Սյունիքը նոր մարզպետ ունի՝ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյան։ Նշանակման մասին հայտնի դարձավ այսօր կառավարության նիստի ժամանակ։ իսկ օրվա երկրորդ կեսին գորիսեցիները ճամփա փակեցին Սյունիքի նորանշանակ մարզպետի առաջ։
Բարձրաստիճան ոստիկաններին մարզպետ նշանակելու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ սարգսյանի ավանդույթը, փաստորեն, շարունակվում է նաև նոր Հայաստանում։

Հիշեցնեմ՝ 2006 թվականին Քոչարյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանին նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ 2010-ին Սերժ Սարգսյանը Շիրակի մարզպետի պաշտոնը տվեց քրեակատարողական վարչության պետ, նախկին ոստիկան, 2002-2008 թթ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանին։

Հունան Պողոսյանի նկատմամբ հակասական վերաբերմունք կա։ Մի կողմից, նա համարվում է ոստիկանության ամենապրոֆեսիոնալ և ամենահին կադրերից։ Նրա կարիերան սկսվել է 1991 թվականից՝ Շահումյանի Ներքին գործերի բաժնում, իսկ ծառայողական կենսագրության գագաթը եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը, որը նա ստացել է 2010 թվականին երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից։ Մյուսները համարում են, որ անձը, որը երկար տարիներ ծառայել է իշխանություններին, քողարկելով կոռումպացված համակարգի ներկայացուցիկչների ապօրինությունները, աչք փակելով դրանց վրա, չի կարող փոխվել։

Նա տիրապետում է հարմարվողականության, իշխանավորների հետ լեզու գտնելու արվեստին և ծառայել է ՀՀ նախագահներին նրանց համար ամենաամոթալի պահերին՝ ընտրությունների կեղծմանը և դրան հաջորդող ժողովրդական ընդվզումների ժամանակ, ներառյալ Մարտի մեկը և Սասնա Ծռերի ապստամբությունը։

«Ստրկամիտ մարդիկ կարող են այդպես մտածել, ես ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել», — իր նշանակման առիթով այսօրվա նիստից հետո ասաց Հունան Պողոսյանը, պատասխանելով «հին համակարգի» ներկայացուցիչ լինելու գնահատականներին։ Հասկանալի է, որ նա այսօր չի ցանկանում անուններ հիշել՝ Ռոբերտ Քոչարյան, որի հեռացումից և Մարտի 1-ի սպանդը հաջողությամբ իրագործելուց հետո Պողոսյանի պաշտոնը բարձրացրեցին, Արարատի մարզային վարչությունից տեղափոխեցին Երևան և նշանակելուվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։

Չի ցանկանա նաև հիշել իր հրապարակային ելույթները ընտրական գործընթացներից հետո, երբ որպես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղալ, փակ աչքերով արձանագրում էր, որ խախտումներ չկան։ Օրինակ, 2015 թվականին, Սահմանադրության հանրաքվեից մոտ մեկ շաբաթ անց Պողոսյանն իր վրա վերցրեց «լրագրողական» կրակը և հայտարարեց, որ ընտրախախտումների մասին հաղորդումները քիչ են, իսկ այդ օրերին դիտորդներն ու լրագրողները աղաղակում էին ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների մասին, ոստիկանների աչքի առաջ լրագրողներին բռնությունների էին ենթարկում։

«Ստացված հաղորդումները չեն կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Արջի ծառայություններ մատուցողների թվում են նաև «ՈՉ» -ի կողմնակիցները»,- հայտարարեց նա, տալով ակտիվ ընդդիմադիր, քաղաքացիական ընդվզումների մասնակից Վարդգես Գասպարիի անունը։ Ի՞նչպիսի մարզպետ կլինի Հունան Պողոսյանը, ինչպես պետք է մարդիկ, ովքեր պաշտպանում էին կեղծիքները, այսօր աշխատեն բարձր պաշտոններում։ Այս հարցին Վարդգես Գասպարին պատասխանեց։

«Քիչ հավանական եմ համարում, որ մարդիկ այսպիսի շրջադարձ են կատարել։ Շատ բաներ կան, որ իմ սրտով չեն, բայց ես նաև ենթադրում եմ, որ երևի, հնարավորությունները սա են, երևի, կան պրոբլեմներ, որից ես տեղյակ չեմ։ Ես մտածում եմ, որ Նիկոլը այլընտրանք չունի։ Ես ավելի շատ շփվել եմ՝ բառի բուն իմաստով, ընթարվել եմ Օսիպյանի հետ, քան Պողոսյանի, բայց Օսիպյանի մասին էլ կարծիք չեմ հայտնել, մտածելով, որ Նիկոլը գիտի։ Ես 2008 թվից ճանապարհ եմ կիսել Նիկոլի հետ, դրա համար ես կարծում եմ, որ այն, ինչ ես մտածում եմ, ինքն էլ է մտածում, այդ մտահոգությունները նա ևս ունի, ու եթե այսպիսի որոշում է ընդունում, չեմ կասկածում, որ այդ մտահոգությունները հաշվի առնելով է ընդունել»։ Իր իրական կարծիքը Հունան Պողոսյանի վերաբերյալ նա խոստացավ հայտնել նոր խորհրդարանի ձևավորումից հետո։

Այսօր Հունան Պողոսյանը հայտարարում է, որ ինքը Նոր Հայաստանի կողմնակից է և իր նշանակումը ընդունել է սիրով։ «Առաջինը կաշխատեմ, որ վստահության մթնոլորտ ստեղծվի և ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը», — ասում է նա, մոռանալով, թե ինչպես էր ամեն ինչ անում, որ ժողովուրդնը հանկարծ չօգտվի իրավիճակի տերը լինելու իր իրավունքից։

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը առնչվել է Հունան Պողոսյանի հետ Ելենա Օվսյաննիկովայի հայտնի գործով: Լուսինե Հակոբյանը Forrights.am -ի հետ զրույցում հիշում է․

«Ելենան մեր վստահորդն էր, որը մասնակցում էր 2015թ. էլեկտրիկ Երևանի բողոքի ակցիաներին: Այն բանից հետո, ինչ ոստիկանները բռնություն գործադրելով ցրել էին ցուցարարներին ջրցաններով և այլ միջոցներով, Ելենան, մտահոգվելով այդ և հաջորդ օրերին Բաղրամյան պողոտայում հավաքվող ցուցարարների անվտանգությամբ, մոտեցել էր ոստիկանական պատնեշին և հորդորել ոստիկաններին ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ: Ըստ երևույթին, նրա խոսքերը որոշակի ազդեություն են գործել շարքային ոստիկանների վրա, քանի որ նրա այդ վարքագիծը խիստ մտահոգել էր Հունան Պողոսյանին:

Վերջինս կնոջ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ էր կատարել նրա հասցեին ոստիկանների և հավաքի այլ մասնակիցների ներկայությամբ` ասելով, թե մեր ոստիկանները սեռաքաղցով են տառապում և որ լավ կլինի Ելենան նրանցից հեռու մնա: Ես և Տիգրան Եգորյանը Ելենայի Օվսյաննիկովայի անունից հայց էինք ներկայացրել նրա և մի քանի այլ անձանց, ինչպես նաև ՀՀ ոստիկանության դեմ: Հունան Պողոսյանը դատարան ընդհանրապես չներկայացավ, իսկ նրա ներկայացուցիչները չընդունեցին նրա կողմից հիշյալ արտահայտությունները կատարելու փաստը:

Մենք դատարան էինք ներկայացրել նաև վկաների հայտարարություններ այն մասին, որ փոխոստիկանապետն այդուհանդերձ կատարել էր այդ արտահայտությունները, սակայն դատարանը ևս դրանք բավարար չհամարեց և հայցը մերժեց: Այդ արժեհամակարգով մարդն անընդունելի է նման պաշտոնում: Նա և իր նման մի քանիսը դեռ անցումային արդարադատության առաջ պետք է կանգնեն, որպեսզի մեր հասարակությունը կարողանա պարզել, թե ինչ դեր են նրանք խաղացել մեր քաղաքացիներին տարիներ շարունակ ստորացնող ռեժիմի օրոք, այլ ոչ` ի սկզբանե առաջխաղացումներ ունենան, թե իբր հետո կպարզենք»։

Այսօր Հունան Պողոսյանը հայտարարում է, որ ինքը Նոր Հայաստանի կողմնակից է և իր նշանակումը ընդունել է սիրով։ «Առաջինը կաշխատեմ, որ վստահության մթնոլորտ ստեղծվի և ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը», — ասում է նա, մոռանալով, թե ինչպես էր ամեն ինչ անում, որ ժողովուրդնը հանկարծ չօգտվի իրավիճակի տերը լինելու իր իրավունքից։ Ի դեպ, նախկին ոստիկանները, որոնք անձամբ են աշխատել Հունան Պողոսյանի հետ, վստահեցնում են, որ նա բավականին «անատամ» է։

«Նա ոնց պիտի Լիսկային ենթարկի իրեն։ Լիսկան նրա վրա գոռացող ա», — ասաց նախկին իրավապահներից մեկը, պատմելով նաև, որ Հունան Պողոսյանը ինքը դիմում գրեց ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնից, ասելով, որ չի պատկերացնում, թե ինչպես է վերջինս «սելեկտորի կոճակը սեղմելու և իրեն կանչելու»։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest