Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լիտվայի մեծությամբ երկրորդ քաղաք Կաունասի այգում տասնյակ հազարավոր հավատացյալների ներկայությամբ այսօր պատարագ է մատուցել:
Ֆրանցիսկոս Պապը աղոթել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Լիտվայում գերմանացի նացիստների կողմից սպանված կամ համակենտրոնացման ճամբարներ ուղարկված հրեաների, ինչպես նաև տասնամյակներ տևած խորհրդային օկուպացիայի շրջանում գնդակահարված կամ սովետական ճամբարներ աքսորված լիտվացիների հոգիների համար:
«Նախորդ սերունդները տակավին իրենց վրա են կրում օկուպացիաների տարիներին ստացած վերքերը, տանջվում են անհետ կորած և երբեք չվերադարձած հարազատների համար: Ամո՛թ մատնիչներին և դավաճաններին»,- հայտարարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը:
Այսօր ավելի ուշ Հռոմի Պապը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայցելի Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստների հրահանգով որպես «հրեական առանձնաթաղ» (գետտո) հռչակված շրջան, ինչպես նաև «Օկուպացիայի և ազատության պայքարի թանգարան», որը տեղակայված է սովետական Լիտվայի ԿԳԲ-ի (պետական անվտանգության կոմիտեի) նախկին շենքում և նվիրված է կոմունիստական ռեժիմի զոհերի հիշատակին:
Պապը մերձբալթյան ուղևորության ընթացքում կայցելի նաև Լատվիա և Էստոնիա: Ուղևորությունը նվիրված է երեք հանրապետությունների անկախության 100-ամյակին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: