11 տարի առաջ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժանմունքում մահացած Լևոն Գուլյանի ընտանիքը վերջապես հասավ արդարության։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 20-ի որոշմամբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին։

ՄԻԵԴ ուղարկված դիմումում նրա ընտանիքը պնդել է, որ խախտվել է Լևոնի կյանքի իրավունքը։ Ինչպես և՝ իշխանությունները որդու մահվան վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել և որ Լևոն Գուլյանն անօրինական, կամայական կերպով զրկվել էր ազատությունից:

Դեպքի օրը Լևոն Գուլյանը Քրեական հետախուզության գլխավոր վարչություն որպես վկա հարցաքննության էր հրավիրվել 3 օր առաջ մահացած Ստեփան Վարդանյանի գործով։ Բաժանմունքի ոստիկանները հայտնել են, թե մենակ մնալով աշխատասենյակում՝ Գուլյանը պատուհանից փորձել է դիմել փախուստի, սակայն վայր է ընկել գետնին ու մահացել: Նրա հարազատները հերքել են այս վարկածը, համոզված լինելով որ Լևոնին սպանել են։

Ո՞վ է կյանքից զրկել Լևոն Գուլյանին և ինչ դրդապատճառներով։ Հայաստանի իրավապահ համակարգը մինչ օրս չի տվել այս հարցի պատասխանը։

Լևոն Գուլյանի մահվան փաստով իրականացված հետաքննությունն ակնհայտորեն անբավարար է եղել և թողել է անպատասխան հարցեր, արդյունքում՝ չեն պարզվել հայցվորի որդու մահվան իրական հանգամանքները: Այսպիսի եզրահանգում է անում ՄԻԵԴ-ը։ Այդ հիմքով էլ դատարանը չի հիմնվել հետաքննության վերջում ձեռքբերված եզրակացության վրա:

Դատարանը նաև պնդում է, որ Հայաստանի կառավարությունը չի տրամադրել համոզիչ բացատրություն՝ կալանքի տակ գտնվելիս Գուլյանի մահվան վերաբերյալ։ ՄԻԵԴ-ը համարել է, որ խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest