«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 848,343 քաղաքացուց մասնակցել է 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը»,- քիչ առաջ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նկատենք, որ դա 2.66%-ով կամ 25 097 ընտրողով ավել է 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների քանակից։

Մասնավորապես, ընտրությունների մասնակցությունը՝ ըստ վարչական շրջանների․

Նորք-Մարաշ՝ 47.01%,

Դավիթաշեն՝ 46.92%,

Ավան՝ 46.49%,

Աջափնյակ՝ 45.64%,

Նուբարաշեն՝ 45.38%,

Նոր Նորք՝ 44.52%,

Շենգավիթ՝ 44.48%,

Արաբկիր՝ 43.36%,

Կենտրոն՝ 42.83,

Քանաքեռ-Զեյթուն՝ 42.81%,

Մալաթիա-Սեբաստիա՝ 42.22%,

Էրեբունի՝ 40.38%։

Ընտրատեղամասերն աշխատել են շուրջ 12 ժամ և փակվել ուղիղ 20:00-ին:

Հիշեցնենք՝ սա Երևան քաղաքի ավագանու թվով  4-րդ ընտրությունն է, որն այս տարի արտակարգ ընթացակարգով է անցկացվում: Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է: Միմյանց հետ «մրցում են» 4 դաշինք և 8 կուսակցություն՝ «Երևանի հանրություն», «Լույս», «Իմ քայլը», «Երևանցիներ» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայք հայկազուններ», «Օրինած երկիր» և «Ռեֆորմիստները» կուսակցությունները:

Հավելենք, որ համաձայն ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների համար անցողիկ շեմը ձայների 6%-ն է, դաշինքների դեպքում՝ 8%-ը: Ավագանու կազմում մանդատ պետք է ստանա առնվազն 3 ուժ: Այսինքն, եթե այնպես ստացվի, որ ընտրական շեմերը (6 կամ 8%-ը) հաղթահարել կարողանա 3-ից քիչ ուժ, ապա ավագանու կազմում մանդատ կստանա նաև այն ուժը (ուժերը), որը չի անցել տվյալ շեմը, սակայն մնացածից առավել քվե է հավաքել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest