, ինչը չի արվել: Ադիբեկյանի հագուստի վրա կան բազմաթիվ ու բազմապիսի պատռվածքներ: Նրանք պարտավոր էին ուղարկել դրանք հագուստների հետքաբանական փորձաքննության, պարզելու համար, թե ինչի արդյունքում են դրանք առաջացել և ինչ վաղեմություն ունեն: Սակայն դա ևս չի արվել: Առանց քննություն անելու դատարան են ուղարկում», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով նախաքննական նյութերը առայժմ դատախազություն չեն ուղարկվել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest