« Տասնյակ տարիներ՝ շրջապատված երկաթբետոնե և մարդկային օտարացման պատերով»

1
2302

«…Այսօր ես 50 տարեկան եմ: Այն ժամանակ քսանվեց էի: Շատերը նույն բախտին արժանացան: Դրանք պարզապես բանտարկության տարիներ չեն, դա այն աշխարհի կորուստն է, որում ապրում էիր: Բանտախցի պատուհանից երևում է երկինքն ու աստղերը. դրանք միշտ անփոփոխ են: Թվում է, թե աշխարհն էլ է անփոփոխ մնացել: Սակայն դա այդպես չէ: Դառնալով ուրիշ մարդու դժբախտության պատճառ, մարդն իր վրա անեծք է բերում: Նա գիտի՝ ինչի համար: Եվ զղջում է: Չի կարող չզղջալ»:

Յուրի Սարգսյան «Նուբարաշեն» ՔԿՀ 2017թ 

1994թ.-ին Խաչիկ Հայրապետյանն աշխատում էր քաղաքի տարադրամի փոխանակման կետերից մեկում:  Ընկերոջ՝ Հարություն Ջուլֆայանի հետ ծանոթանում են վրացահայ Յուրի Սարգսյանի հետ և փոքրիկ բիզնես հիմնում: Հանդիպումներից մեկի ժամանակ՝ շենքերից մեկի աստիճաններով բարձրանալիս, Յուրին ատրճանակը միանգամից գործի է դնում և կրակում սկզբից Խաչիկի, ապա Հարությունի ճակատին և հափշտակում վերջինիս մոտ եղած խոշոր գումարը:  Սպանությունը բացահայտվում է 1 տարի անց, իսկ արդեն 1996թ. Գերագույն դատարանը վճռում մահապատժի ենթարկել Յուրի Սարգսյանին, սակայն 2003թ.-ին նախագահը պատիժը փոխում է և ցմահ ազատազրկման դատապարտում նրան:

Դեպքից 24 տարի անց, կալանավորը վաղաժամկետ ազատության համար դիմում է Առաջին ատյանի դատարան, որը, սակայն չի բավարարում՝ հիմնվելով Յուրիի տարիներ առաջ կատարած հանցանքի և այն ժամանակի նրա մարդկային հատկանիշների վրա:

Այսօր Յուրի Սարգսյանը դատարանի որոշումը բողոքարկում է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: Երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, դատարան էին ներկայացել տուժող կողմի ներկայացուցիչները՝ Խաչիկ Հայրապետյանի կինը՝ Ռուզան Հայրապետյանը, նրա 2 որդիները և Հարություն Ջուլֆայանի որդին՝ Սարգիս Ջուլֆայանը: Վերջիններս բավականին էմոցիոնալ էին արձագանքում դատավորի հարցադրումներին, ամեն անգամ չկարողանալով զսպել արցունքները.

«Կներեք էլի, ոնց ոչ կրկին վերապրեմ դեպքերը: 20 տարուց ավել ա անցել, բայց նույն ցավն ա ինձ մոտ մնացել»,- դատարանին ասաց տիկին Ռուզաննան:

Չնայած կողմերը ներկայացել էին վերաքննիչ բողոքի նիստին, սակայն չէին տիրապետում բողոքի բովանդակությանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ժամանակ խնդրեցին դատարանից՝ բողոքին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և բողոքի քննությունը հետաձգեց:

Յուրի Սարգսյանը նիստերի դահլիճ ներս մտավ և հեռացավ առանց որևէ բառ փոխանակելու: Նա հարազատներ չուներ դատարանի դահլիճում: Նիստի ամբողջ ընթացքում նրան տրամադրվել էր թարգմանիչ և դատարանի հետ շփումն իրականացվում էր թարգմանչի օգնությամբ: Սակայն, Ռուզաննա Հայրապետյանն այստեղ «խորամանկություն նկատեց».

«Ինքը հայերեն շատ լավ խոսում ու հասկանում ա: Չգիտեմ, թե էս ինչ խաղեր ա այստեղ…լրիվ թատրոն ա»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարեց տիկին Ռուզաննան, ապա շեշտեց՝ իրենք դեմ են, որ Յուրին ազատ արձակվի:

«Իմ թիկունքն ա կոտրել ինքը, ո՞նց ազատ արձակվի: Էսքան տարվա մեջ ոչ մի դրամ, ոչ մի լումա մենք չենք ստացել: Իմ առողջության հաշվին եմ կարողացել  տղա երեխաներ մեծացնել, հիմա ո՞նց թողնեմ, որ ազատ արձակվի»,- վրդովված նշեց տուժողի իրավահաջորդը: Forrights-ը փորձեց ճշտել՝ եթե կալանավորը որոշակի դրամական փոխհատուցում տրամադրի, արդյո՞ք տուժողի իրավահաջորդների դիրքորոշումը կփոխվի:

«Ես այդ տարբերակի մասին էլ եմ մտածել, բայց հստակ չեմ կարող ասել: Այդ ինչքան գումար պետք ա առաջարկի, որ փոխեմ կարծիքս»,- հավելեց տիկին Ռուզաննան: Նույնանման կարծիք հայտնեց նաև մյուս տուժողի իրավահաջորդը՝ Սարգիս Ջուլֆայանը. «Թող էդ պահը հասնի, կմտածենք»,- շեշտեց նա:

Յուրի Սարգսյանի շահերի պաշտպան Արաքս Մեքոնյանը, վերաքննիչ բողոքի բովանդակությանն անդրադառնալուց առաջ, նախ կարծիք հայտնեց՝ Առաջին ատյանի դատարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել իր պաշտպանյալի նկատմամբ: Փաստաբանը շեշտեց՝ արդեն իսկ նախապես որոշված է եղել՝ մերժել վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդությունը.

«Դատարանն արդեն իսկ հիմքը դրել էր Յուրի Սարգսյանի կատարված հանցագործության վրա՝ անտեսելով, թե այս 22 տարվա ընթացքում ինչ աշխատանք է տարվել նրա նկատմամբ և դրանք ինչ փոփոխությունների են հանգեցրել: Դատական նիստին ներկայացած քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը չի նշում, թե այսքան տարվա ընթացքում ինչ գործողություններ է ձեռնարկվել ՔԿՀ-ի կողմից, որ անձն ուղղվի: Եթե 23 տարի հետո, քրեակատարողական հիմնարկն ասում է, որ անձը չի ուղղվել, դա ոչ թե անձի, այլ ամբողջ համակարգի ձախողումն է»,- Forrights_ի հետ զրույցում նշեց պաշտպան Մելքոնյանը:

Վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումի հիմքում պաշտպանը նշել է Յուրիի անձնական հանգամանքները (վերջինս ամուսնացել է և ունի երեխաներ), նրա կամավորական գործունեությունը, գրքեր խմբագրելը, ռադիոկայանների հետ բլոգային աշխատանք տանելը և այլն: Փաստաբանը, անդրադառնալով տուժող կողմին որևէ դրամական փոխհատուցում տրամադրելու հարցին, հայտնեց՝ կալանավորման մեջ գտնվող անձը չի կարող որևէ դրամական օգնություն ցուցաբերել տուժող կողմին.

«Յուրան ունի տուժող կողմին պատճառված վնաս, որը բանտային պայմաններում հնարովոր չէ փոխհատուցել: Սա ևս հիմք է, որ անձին թույլ տան գտնվի ազատության մեջ: Նկատենք, որ այս դեպքում խնդիր ունի իրականացնելու պրոբացիոն ծառայությունը՝ անձի հետ աշխատանք կատարելու մասով: Դու ուղղակի չես ազատում նրան և վերջ, մոռանում, այլ հակառակը՝ պետք է համապատասխան օգնություն ցուցաբերես նրա նկատմամբ, սոցիալական ծառայություններ մատուցես և օժանդակես, որ ինտեգրվի հասարակության մեջ»,- իր խոսքն ավարտեց պաշտպան Արաքս Մելքոնյանը:

Յուրի Սարգսյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 19-ին:

«Կենդանի թաղված լինելով՝ մենք փորձում ենք բարձրացնել դագաղի կափարիչը, հիշեցնել, որ ողջ ենք, մեր ընտանիքների, կանանց, երեխաների կյանքի, երազանքների մասին: Ձգտելով գոնե ինչոր բան ուղղել, եթե ոչ արտաքին աշխարհում, ապա գոնե մեր մեջ: Տասնյակ տարիներ՝ շրջապատված երկաթբետոնե և մարդկային օտարացման պատերով»:

Յուրի Սարգսյան «Նուբարաշեն» ՔԿՀ 2017թ 

Ռոզա Վարդանյան

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here