Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվում է լրագրող Տիրայր Մուրդայանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանին: Տիրայր Մուրադյանը գործով տուժող է ճանաչվել:

Վերջինս հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: ՀՔԾ-ն իր հաղորդագրությունում մանրամասնել է.

«Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Լրագրող

Տիրայր Մուրադյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:
Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, ապա հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից:

Հանդիպելով Տ. Մուրադյանի ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից»: Տիրայր Մուրադյանը գործով տուժող է ճանաչվել:

Նշենք, որ ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Մեզ հետ զրույցում նիստի մասին մանրամասներ հայտնեց Տիրայր Մուրադյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը։ Հարցաքննվել են գործով անցնող երեք վկա, որոնցից երկուսը ոստիկաններ են եղել։

Հարցին, թե ինչու են ոստիկանները տարել Տիրայր Մուրադյանին՝ նրանք պատասխանել են, որ նա որպես լրագրող չի ընկալվել, չնայած որ տանելու ժամանակ գոռում էր, որ ինքը լրագրող է, բայց ոստիկանները միևնույնն է նրան տարել են, որպեսզի պարզեն նրա անձը։ Իսկ Տիրայրին բաց են թողել միայն այն ժամանակ երբ ոստիկաններին զանգահարել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Ոստիկանները պատմել են, որ զանգող կինն ասել է, որ Տիրայրը լրագրող է, ինտերնետով Տիրայրի նկարն են գտել և համոզվել, որ նա լրագրող է, որից հետո նրան բաց են թողել։
Վկա ոստիկաններն ասել են, որ այդ ամենը արել են Արսեն Արզումանյանի հրահանգով, քանի որ նա վերադասն էր և ինքն է ասել, որ Տիրայրին տանեն։ Բացի դա, ոստիկաններն իրենց ցուցմունքում նշել են, որ Տիրայր Մուրադյանի լրագրողական վկայականի վրայի տառերը մանր են եղել և իրենք չէին կարող նկատել։ Սակայն, Գրիշա Բալասանյանն ասում է, որ Տիրայրին բերման ենթարկելիս ոչ ոք չի նայել, թե վկայականի վրա ինչ է գրված։
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 20-ին։

Լիլիթ Թադևոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest