Լուծարվել է ՀՀ Զինված ուժերի միակ մասնագիտացված ինժեներասակրավորային զորամասը: Forrights.am-ին հայտնի է դարձել, որ լուծարումը լուրջ դժգոհություններ է առաջացրել մի խումբ զինվորականների շրջանում: Իր տեսակով, գործառույթներով ու նշանակությամբ բացառիկ զորամասը գործել է` սկսած 2002 թվականից և տեղակայված է եղել Էջմիածին քաղաքում:

Լուծարման որոշում կայացվել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք: Գործընթացը շարունակել է Դավիթ Տոնոյանը: Զորամասի անձնակազմը 2018 թվականի մարտից մտցվել է խաղաղապահ զորամասի կազմի մեջ, արդյունքում` սակրավորները դադարել են գոյություն ունենալ որպես առանձին զորամիավոր:Ինժեներասակրավորային զորամասի լուծարումից հետո բանակի շարքերը լքել է շուրջ 50 սակրավոր, 70-ի չափով զինծառայող էլ սպասում է ծառայությունից արձակման ՊՆ նախարարի հրամանին: Պրոֆեսիոնալ սակրավորներից շատերը չեն շարունակում ծառայությունը խաղաղապահ զորամասում և լքում են բանակը, իսկ նրանց տեղը համալրում են պատահական մարդիկ:

Ականազերծման աշխատանքներ կատարելիս բանակն այլևս աշխատելու է ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ` մարդկային ֆակտորի վրա. «Մենք լրիվ անտեսվեցինք, ոչ մի կարծիք հաշվի չառնելով` խաչ քաշեցին մեզ վրա: Մեր բանակին ականազերծողներ այլևս պետք չե՞ն: Բայց չէ՞ որ այս մասնագիտության կայացման գործում մենք մեր կյանքն ենք ներդրել: 15-17 տարվա փորձ ունեցող մասնագետների ինչպե՞ս եք փողոց շպրտում: Ինչպե՞ս կարելի է գրչի հարվածով ոչնչացնել մասնագիտացված զորամասը: Ո՞ւմ է ձեռնտու այսքան կարևոր ստորաբաժանման վերացումը»,- Forrights.am-ի հետ զրույցում այսպիսի հարցեր են բարձրացնում վրդովված զինծառայողները: Համոզված են, որ Պաշտպանության նախարարությունը միտումնավոր է ծանր ու անտանելի պայմաններ ստեղծել, որ մասնագետները լքեն ծառայությունը:

ինչո՞ւ սակրավորները ծառայությունը չշարունակեցին խաղաղապահ զորամասում

Խաղաղապահ զորամասում ծառայությունը չշարունակելու մի քանի պատճառներ ունեն սակրավոր-մասնագետները: Առաջինն այն է, որ նոր ստորաբաժանումում բավարար թվով սակրավորի հաստիքներ չեն հատկացվել: Մինչդեռ, սկզբում Պաշտպանական գերատեսչությունն այս մարդկանց խոստացել էր, որ որևէ մեկը դուրս չի մնալու, բոլորին տեղավորելու են մոտակա զորամասերում: Փորձառու և պրոֆեսիոնալ սակրավորներին այլ զորամասերում առաջարկել են վարորդի, մեխանիկի աշխատանքներ: Անտեսվել է մասնագիտական պատրաստվածությունը:

Մյուս խնդիրն այն է, որ այս ամառվանից փոխվել է խաղաղապահների տեղակայման վայրը: Զորամասը դուրս է բերվել Երևանից և տեղակայվել մարզերից մեկում: Սակրավորական գումարտակի նախկին զինծառայողների գերակշիռ մասը բնակվել է Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում: Զորամասի` Էջմիածնում գտնվելը սակրավորներին թույլ էր տալիս առանց մեծ ծախսերի ու դժվարությունների հասնել գործի: Հիմա նրանց ճանապարհը երկարել է 50-ից 80 կիլոմետրով: Թե՛ ֆինանսական, թե ժամանակի առումով այլևս անհնար է դարձել առավոտյան ժամը 08:00-ին լինել նոր զորամասում: Բացի այդ, նվազել է բնակարանային վարձի համար պետությունից ստացվող գումարը` 45 000-ից իջնելով 18 000 դրամ:

Մոտ մեկ ամիս առաջ կայացել է հանդիպում`ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ու խաղաղապահ զորամասի զինծառայողների միջև, այդ թվում` սակրավորների: Թույլ չտալով որևէ մեկին արտահայտել բողոքը` Արտակ Դավթյանը կոպիտ ու խիստ արհամարհական տոնով է խոսել զինծառայողների հետ. «Ասեց` ա՛յ խոպանչիներ, դուք չլինեք, ուրիշը կլինի: Գենշտաբի պետը ուղղակի հոխորտաց` ես ոնց ուզեմ, էդպես էլ լինելու ա: Չոբանի պես էր խոսում զորքի հետ»:

Զինծառայողները նաև պատմում են, որ դահլիճում հավաքվածները աշխատել են Դավթյանին հարցեր չտալ` լկտի պահվածքի պատճառով` վախեցել են, որ կվիրավորի: Պրոֆեսիոնալ մասնագետների հետ վեճի է բռնվել`արգելելով իրեն հակաճառել:«Մինչև ե՞րբ պիտի մեր երկում հարցերը վախի ու ճնշումների մթնոլորտում լուծվեն, տարիներով կառուցածը փլուզում են ու դրա տեղում ոչինչ չի սարքվում: Պրոֆեսիոնալները գործից դուրս են գալիս` կանաչի վաճառող դառնում, սա հարի՞ր է մեր բանակին ու հայ սպային»,- դժգոհում են զինծառայողները:

Սա լոկ անձնական հարց չէ: Հույժ կարևոր ինժեներասակրավորային այս զորամասի վերացումը լրջորեն վնասելու է բանակի մարտունակությանը: Ոչնչացվում է մի ամբողջ բացառիկ զորատեսակ: Ինժեներասակրավորային զորամասը ականազերծում էր Հայաստանի վտանգավոր տարածքները, ոչնչացնում էր ոչ պիտանի զինամթերքը, վնասազերծում էր պայթյունավտանգ առարկաները: Հատուկ օպերացիաների ժամանակ օգնություն էին խնդրում ինչպես ոստիկանությունը, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությունը: Պատերազմի ժամանակ հետախուզական, հակահետախուզական ուժերի հետ մեկտեղ սակրավորները առաջնագծում տարածք են ազատում զորքերի առաջխաղացման համար:

Պետությունը հսկայական գումարներ է ծախսել ինժեներ-սակրավորներ պատրաստելու վրա: Զինծառայողները վերապատրաստվել են արտասահմանում, մասնակցել մասնագիտական ուսուցումների, մեկնել միջազգային հաստատություններ` գործուղումների:Այսօր մասնագիտական այդ բազան լիկվիդացվում է. «Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը ի՞նչ են մտածում, եթե վաղը, մյուս օրը պատերազմ սկսվի, նորմալ սակրավորներ չենք ունենալու, ո՞վ ա գնալու մինապոլյա զորքի համար ճանապարհ բացի, 18 տարեկան զինվո՞րը, նոր զոհե՞ր ենք ուզում: Մենք` բոլորս շուտով կհամտեսենք այս որոշման դառը պտուղները, բայց արդեն ուշ կլինի»,- զգուշացնում են մասնագետ-սակրավորները:

Պաշտպանության նախարարության հրապարակած բաց տվյալների հաշվարկմամբ`Forrights.am-ը պարզել է, որ 2016 և 2017 թվականներին ՀՀ և Արցախի Զինված ուժերում ականի ու հակատանկային նռնակի պայթյունից մահացել է 6 զինծառայող, վիրավորվել` մոտ 2 տասնյակը:

Ո՞ւմ է ձեռնտու պրոֆեսիոնալ զորամասի վերացումը

Կան հիմքեր պնդելու, որ ինժեներասակրավորային զորամասի փաստացի ոչնչացումը բարձրաստիճան պաշտոնյաներին հավելյալ ֆինանսական եկամուտ է ապահովելու: Գործ ունենք կոռուպցիոն ռիսկի հետ: Այսպիսի համարձակ պնդում ենք անում` հիմնվելով բացառապես փաստերի վրա: Այսպես, 2011 թվականի փետրվարից ինժեներասակրավորային զորամասի գոյությանը զուգահեռ Կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այս կառույցը 7 տարի շարունակ գտնվել է իրենց զորամասի տարածքում, ունեցել է մեկ տասնյակի չհասնող աշխատակիցներ և կատարել է խիստ խորհրդանշական գործառույթներ:

Ականազերծման գործը կատարել են զորամասի սակրավոր ծառայողները, ինչի դիմաց աշխատավարձից բացի հավելյալ օրավարձ են ստացել: ՊՈԱԿ-ի գոյությունը ֆիկտիվ բնույթ է կրել: Այն պահից սկսած, երբ սակրավորական գումարտակը մտցվեց խաղաղապահ զորամասի կազմ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը դարձավ առանցքային դեր ունեցող կառույց ականազերծման հարցերով: Նախկինում, եթե ականազերծման հանձնարարությունն անմիջապես զորամասին է իջեցվել, հիմա` ՊՈԱԿ-ին, որն իր հերթին այդ գործը հանձնարարում է կատարել խաղաղապահներին միացած սակրավորական զորամասի ծառայողներին:

Դերերի այսպիսի վերաբաշխումը ստորացուցիչ վիճակում է դրել սևագործ ու վտանգավոր աշխատանք կատարող սակրավորներին: Էականորեն նվազել է զինծառայողների ֆինանսավորումը: Մինչև զորամասի լուծարումը սակրավոր-մասնագետները 30 օրով գործուղվում էին ականազերծման աշխատանքների: Ամսական 120 000 դրամ աշխատավարձից զատ ամեն օրվա համար նրանք ստանում էին 1500 դրամ օրավարձ: Այժմ այս գումարը հանվել է սակրավորների աշխատավարձից: ՊՈԱԿ-ի տնօրենը Ռուբեն Առաքելյանն է, որը Դավիթ Տոնոյանի մերձավոր բարեկամն է: 2011 թվականին` Առաքելյանի նշանակման պահին, Տոնոյանը ՊՆ փոխնախարար էր:

Զինծառայողները համոզմունք ունեն, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախընտրում է հարստացնել իր մերձավոր բարեկամ Ռուբեն Առաքելյանին ու նրա ՊՈԱԿ-ին` անմարդկային և ստորացված կարգավիճակում թողնելով սակրավորներին: Նախարարից բացի, հատուկ շահագրգռություն ունեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՊՆ Ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ Մաթևոսյանը:

Արդարության պահանջ

Մինչ ինժեներասակրավորային զորամասի կազմալուծումն ու խաղաղապահ գունդ տեղափոխումը, նրա ծառայողները նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով կասեցնել բանակի համար խիստ վտանգավոր գործընթացը: Սակայն լուծում չի տրվել:Զինծառայողները Պաշտպանության նախարարությունից և վարչապետից խնդրում և պահանջում են վերականգնել ինժեներասակրավորային զորամասը: Վստահեցնում են, որ պահեստազոր արձակված պրոֆեսիոնալ տղաները պատրաստ են հետ վերադառնալ և հանուն պետության աշխատել նույն ջանասիրությամբ և արդյունավետությամբ, ինչպես`նախկինում:

Ռոբերտ Անանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest