«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանն ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց փոխեց Մանուկյանի խափանման միջոց կալանքը։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը։ Մշտապես ժամը 11:00-ին մեկնարկող նիստն այսօր վերսկսվեց 15:00-ին. դատարանն առավոտյան ընդմիջել էր նիստը, հաշվի առնելով անժամանակ կյանքից հեռացած «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի մահվան հանգամանքը։
Դատավոր Մեսրոպ Մակյանը ներկաներին հայտնեց, որ դատարան է ստացվել Պավլիկ Մանուկյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Համաձայն փորձաքննության արդյունքների, Մանուկյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք ավելի սրվել են ՊՊԾ գնդի գրավման օրերի ընթացքում ստացած վնասվածքներից.
«Մանուկյանի հիվանդություններն իրենից չեն ենթադրում անհամապատասխանություն կալանավորման հետ, այնուամենայնիվ նա ունի ստացիոնար բուժման կարիք»,- իր խոսքում նշեց դատարանը։
Պավել Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին փոխել Մանուկյանի խափանման միջոց կալանքը, հիմքում դնելով նրա առողջական վիճակը.
«Մենք առաջարկում ենք այլընտրանքային խափանման միջոց 1 մլն ՀՀ դրամ գրավ կիրառել։ Այս պահին որեւէ վտանգ չկա, որ ազատության մեջ գտնվելով, Մանուկյանը կդրսեւորի ոչ պատշաճ վարքագիծ եւ կգործի հանցագործություն»,- միջնորդության խոսքում ասաց պաշտպան Պետրոսյանը։
Դատարանը միջնորդության մասին դիրքորոշում հայտնելու հնարավորություն տվել Մանուկյանին։ Պավլիկը չկարողացավ խոսել, վերջինս բավականին հուզված էր։
Գործով անցնող մյուս ամբաստանյալները միացան ներկայացված միջնորդությանը, պաշտպանական եւ մեղադրական կողմերը եւս չառարկեցին։
Մանուկյանն ի վերջո խոսեց.
«Ես հայտարարում եմ, որ այսօր դադարեցնում եմ իմ հացադուլը, քանի որ Արայիկն այդպես էր ուզել։ Ես ու ինքը եղել ենք արյան ընկեր…արդարության մի մարտիկ էր, ում հետ 30 տարի ա ճամփա ենք գնացել»,- հազիվ կարողացավ արտաբերել Մանուկյանը։
Արմեն Բիլյանը եւս միացավ ընկերոջ հայտարարությանը եւ դուրս եկավ մեկ շաբաթ առաջ հայտարարած հացադուլից։
Կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ 1 մլն գրավի դիմաց ազատ արձակել Պավլիկ Մանուկյանին։
Պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը եւ Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդեցին կարճաժամկետ մեկնում թույլատրել իրենց պաշտպանյալներ Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին, որ կարողանան ներկա գտնվել Խանդոյանի հուղարկավորությանը։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, շեշտելով՝ Արայիկ Խանդոյանը նրանց ընկերն է եղել, ուստի Բարսեղյանը եւ Բիլյանը պետք ունենան վերջին հրաժեշտը տալու հնարավորություն։
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը, հիմքում նշելով, որ Խանդոյանն ամբաստանյալների մերձավոր ազգականը չէ, ուստի օրենքը թույլ չի տալիս կարճաժամկետ մեկնում։ Դատական նիստը հետաձգվեց։
Քրեական գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 17-ին։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: