«ՔԿՀ-ում 4 հոգով խոշտանգել են տղայիս՝ անտեսելով մարմնից կտրված աղիքը»

1
6821

«Տղուս ծեծել են, խոշտանգել, հահոյել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Չեն նայել, որ աղիքը կողքից կախված հազիվ քայլում ա, գցել են գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել են: Ախր մարդ ո՞նց կարա էդքան դաժան լինի, որ «ինվալիդին» էդքան խփի»,- արցունքն աչքերին պատմում էր ամիսներ առաջ մահացած 30-ամյա Արմեն Աղաջանյանի մայրը՝ Գայանե Աղաջանյանը:

Արմենին ուղեկցել են խուզարկման սենյակ ու 4 հոգով սկսել խոշտանգել, անտեսելով մարմնից կտրված աղիքը

Արմեն Աղաջանյանն ամիսներ շարունակ եղել է հետախուզման մեջ «ինչ-որ մեքենայի առքուվաճառքի հետ կապված» հարցով: Մարտի 15-ին նրան բերման են ենթարկում Եղեգնաձորում, ինչից հետո զանգահարում են Աղաջանյաններին և հայտնում՝ որդուն բերում են Շենգավիթի քննչական բաժին: Գայանեն ամուսնու և փոքր որդու հետ ավելի վաղ է հասնում բաժին, քիչ անց ոստիկանական մեքենայով բերում են որդուն՝ Արմենին:

«Դեռ սեպտեմբեր ամսին տղաս ենթարկվել էր աղիքի լուրջ վիրահատության, սակայն աղիքն ամբողջությամբ հետ չէին տեղադրել, այլ փոքրիկ պարկ էին ամրացրել մարմնին, որի միջոցով էլ դուրս էր գալիս արտաթորանքը: Այդպես այնքան պետք ա շարունակվեր, մինչև աղիքը կարողանար ինքնուրույն գործել: Քննչական բաժին բերելու ժամանակ մի պահ տեսա որդուս, բայց չկարողացանք ոչ մի բառ խոսել, մենակ ասեց՝ պարկ ա պետք: Էդ ժամանակ դեմքը տեսա՝ ոչ մի քերծվածք ու վնասվածք չուներ»,- Forrights-ի հետ զրույցում ներկայացրեց տիկին Գայանեն:

Արմենին այդպես էլ չի հասնում իրեն անհրաժեշտ «պարկը»: Նրան տեղափոխում են դատարան՝ անձի վերահաստատման, սակայն հենց դատարանի դահլիճում Արմենը վատանում է: Հրավիրվում է Շտապ օգնության բրիգադ, ինչից հետո նիստը հետաձգվում է, նրան տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ էլ սկսվում է սարսափելին:

««Նուբարաշեն» մտնելու հենց առաջին րոպեներին կոնֆլիկտ ա տեղի ունենում ՔԿՀ աշխատակցի և Արմենիս միջև: Ասում են՝ տղես չի բարևել, դրա համար էլ ծեծել են, բայց ես հայտարարում եմ՝ անհնար ա, որ տղես մի տեղ մտնի ու չբարևի: Արմենին ուղեկցում են խուզարկման սենյակ ու 4 հոգով սկսում ծեծել, խոշտանգել, չեն էլ նայում, որ աղիքը դուրս ընկած ա: Էդքանից հետո տանում, ուղղակի լվացացնում են ու վերջ, այդպես անօգնական թողնելով մեկուսարանում»,- որդու խոսքերով դեպքը պատմում է մայրը:

Դեպքի հաջորդ օրն Արմենին կրկին դատարան են բերում վերահաստատման: Նրա դեմքի կապտուկները նկատում են հարազատները: Այս անգամ եղբորը թույլատրում են մոտենալ Արմենին, ով հետաքրքրվում է, թե ովքեր են այս ամենի հեղինակը.

«Մենթերն են ծեծել»,- հասցնում է ասել Արմենը, ինչից հետո նրանց հեռացնում են միմյանցից:

Դատարանի բակում տիկին Գայանեն պատուհանից նկատում է, թե ինչպես է որդին բժշկական սպիրտով ոտքերի վնասվածները մաքրում: Միանգամից դատարան է մտնում և տեսնում, որ Արմենի ողջ մարմինը կապտուկների և վնասվածքների մեջ է, աղիքը՝ պոկված է, վնասված տեղից էլ արյուն է հոսում:

«Մոտեցա որդուս, տեսնեմ հալից ընկած, ցավերի մեջ հազիվ ոտքն ա մաքրում: Մայկան բարձրացրած էր՝ ամբողջ մարմինը ծեծված, գլխի բոլոր հատվածներն ուռած էր, ոնց որ լանջեր լինեին: Սկսեցի բարձր ձայնով վրդովված խոսել, կողքին ոստիկանական հսկիչ կար, հարցրի՝ ձե՞ր արածն ա, ասեց՝ չէ, մենք տեղյակ չենք: Ինձ խնդրեցին դուրս գալ դատարանից, որդիս էլ ասեց՝ բան չկա, մամ ջան, դու գնա»:

Արմեն Աղաջանյանի նկատմամբ դատարանը կիրառում է խափանման միջոց գրավը, որի վճարման համար տալիս է 10 օր ժամանակ: Արմենին նորից հետ են տանում «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մինչև գրավի վճարումը: Մարտի 27-ին Արմենը գրավի դիմաց ազատ է արձակվում:

Գանգատվում է ոչ միայն աղիքից, այլև ողնաշարում առկա ցավերից. բժիշկն ախտորոշում է՝ թոքաբորբ չէ, այլ ստացած հարվածների հետևանք

Թույլ, ցավերի մեջ գտնվող Արմենը դեպքից օրեր անց է միայն ի վիճակի լինում այցելել բժշկի, որտեղ գանգատվում է ոչ միայն աղիքից, այլև ողնաշարում առկա ցավերից: Բժիշկն ախտորոշում է՝ թոքաբորբ չէ, այլ ստացած հարվածների հետևանք:

Արմենը միայն որոշ ժամանակ անց է ընտանիքին պատմում ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի մանրամասները, մատնացույց անելով ՔԿՀ-ի աշխատակից Արմեն Հովհաննիսյանին.

«Տղես պատմեց, որ խուզարկման սենյակ մտնելուց հետո, իրեն ուղեկցող Արմեն Հովհաննիսյանի կողմից միանգամից հարված ա ստանում դեմքին: Հետո սենյակ են մտնում ևս 3 հոգի ու սկսում հարվածել գլխին ու մարմնի տարբեր մասերին: Արմենին ասում եմ՝ բալես, գոնե դեմքդ պահեիր, որ չխփեին, ասում էր՝ մամ ջան, հազիվ դուրս եկած աղիքս էի պահում երկու ձեռքով: Էդ սենյակում էլի մարդիկ են եղել, ովքեր նայում էին տեսարանին, բայց, երևի, վախենում էին ձայն հանել»,- մանրամասնեց տինին Գայանեն:

Ազատ արձակվելուց օրեր անց Աղաջանյանների տուն են գալիս Արմեն Հովհաննիսյանը և ևս 2 հոգի, ովքեր ներողություն են խնդրում կատարվածի համար և իրենց աջակցությունն են հայտնում Արմենի բուժման ծախսերի համար: Աղաջանյանները հրաժարվում են բոլոր տեսակի օգնությունից:

Արմենի դիակը գտել են լոգարանում՝ կտրած սավանով կախված, ծնկաչոք վիճակում

Ամիսներ անց՝ հուլիսի 7-ին, Արմենին տեղափոխում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ,  որտեղ 5 օր անց հայտնաբերում են սավանից կախված վիճակում:

«Մահից մի քանի ժամ առաջ ես խոսել եմ տղայիս հետ, ինքն ինձ իր լուսանկար ա ուղարկել, որտեղ տեսքը լրիվ առողջ ու անվնաս էր: Հետո իր հետ հեռախոսազրույց ա ունեցել մեկ ուրիշը, ով հետո մեզ պատմեց, որ զրույցի ընթացքում ձայներ ա լսել, հետո էդ ձայները վերածվել են աղաղակների, ինչից հետո կապն ընդհատվել ա: Դրանից րոպեներ հետո տղաս մահացել ա»:

Նախնական վարկածով Արմենն ինքնասպան է եղել, սակայն հարազատները բացառում են այդ տարբերակը: Վերջիններս պնդում են, որ Արմենին սպանել են «սկսված գործն ավարտին հասցնելու համար»: Արմենի դիակը գտել են լոգարանում՝ կտրած սավանով կախված, ծնկաչոք վիճակում, այնինչ հարազատների համար սա «աբսուրդ է»: Նրանք փաստում են՝ Արմենը չէր կարող հոգեբուժարանում սենյակից միայնակ դուրս գալ և հասնել լոգարան, բացի դրանից՝ նրա մարմինն առավոտյան հայտնաբերել է ոչ թե հսկող ոստիկաններից մեկը, այլ՝ բուժքույրը.

«Իմ որդու դիակն առավոտը գտել են, բայց մեզ տեղյակ չեն պահել դեպքի մասին: Մի ամբողջ օր մենք փորձում էինք կապ հաստատել Արմենի հետ, բայց հեռախոսն անջատված էր: Սիրտս արդեն վատ բան էր վկայում, բոլորին խառնել էի իրար, որ որդուցս մի լուր իմանամ: Մեկ էլ աղջիկս Ֆեյսբուքում պատահաբար կարդում ա, որ գրել են Արմենիս ինքնասպանության լուրը: Հասկանո՞ւմ եք…մենք 30 ժամ չենք իմացել, որ Արմենս չկա: Իրենք առանց մեզ տեղեկացնելու դիահերձել են, գլուխը՝ բացել, իսկ մենք վերջում ենք իմանում դեպքի մասին: Դիակն առաջին անգամ տեսնելու ժամանակ միանգամից հասկացանք, որ ծեծել են՝ սպանելուց առաջ»,- հուզմունքը հազիվ զսպելով հայտարարեց տիկին Գայանեն՝ մեզ ցույց տալով դագաղի մեջ արված որդու նկարները:

Ծնողներին ուղարկած լուսանկարներն էականորեն տարբերվում էին մահացած ժամանակվա լուսանկարածներից: Առանց որևէ հետքի և վնասվածքի Արմենի լուսանկարի կողքին աչք էր զարնում դեմքի կապտուկներով, կզակի շրջանում՝ վնասվածքներով, իսկ գլխի ուռած հետքերով լուսանկարները:

Տիկին Գայանեն հայտարարում է՝ Արմենին սպանել են, որ Արմեն Հովհաննիսյանի անունը տալուց բացի մյուս 3-ին չբացահայտի. վերջիններիս հետ Արմենը չէր հասցրել առերեսման ներկայանալ:

Մեջտեղում՝ վկա Անուշավան Նիկողոսյանը

Դատական նիստին վկան կաշկանդված էր

Այսօր Արմեն Աղաջանյանի գործը դատարանում է միանգամից 3 մասով՝ խոշտանգման, մահվան և ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքերով: Գործով անցնող կա միայն մեկ մեղադրյալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակից Արմեն Հովհաննիսյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Գայանե Աղաջանյանից բացի ցուցմունք տվեց նաև գործով վկա Անուշավան Նիկողոսյանը: Վերջինս ողջ ցուցմունքի ժամանակ խոսում էր չափազանց դանդաղ, կամացուկ ձայնով, ամեն խոսքի համար երկար մտածում: Նիկողոսյանը դատարանին հայտնեց, որ հենց ինքն է Արմենին ուղեկցել «Նուբարաշեն» ՔԿՀ և ականատես եղել դեպքին:

«Մենք մտանք ՔԿՀ, ինչ-որ ագրեսիվ պահվածք սկսվեց դուռը բացողի և Արմենի միջև: Լարված մթնոլորտ էր տիրում: Մեզ ուղեկցեցին խուզարկման սենյակ, երկուսով մտան ներս: Քիչ հետո հարվածի ձայն լսեցի ու Արմենի աղաղակի վրա ներս մտա, տեսա՝ ծեծում է Արմենին: Ինձ հետ էլի մարդիկ մտան սենյակ, «հետո»-ն էդքան էլ լավ չեմ հիշում: Արմենի դեմքից արյուն էր հոսում, տարան լվացացրին, մենք մտանք զննության սենյակ: Ինձ ստորագրելու տվեցին զննության արձանագրությունը, համաձայն որի Արմենի վրա ոչ մի հետքեր և վնասվածքներ չկային…Ես ստորագրեցի»,- դատարանին հայտնեց վկան:

Անուշավան Նիկողոսյանը նշեց, որ ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանին ճանաչում է ՀՔԾ հարցաքննության ժամանակ, այնինչ դատարանի խաչաձև հարցերից հետո խոստովանեց՝ Հովհաննիսյանին ավելի վաղ է ճանաչել: Դատավոր Դավիթ Բալյանը փաստեց՝ վկան կաշկանդված է: Վերջինս չհերքեց՝ այո՛, որոշ չափով կաշկանդված է:

«Դուք պետք է ինձ օգնեք, որ ես գործը բացահայտեմ ու ճիշտ որոշում կայացնեմ»,- վկային դիմեց դատավորը:

Վկայի մի քանի նույնաբովանդակ և «չեմ հիշում», «չգիտեմ» պատասխաններից հետո, դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, իսկ Նիկողոսյանի հարցաքննությունն էլ կշարունակվի արդեն հաջորդ նիստին:

Հետգրություն. Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը թույլ չտվեց իրեն լուսանկարել, դատարանն էլ բավարարեց մեղադրյալի պահանջը: Տուժող Գայանե Աղաջանյանն էլ իր հերթին որդու լուսանկարներից որևէ մեկը չտրամադրեց, խնդրելով մահից հետո չշահարկել որդուն:

Ռոզա Վարդանյան

 

 

 

 

 

 

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here