Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց մարտ ամսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր 30-ամյա Արմեն Աղաջանյանի խոշտանգման գործով քննությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքի, ՔԿՀ-ում, անտեսելով Արմենի առողջական վատ վիճակը և կողի հատվածում առկա բաց աղիքը, նրան ծեծել և բռնության են ենթարկել: Տուժող կողմը պնդում է, որ Արմենին խոշտանգել են 4 հոգով, այնինչ այս պահին մեղադրանք է առաջադրված միայն մեկին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին:
Հուլիսի 7-ին Արմեն Աղաջանյանը մահանում է. նախնական վարկածով ինքնասպան է եղել, սակայն հարազատները բացառում են այդ տարբերակը: Վերջիններս պնդում են, որ Արմենին սպանել են «սկսված գործն ավարտին հասցնելու համար»: Նրա դիակը գտել են լոգարանում՝ կտրած սավանով կախված, ծնկաչոք վիճակում, որն էլ փարատում է հարազատների կասկածը:
Այսօր դատական նիստի սկզբում ցուցմունք տվեց գործով վկա Գևորգ Մելիքյանը: Վերջինս սերժանտ է և աշխատում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ որպես տեսուչ: Դեպքի օրը հենց Մելիքյանն է խուզարկել Արմեն Աղաջանյանին:
Վկան զգալիորեն լարված վիճակում էր գտնվում, երբեմն անկանոն նախադասություններ արտաբերելով: Ըստ Մելիքյանի ցուցմունքի, խուզարկության ժամանակ արտառոց որևէ հանգամանք չի զգացել, Արմենը չի խուսափել կամ խոչընդոտել խուզարկությունը.
«Խուզարկության ժամանակ Աղաջանյանի դեմքի վրա որևէ վնասվածք չեմ նկատել, ուղղակի ժամանակ առ ժամանակ թքում էր սենյակի հատակին: Նկատեցի, որ թուքն արյունոտ էր, հարցեր չտվեցի, մտածելով՝ էդ աղիքի հետ ա կապված: Մարմնի զննություն չի կատարվել, հագուստները չենք հանել»,- դատարանին հայտնեց Գևորգ Մելիքյանը:
Տուժողի իրավահաջորդին՝ Արմեն Աղաջանյանի մորը՝ Գայանե Աղաջանյանին, վրդովեցրեց վկայի այս պատասխանը: Նա փորձեց ճշտել. ինչպե՞ս է հնարավոր չնկատել մի քանի րոպե առաջ խոշտանգված տղայի վնասվածքները: Վկան լռեց…
Մելիքյանի պատասխանները չբավարարեցին նաև դատարանին. դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Էական տարբերություններ, այնուամենայնիվ առկա էին:
Մասնավորապես, նախաքննական ցուցմուքում Մելիքյանը նշել էր, որ Աղաջանյանի արնանման թքի մասին տուժողին հարցրել էր, Արմենն էլ խուսափողական պատասխան էր տվել: Մեկ այլ ցուցմունքում էլ հայտնել էր, որ խուզարկության ընթացքում իջեցրել են կալանավորի տաբատը, այնինչ դատարանում վկան լրիվ հակառակ պատասխանն էր տվել:
Նախաքննական ցուցմունքներում առկա էական տարբերություններն էլ ավելի շփոթեցրին վկա Մելիքյանին: Նա հայտարարեց, որ դատարանը պետք է հիմք ընդունի նախաքննական ցուցմունքները, քանի որ ժամանակի ընթացքում հնարավոր է որոշ դետալներ մոռացած լինի:
Տուժող կողմը հրաժարվեց հարցեր ուղղել վկային: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը հայտարարեց. «Պաշտպանական կողմից «դաստիարակված» և ուղարկված վկա է Մելիքյանը, ուստի նպատակահարմար չենք գտնում հարցեր ուղղել»:
Պաշտպաններ Իրինա Գազարովային և Հովիկ Սուքիասյանին դուր չեկավ Ղարագյոզյանի նկատառումը: Նրանք պահանջեցին «զերծ մնալ անհիմն հայտարարություններից»:
Դատարանն ավարտված համարեց վկա Գևորգ Մելիքյանի հարցաքննությունը և հետաձգեց քրեական գործի քննությունը մինչև դեկտեմբերի 12-ը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: