ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։ Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Քրեական գործի շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն, իսկ արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest