Forrights-ն իր ընթերցողներին ներկայացնում է ցմահ ազատազրկված Յուրի Սարգսյանի նամակը, որը հրապարակվել է jam-news.net կայքում:

«Հայաստանի բանտերում համարյա հինգ հազար բանտարկյալ կա: Եվ տասն անգամ ավելի շատ են ազատ քաղաքացիները, որոնք կանգնած են օրենքը խախտելու շեմին: Հետաքրքիր է, որ սովորական մարդու՝ հանցագործի վերածվելու գործընթացն ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից, որոնք հիանալի տեղեկացված են իրենց կողմից ստեղծվող իրավիճակների հետևանքների և այն մարդկանց մասին, ում փակուղու առջև են դնում:

Սակայն «պետական այրերի» շահերը միշտ բարձր են հասարակական շահերից: Այդպես եղել է, կա ու կլինի: Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, հատկապես, երբ բոլոր հանգամանքները նրանց դրդում են գործել դրանք: Մի ժամանակ «ոչ այնքան հեռավոր վայրերը» կոչվում էին ուղղիչ-աշխատանքային հաստատություններ:

Այսօր ուղղման և աշխատանքի գործառույթը դրված է բացառապես դատապարտյալի վրա: Բանտապետներն ամբողջ ուժով նպաստում են դրան, բանտարկյալի ճանապարհին խոչընդոտներ ստեղծելով և խանգարելով նրան հաղթահարել դրանք, ինչը ոչ միայն կոփում է կամքի ուժն, այլ նաև սադրում անկանխատեսելի արձագանք: Ոմանք գլուխները պատին են տալիս, մյուսները չեն դիմանում, կյանքի հետ հաշիվներն են մաքրում, խելագարվում են:

Բանտը փոքր մասշտաբներով
կրկնում է կյանքի համար պայքարի մեխանիզմը ազատության մեջ

Քսաներեք տարի առաջ ես մահապատժի եմ դատապարտվել: Կյանքս մի վայրկյանում մթագնեց: Նման պատմությունները բազմաթիվ են. մարդիկ ապրում են, աշխատում, որոշակի բարձունքների հասնում և… ցած գլորվում: Բանտի հինգերորդ հարկը հատկաված է ցմահ դատապարտյալների պահպանման համար:

Հարյուրավոր այսպես կոչված մարդասպանների շարքում տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ են: Դրանք գյուղացիներ են, զինվորներ, ուսանողներ, բժիշկներ, բանկիրներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, համալսարանի դասախոս: Կան նաև մի քանի մոլագար, երեք ահաբեկիչ, տասնյակ համոզված հանցագործներ:

Բոլորի նկատմամբ կիրառվում է նույն պատժամիջոցը, հեռանկարը՝ նույնպես նույնն է: Հավասարությունն օրենքի առաջ, դատավորների խելացի դեմքը և կատարողների անմիտ ջանասիրությունը ոչ մեկին շանս չեն թողել: Մարդիկ կառչում են թվացյալ հույսից, հետո մյուսից… Իրենց տեսլականն են պաշտպանում մինչև վերջ, մինչև վերջին շունչը:

Գնդակահարության դատապարտվածների կեսն արդեն մահացել է՝ և ոչ գնդակից: Երբ իրականությունը բախվում է անթափանց թունելի, մարդիկ փակում են աչքերը: Նրանք այլևս չեն կարող ընդունել իրադարձությունների բնականոն ընթացքն ու դիմում են գերբնականին:

Հաճախ կարելի է լսել, ինչպես է աշխատակազմը ծաղրում բանտարկյալներին կրոնապաշտության, դասական երաժշտությամբ և փիլիսոփայությամբ տարվելու առիթով: Ծաղրողներին հասկանալի չէ, որ ձգտումը դեպի բարձրյալը ու գեղեցիկը դիմանալու միակ միջոցն է: Երբ մարդու ոտքերի տակից հողը փախչում է, նա հայացքն ուղղում է Երկնքին:

Կյանքը՝ կյանքի համար… Այսօր ես 50 տարեկան եմ: Այն ժամանակ քսանվեց էի: Շատերը նույն բախտին արժանացան: Դրանք պարզապես բանտարկության տարիներ չեն, դա այն աշխարհի կորուստն է, որում ապրում էիր: Բանտախցի պատուհանից երևում է երկինքն ու աստղերը. դրանք միշտ անփոփոխ են: Թվում է, թե աշխարհն էլ է անփոփոխ մնացել: Սակայն դա այդպես չէ: Վայրկյան առ վայրկյան ամեն ինչ կորչում է հավերժության մեջ. իրերը ոչնչանում են, մարդիկ մահանում են…

Դառնալով ուրիշ մարդու դժբախտության պատճառ, մարդն իր վրա անեծք է բերում: Նա գիտի՝ ինչի համար: Եվ զղջում է: Չի կարող չզղջալ: Այդ իրավիճակը միանշանակ չէ: Բանտերի և դրանց «կենվորների» մասին հայտնի է բոլորին, քանի որ դրանք ոչ միայն հանցագործների մեկուսացման համար են, այլ նաև մնացածներին վախեցնելու միջոց են: Այդ պատճառով էլ այնտեղ տեղի ունեցող  վայրագությունների մասին տեղեկատվությունը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցներում:

Իշխանությունները չեն վախենում մերկացումից. այն նրանց համար անհրաժեշտ է: Թեև դա այլ կերպ է ներկայացվում: Վառ օրինակ, թե ինչպես կարելի է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել. վախը կաթվածահար է անում մարդկանց կամքը, իսկ լռությունը՝ գնահատվում որպես համաձայնություն:  Իրենց պահվածքի արդարացում նույնպես ստանում են տիրակալներից, որոնք տանջարանների գերիներին ցույց են տալիս անուղղելի չարագործների կերպարով: Իսկ հանգստացրած խղճով կարելի է շարունակել ապրել և չմտածել պատասխանատվության մասին:

Այդպիսին են ամբոխի կառավարման լծակները, որոնք այն դարձնում են անձի դեմ պետության բոլոր հանցագործությունների հանցակից: Համակարգի ցինիզմը դրանով չի սահմանափակվում: Հասկանալով բանտային պատերի և պահակազորի անհուսալիությունը, դատապարտյալների մոտ այն կողմում կողմնակիցների առկայության դեպքում՝ իշխանությունները լուծում են այս խնդիրը ևս:

Բանտարկյալն ավելի ջանասեր բանտապան չունի և չի ունեցել, քան նրա հարազատներն են: Նրանք ամեն կերպ իրենց խնամարկյալին հետ են պահում վճռական գործողություններից՝ կապելով նրա ոտքերն ու ձեռքերը սեփական վախերով: Եվ այդ «պատերը» կարծես շիրմաքար լինեն:

Այն հեռավոր 90-ականներին տեղի ունեցածի պատճառներն ինքդ քեզ համար հասկանալու փորձերը հանգում էին իրադարձությունների անբարենպաստ ընթացքին. իբր սխալ վայրում և սխալ պահի հայտնվեցի… Եվ միայն որոշ ժամանակ անց հասկացա, որ պատահականություններ չեն լինում, ինչպես և նախախնամություն. ամեն ինչ մարդու ձեռքերում է:

Սակայն չափազանց ուշ էր… Իմ մանկությունը, դեռահասությունն ու պատանեկությունը ոչնչով չէին տարբերվում այլ ճակատագրերից, որոնք փայփայել էր խորհրդային կառավարությունն ու կոմունիստական կուսակցությունը: Որպես շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար մենք նետվում էին պայքարի՝ պատրաստ լինելով կրծքով փակել հրակնատն ու հետմահու փառք ձեռք բերել. մենք պարզապես այլընտրանք չունեինք:

Բանակը որոշակի չափով նվազեցրեց այդ մղումը: Այնուհետև Միության փլուզումն իր զգալի ներդրումն ունեցավ: Հազիվ թե իմ կամ բանակային ընկերոջս մտքով անցներ կրիմինալը, եթե այն չհայտնվեր այդքան շոշափելի և այդչափ կփչուն:

Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող լինելով՝ ես գումար էի վաստակում փոքր բիզնեսում միջնորդություն անելով ՝ ինչ-որ մեկի փորած փոսերը լցնելով և կամուրջներ կապելով: Դա շատերին դուր չէր գալիս. լուրջ տղաներ հայտնվեցին և համապատասխան խնդիրներ առաջացան: Կազմակերպությունը փլուզվեց և բանակային ընկերության ավարտն եկավ: Ինչպես նաև մնացածի:

Սպանությունը չի կարելի ոչ բացատրել, ոչ արդարացնել: Եվ այդ ամենից փախչել՝ նույնպես: Խուլ անկյուններում վեց ամիս թաքնվելուց հետո ինձ կալանավորեցին: 96թ-ին հայաստանի Գերագույն դատարանն ինձ մահվան դատապարտեց: 2003թ-ին նախագահը՝ ցմահ բանտարկության:

Կենդանի թաղված լինելով՝ մենք փորձում ենք բարձրացնել դագաղի կափարիչը, հիշեցնել, որ ողջ ենք, մեր ընտանիքների, կանանց, երեխաների կյանքի, երազանքների մասին: Ձգտելով գոնե ինչ-որ բան ուղղել, եթե ոչ արտաքին աշխարհում, ապա գոնե մեր մեջ: Տասնյակ տարիներ՝ շրջապատված երկաթբետոնե և մարդկային օտարացման պատերով»:

Յուրի Սարգսյան «Նուբարաշեն» ՔԿՀ 2017թ 

23 տարի բանտում գտնվող Յուրի Սարգսյանի մասին հոդվածին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest