2 տարի 8 ամիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Մերուժան Մանուկյանը 6-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է գտնվում։ Կալանավորը նման ծայրահեղ քայլով պահանջում է Վճռաբեկ դատարանին վերանայել իր գործը և բեկանել Վերաքննիչ քրեական և Առաջին ատյանի դատարանի որոշումները։

«6 օր ա ամուսինս հացադուլի մեջ ա, բայց ոչ ոք չի արձագանքում էս փաստի առիթով։ Միայն առաջին օրը պետն է իջել մոտը, որ իմանա՝ հիմնարկի՞ պայմաններից ա բողոքում, թե՞ անձնական դրդապատճառներ ունի։ Տեղեկանալով, որ պատճառն անձնական ա, դուրս ա եկել հացադուլավորների համար նախատեսված խցից ու էլ ոչ ոք չի հետաքրքրվել նրանով։ ՄԻՊ-ին էլ զանգում եմ, ասում ա՝ էս քանի օրը հարմար լինի, կգնանք․․․Ոչ մեկի չի հետաքրքրում՝ էդ մարդը հիվանդ ա, մեռած ա, թե ինչ ա»,- Forrights-ին ահազանգեց Մերուժանի կինը՝ Մարինե Պողոսյանը։

Forrights-ը փորձեց կապ հաստատել ՄԻՊ գրասենյակի հետ, պարզելու՝ այցելե՞լ է արդյոք 6 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորին։ Մեր մի քանի զանգից հետո խոստացան ճշտել և պատասխանել, սակայն հետագա մեր զանգերն անպատասխան մնացին։

34-ամյա Մերուժանին սկզբից մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն հետագայում հոդվածը փոխվել է ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասով (Ավազակային հարձակում՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով)։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտում է 10 տարի 6 ամիս ժամկետով, Վերաքննիչ դատարանը պատժաչափը մեղմացնելու և գործը կրկին քննելու բողոքը մերժում է, ինչից հետո պաշտպանական կողմը դիմում է Վճռաբեկ դատարան։

Մարինե Պողոսյանը պատմեց, որ ամուսնու դեմ ցուցմունք են տվել նրա հարազատները՝ հարազատ քույրը, հորեղբոր աղջիկն ու նախկին ընկերուհին։ Նրանք դատարանում ցուցմունք են տվել, որ Մերուժանն իրենց պատմել է, թե ինչպես է ցանկացել տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում իրականացնել։ Ըստ Մարինեի, այդ ցուցմունքներն էլ քննիչները «կորզել» են ստիպողաբար՝ հոգեբանական ճնշում գործադրելով․

«Ոչ վկա ա եղել, ոչ էլ տուժողն ա բողոքում, բայց գործը փակում են ու դատապարտում։ Տուժողն ասում ա, որ ամուսինս ու իր ընկերն ուղղակի խփել են իր գլխին, ինչից հետո փողով լի պայուսակն ընկել ա կողքը, բայց գումարը չեն վերցրել, այլ թողել փախել են։ Փաստացի, էս անձանց ցուցմունքն ու տուժողի խոսքերն իրար չեն համապատասխանում, բայց դատարանն աչք ա փակեում էդ հանգամանքի վրա»,-նշեց Մերուժանի կինը, հավելելով, որ իրենք ազատություն չեն պահանջում, միայն ցանկանում են քրեական գործի վերանայում․

«Գործն էական սխալներով է ընթացել»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest