Անառողջ ու լարված մթնոլորտ է ստեղծվել ՀՀ Զինված ուժերի N զորամասում, որը մինչև վերջերս տեղակայված էր մայրաքաղաքում: Պայմանագրային զինծառայողներով համալրված զորամասի մեր աղբյուրները հայտնում են, որ ավելի քան 400 զինծառայող ազատվել է ծառայությունից կամ հրամանատարությանն այդպիսի խնդրանքով զեկուցագիր է ներկայացրել:

Բանն այն է, որ այս տարվա օգոստոսի 1-ից խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամասը դուրս է բերվել Երևանից ու տեղակայվել մերձակա քաղաքներից մեկում: Հայտնի է, որ այս զորամասում հիմնականում ծառայում են երևանցիներ, Արարատի, Արագածոտնի ու Արմավիրի մարզի բնակիչներ: Եթե Երևանի բնակիչները տրանսպորտային խնդիր չեն ունեցել, մարզի բնակիչ զինծառայողները նախկինում մայրաքաղաք են հասել մարզային երթուղայիններով:

Պաշտպանության նախարարության որոշումը` տեղափոխել զորամասը, լուրջ դժգոհություններ է առաջացրել զինծառայողների շրջանում: Զորամասի գտնվելու վայրի հեռվանալու պատճառով մեծացել են զինծառայողների ֆինանսական ծախսերը: Միայն տաքսիներով կամ սեփական մեքենաներով է հնարավոր տեղ հասնել:Արդյունքում`աշխատանքը խաղաղապահ գնդում շատերի համար դարձել է վնասաբեր: Ծառայությունը լքելուց առաջ զինծառայողներն այս հարցով դիմել են զորամասի նոր հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանին.

«Գնդապետն ասել ա` ում ձեռք չի տալիս, կարա դուրս գա: Դա իմ խնդիրը չի, ես սաղ հին ծառայողներին ցրելու եմ, նոր զորք հավաքեմ ու ծառայեմ էնպես, ոնց որ ես եմ ուզում: Արմավիրի կամ Էջմիածնի բնակիչը ո՞նց պիտի հասնի զորամաս: Հիմա ով որ ավտոմեքենա չունի չի կարողանում գալ գործի: Եթե նարյադ եղավ, էջմիածնեցին, արմավիրցին չի կարողանալու տուն գնա»: Ճիշտ է, զորամասի տեղափոխությունը հրամանատար Տոնոյանի որոշումը չէ, այդուհանդերձ, Արտակ Տոնոյանը չի փորձել զինծառայողներին հուսադրել, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ կփորձեն լուծումներ գտնել:

«Կառավարությունում չե՞ն մտածում, թե քանի ընտանիք է սոված մնալու: Մենք տուն ենք գնալու մեր երեխաներին ի՞նչ ասենք, ինչու չենք կարողանում հաց առնել: Նախարարն ու վարչապետը էս հարցի պատասխանը ունե՞ն»,- հարց են բարձրացնում զինծառայողները: Խաղաղապահ զորամասը Երևանից հանելու մասին խոսակցությունները շրջանառվում էին տարիներ շարունակ, բայց փաստացի դա տեղի ունեցավ հեղափոխությունից ու նախարարի փոփոխությունից հետո:

Հետաքրքրական մեկ փաստ` սա այն զորամասն է, որի զինծառայողները Թավշյա հեղափոխության օրերին միացել էին ժողովրդին: Զինծառայողների ակցիան հեղափոխական շարժմանը մեծ կշիռ հաղորդեց: ՀՀԿ-ական իշխանությունը փորձ էր արել խաղաղապահ գնդի զինծառայողներին ներգրավել քաղաքական պրոցեսներում: Ոստիկանությունը մուտք էր գործել զորամաս՝ զինծառայողների հետ հատուկ վարժանքներ անցկացնելու, նպատակ ունենալով արտակարգ դրություն հայտարարելուց հետո խաղաղապահ զորքն օգտագործել: Զինծառայողները կտրականապես հրաժարվել էին դուրս գալ ժողովրդի դեմ ու բաց ձեռքերով միացել էին հեղափոխությանը:

Փաստորեն, նոր իշխանությունը աշխատանքային անտանելի պայմաններ ստեղծելով` գործազրկության դրդելով է շնորհակալ լինում զինծառայողներին: Հենց այսպիսին է մեր զրուցակից զինծառայողների համոզմունքը: Զորամասի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ խաղաղապահ զորամասի տարածքը վաղուցվանից պատկանում է Գլենդել Հիլզ կազմակերպությանը: Պաշտպանության նախարարությունն ամեն տարի կլորիկ գումար է վճարել որպես վարձակալության գումար: Զորամասը տեղափոխելու իրական նպատակներից մեկն էլ ֆինանսական այս պարտականությունից ազատվելն է:

Զինծառայողները, որոնք կշարունակեն ծառայությունն այս զորամասում, արհեստականորեն ստեղծված հավելյալ դժվարություններ են կրելու: Երևանում բնակարան վարձակալելու նպատակով ամեն ամիս զինծառայողին տրամադրվել է 45 000 դրամ գումար: Զորամասը մայրաքաղաքից դուրս բերելուց հետո այդ գումարը իջեցվելու է մինչև 18 000: Դա օրենքի պահանջն է: Սա հավելյալ մոտիվացիա է, որպեսզի զինծառայողները լքեն ծառայությունը: Սա այն դեպքում, երբ խաղաղապահ զորամասի զինծառայողները Ապրիլյան պատերազմում մեծ դերակատարում են ունեցել: Թե պատերազմի օրերին, թե դրանից հետո տղաները թալիշյան ճակատում հերոսաբար պատերազմել են հակառակորդի դեմ:

Նրանց մեծ մասը պրոֆեսիոնալ է, զինվորական մեծ ու փառավոր ճանապարհ է անցել: Հարց է առաջանում, թե ինչպես են նոր կադրերը լրացնելու այդ փորձը: Խաղաղապահների նորանշանակ հրամանատար Արտակ Տոնոյանն անձնական ու ծառայողական հարաբերությունները խառնել է իրար`ի վնաս զինծառայողների: Նրա նշանակումից հետո սպաների միջև կոնֆլիկտներն ավելացել են: Արտակ Տոնոյանը խաղաղապահ ստորաբաժանման հիմնադիրներից է: Մեր աղբյուրը պատմում է, որ նախկինում ուրիշ զորամաս տեղափոխվելուց հետո բազմիցս փորձել է կրկին ստանձնել այս զորամասի հրամանատարությունը: Սակայն սպաներից ու պայմանագրայիններից շատերը դիմադրել են` ստորագրահավաքով պահանջել ղեկավարությունից հրաժարվել այդ նշանակումից:

Երբ զորամասի հրամանատար էր Արթուր Սիմոնյանը, Արտակ Տոնոյանը փորձել է զինծառայողների շրջանում ստորագրահավաք կազմակերպել ընդդեմ նրա ու պաշտոնանկ անել: Նրա կողքին որևէ մեկը չի կանգնել և ծրագիրը տապալվել է: Հիմա, վերադառնալով խաղաղապահ զորամաս, Արտակ Տոնոյանը վրեժխնդիր է լինում իր ընդդիմախոսներից. «Տոնոյանն ասում ա` ստորագարահավաք էիք անում, որ ես հետ չգայի, հիմա դա սաղիդ դեմն եմ դնելու: Սաղիդ ցրելու եմ, նոր զորք եմ հավաքելու»,- պատմում են զինծառայողները:

Արտակ Տոնոյանի նշանակումից հետո պայմանագրայիններին պարտադրվում է կրել հայկական արտադրության անորակ ճտքակոշիկներ: Այս հարցը նախկինում ազատ էր թողնված: Իրեն միջոցներով զինծառայողները գնում էին գերմանական ճտքակոշիկներ, որոնք ոչ միայն հարմար են ծառայության մեջ, այլև չեն վնասում ոտքերը: Եղել են հիվանդություն ունեցող զինծառայողներ, որոնց հենց այս պահանջն է ստիպել դուրս գալ ծառայությունից:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը forrights.am-ի հետ զրույցում հաստատեց զորամասի տեղափոխման մասին լուրը: Նա ուռճացրած տվյալ է համարում այն, որ զորամասից 400 զինծառայող է հեռացել: Նրա պնդմամբ այդ թիվը մոտ 120 է.

«Զորամասերի մշտական տեղակայման վայրի փոփոխությունը պետական գաղտնիք է: Կարող եմ ասել, որ մենք հաճախ մեր զորամասերը ըստ անհրաժեշտության կարող ենք տեղափոխել հարավից հյուսիս, արևելքից արևմուտք: Դրանից ընդհանրապես մեր մարտունակությունը չի տուժում»,- ասաց Հովհաննիսյանը: Պետական գերատեսչությունը, հավանաբար, հույս է տածում, որ տեղակայման նոր վայրից զորամասը կհամալրեն նոր զինծառայողներ: Հատկապես, որ Խաղաղապահ զորքերում ծառայությունը գրավիչ է` Աֆղանստանում կամ Կոսովոյում խաղաղապահ առաքելությունների մասնակիցները գումարային մեծ եկամուտներ են ստանում:

Հովհաննիսյանի խոսքից պարզ է դառնում, որ նախարարությունը գումարային հավելյալ փոխհատուցում ճանապարհածախսի կամ բնակարանային վճարի մասով չի տրամադրելու. «Միայն օրենքի սահմաններում»:

Այս պատմությունը մի շարք մտահոգիչ հարցեր է առաջացնում: Ֆինանսական տնտեսումներով տարված Կառավարությանը ոչ միայն խաչ է քաշում զինծառայողների անձնական պլանների վրա, այլև բացասական վերաբերմունքի է արժանացնում փորձառու և հմուտ զինծառայողներին:

Ռոբերտ Անանյան

Pin It on Pinterest