Մարտի մեկի գործով Փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը Հայաստանի ներքին գործերին միջամտություն է համարում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի առթիվ Ռուսաստանի որոշումը և կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի պնդել, որպեսզի մեղադրյալ Հարությունյանը արտահանձնվի Հայաստանին, քանի որ նրա բացակայությունը կարող է որոշակի բարդացնել «Մարտի 1»-ի գործի քննությունը:«Մեր կառավարությունը պետք է լծակներ փնտրի և հասնի նրան, որ Միքայել Հարությունյանին հանձնեն»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Ինչպես հայտնի է՝ երեկ ՀՀ ոստիկանությունը գրություն է ստացել, ըստ որի Ռուսաստանն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։«Սա, կարծում եմ, որ միջպետական հարաբերությունների վրա կազդի, որովհետև այս վարքագծով կարող էր նույնը կիրառվել Յուրի Խաչատուրովի և ուրիշների նկատմամբ»-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ այդ որոշմամբ ռուսական կողմը «մի տեսակ իջեցնում է մեր պետության վարկը»:

Ենթադրյալ հանցագործություն կատարած Միքայել Հարությունյանին չհանձնելը, ըստ փաստահավաք խմբի անդամի, խոսում է այն մասին, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է և դատապարտման վտանգ կարող է լինել: «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է եղել, որ ՌԴ քաղաքացին մեր մոտ այդքան բարձր պաշտոն է զբաղեցրել: Շատ ցավոտ զրույցներ կան Միքայել Հարությունյանի հետագծի և անցյալի հետ կապված, ես դա չեմ բացի, որովհետև կարող է ոչ ճիշտ տեղեկատվություն լինել, սակայն պետք է պարզել, թե ովքեր, ինչ ուժեր են հովանավորում Միքայել Հարությունյանին՝ պետական մակարդակո՞վ է, հակահետախուզությո՞ւն, ո՞վ է հովանավորում և ո՞ւմ ձեռնտու չէր Միքայել Հարությունյանին հանձնելը»,-նշեց փաստահավաք խմբի անդամը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք չի՞ վտանգվում «Մարտի 1»-ի գործի քննությունը, եթե գլխավոր մեղադրյալներից մեկը չի մասնակցելու քննությանը, ցուցմունք չի տալու, Սաֆարյանը բացասական պատասխան տվեց. «Խոչընդոտել «Մարտի մեկի» բացահայտումը ոչ ոք չի կարող, որովհետև դա շերտային ապացույցներ ունի, որ մեկը չլինի մյուսով կպատժվեն: Իրենք այնքան շատ բան են արել, որ ինչքան էլ փորձեն խուսափել, չեն կարող»: Սեդա Սաֆարյանը կարծում է, որ ռուսական իշխանությունները փորձում են օգնել ոչ միայն Միքայել Հարությունյանին, այլև փորձում են օգնել նաև Ռոբերտ Քոչարյանին:

Սաֆարյանի տպավորությամբ, կարծես նախապատրաստված լինի ՌԴ այս քայլը, քանի որ Միքայել Հարությունյանը պետք է ցուցմունքներ տա Ռոբերտ Քոչարյանի հետ կապված: «Այս տեսանկյունից վտանգ տեսնում եմ, իսկ դա նշանակում է՝ մեր պետության գործերին ակնհայտորեն խառնվել: Մարտի մեկի գործով Ռուսաստանի շահագրգռվածությունը լրիվ այլ բանի մասին է խոսում: Շատ մարդիկ պետք է պատասխան տան, ովքեր կշարունակեն հովանավորել այն անձանց, որոնք Հայաստանի պետականությանը «Մարտի 1»-ով հարված են հասցրել: Այստեղ դրսևորվում է Ռուսաստանի վարքագիծը Հայաստանում հանցավոր արաքների բացահայտման հարցում»:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա Միքայել Հարությունյանի բացակայությունը, ըստ Սաֆարյանի, որոշակի բարդություններ առաջացնելու է, քանի որ նա պետք է ցուցմունք տար ոչ միայն իր, այլև Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և այլոց հետո կապված: «Հանցակցության վերաբերյալ հարցը կարող է քրեական գործով որոշակի դժվարություններ առաջացնել: Ցանկալի կլիներ, որ մեղադրանքները հանցակցության առումով շատ հիմնավորված լինեին և պաշտպանության կողմի համար ավելորդ խոսակցությունների տեղիք չտային: Որոշակի դժվարություններ ՀՔԾ-ն կարող է ունենալ»,-նկատեց փաստաբանը:

«Քրեական գործը սկսելուց առաջ պետք էր մտածել այս ամենի մասին»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ այս որոշմամբ Ռուսատանը խոչընդոտում է «Մարտի 1-ի» գործի նախաքննությանը: «Ընթանում է նախաքննություն և իրենք պետք է բարի գտնվեին՝ չխոչընդոտեին նախաքննությանը, որովհետև Միքայել Հարությունյանը նաև ՀՀ քաղաքացի է»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց նա:

Միևնույն ժամանակ իրավապաշտպանը չի բացառում, որ Ռուսաստանը փոխի իր մոտեցումը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի արտահանձնում. «Նրանք այդ մասին միշտ հայտարարել են ու հայտարարում են: Ռուսաստանը միշտ դուրս է դնում իրեն միջազգային պայմանավորվածություններից, երբ ինչ-որ բան համարում է իր շահերին դեմ», -ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ դա չպետք է մեզ վհատեցի.

«Քանի որ «Մարտի մեկի» գործը, անկախ նրանից, թե որտեղ է գտնվելու Միքայել Հարությունյանը, ընթանալու է և բացահայտվելու է: Այլ խնդիր է, որ որոշ մեղսակիցներ կարող է դատարանում չհայտնվեն այսօր կամ հայտնվեն ավելի ուշ: Բայց էդ գործը հանգուցալուծվելու է և մենք դա տեսնելու ենք»:

Իրավապաշտպանը կարծում է, որ գործը քննող մարմինը ևս իր մեղքի բաժինն ու այս հարցում, քանի որ պետք էր ավելի հեռատես քայլեր աներ: «Քրեական գործը սկսելուց առաջ պետք էր մտածել այս ամենի մասին: Ժամանակին չեն մտածել, այսօր էլ սխալ քայլերի պատասխաններն են ստանում: Ժամանակին պետք էր մտածել, թե ով է Խաչատուրովը և որտեղէ այսօր աշխատում, ժամանակին պետք էր մտածել, թե որտեղ է գտնվում Միքայել Հարությունյանը, ժամանակին էդ ամեն ինչը պետք էր հաշվի առնել և համապատասխան քայլեր ձեռնարկել, որ այսօր փաստերի առաջ չկանգնել»,-նշեց նա :

Միևնույն ժամանակ Վարդան Հարությունյանը ևս կարծում է, որ «Մարտի 1»-ի գործն այսպիսով փակուղի չի մտնում: «Մարտի մեկի գործը բացահայտվելու է, անկախ ամեն ինչից, և գործով բոլոր մեղավորները պատժվելու են: Աշխարհում շատ արագ և շատ բան է փոխվում: Բոլորովին չի բացառվում, որ Ռուսատանում ևս փոխություններ լինեն: Անկասկած բոլոր մեղավորները կպատժվեն»,-եզրափակեց իրավապաշտպանը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը սարսափում է առաջին դեմքերին պատժելու Հայաստանի նախադեպից։ «Ռուսաստանում շատ վատ է ընդունվում Հայաստանում վարվող ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլն»,-ասաց քաղաքագետը՝ շարունակելով․

«Այն հանգամանքը, որ կարող էին Հայաստանում նախկին նախագահին ձերբակալել, մեղադրել, կոռուպցիայի մեջ մեղադրել տարբեր պաշտոնյաների, ռուսները չեն էլ թաքցնում, որ անընդունելի է իրենց համար, երբ հետապնդվում են նախկին իշխանությունները»։ Միևնույն ժամանակ Մանվել Սարգսյանը ևս չի կարծում, որ ռուսական կողմի այդ որոշումը կարող է խոչընդոտ լինել. «Մարտի 1»-ի գործի քննության համար։

«Կգա մի պահ, կասեն՝ ճիշտ եք, վերցրեք տարեք»։Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը սարսափում է առաջին դեմքերին պատժելու Հայաստանի նախադեպից։ «Ռուսաստանում շատ վատ է ընդունվում Հայաստանում վարվող ներքին քաղաքականությունը, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարը և այլն»,-ասաց քաղաքագետը՝ շարունակելով․

«Այն հանգամանքը, որ կարող էին Հայաստանում նախկին նախագահին ձերբակալել, մեղադրել, կոռուպցիայի մեջ մեղադրել տարբեր պաշտոնյաների, ռուսները չեն էլ թաքցնում, որ անընդունելի է իրենց համար, երբ հետապնդվում են նախկին իշխանությունները»։ Միևնույն ժամանակ Մանվել Սարգսյանը ևս չի կարծում, որ ռուսական կողմի այդ որոշումը կարող է խոչընդոտ լինել. «Մարտի 1»-ի գործի քննության համար։ «Կգա մի պահ, կասեն՝ ճիշտ եք, վերցրեք տարեք»։

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest