Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է երաշխավորել դատական իշխանության անկախությունը, մամուլին վերաբերող նոր իրավական ակտ է մշակում: Փաստաթուղթն անվանել են «ԶԼՄ-ների հետ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծ: Փաստաթուղթը, եթե ընդունվի, որպես իրավական ակտ, պարտադիր է լինելու կատարման համար, և անշուշտ բարդացնելու է լրագրողների կյանքը: Առայժմ այն ուղարկել են ԶԼՄ-ներին, լրագրողական կազմակերպություններին: ԲԴԽ-ն փորձել է քննարկում կազմակերպել փաստաթղթի շուրջ, ստանալ լրատվամիջոցների ներկայացուցիչների կարծիքները: Մամուլը պասիվ է արձագանել նոր կանոններին:

Ոմանց դուր չի եկել գաղափարը, որ դատարանների խորհուրդը որոշել է զբաղվել մամուլով: Մյուսներն էլ պարզապես չեն կարեւորել փաստաթուղթը, չխորանալով երկարաշունչ, 70-ից ավելի կետեր պարունակող որոշման մանրամասներում: Մինչդեռ այն անընդունելի սկզբունքներ ու կետեր է պարունակում, որոնք ուղղալի խախտում եմ լրագրողների իրավուքները: Ահա դրանցից մեկը: «Խորհրդի եւ դատարանների կողմից տրամադրված, այդ թվում՝ մամլո հաղորդագրություններում արտացոլված տեղեկատվությունն իր բովանդակությամբ չպետք է էապես վտանգի կոնկրետ գործով արդարադատության շահը:

Այդպիսի տեղեկատվության նկատմամբ հանրային մեծ հետքրքրության առկայության դեպքում այն կարող է հրապարակվել ինչպես կոնկրետ գործով դատական քննության որոշակի փուլի, այնպես էլ ամբողջ դատավարության ավարտից եւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո»: Լրագրողին տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այս հարցում լրագրողին մերժելու դեպքում դատավորը այսպես թե այնպես գործում է արդարադատության շահից ելնելով: Բայց ԲԴԽ-ն ցանկանում է ոստիկանի փայտիկը ձեռքին կանգնել լրագրողի և դատավորի արանքում, որոշելու համար, թե արդյոք տվյալ տեղեկատվությունը, որը տրամադրվել է լրագրողին, վտանգում է տվյալ գործով արդարադատության շահը, թ՞ե ոչ:

Դատավորը պետք է ասի՝ նյութ հրապարակենք, թե ոչ

Մեկ այլ դեպքում կանոնները ուղղակի խախտում են լրագրողի տեղեկություն ստանալ և տարածելու իրավունքը, որը սահմանված է ԶԼՄ-ների մասին օրենքով: «Դատավարության ընթացքում նյութը հրապարակելու նպատակահարմարության վերաբերյալ գործը քննող դատավորի դիրքորոշումը վճռորոշ է», — գրված է կետերից մեկում: Այսինքն, ամեն անգամ, երբ լրագրողը ցանկանում է բաց դատավարության վերաբերյալ նյութ հրապարակել, նա պետք է հարցնի գործը քննող դատավորին: Ի գիտություն դատավորներին և ԲԴԽ նախագահին՝ հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինելու անգամ այն դեպքում, եթե իրենք դեմ են դրան: Նյութը հրապարակելու նպատակահարմարությունը որոշում են լրագրողը և տվյալ լրատվամիջոցի ղեկավարը: Որոշ կանոններ ԶԼՄ-ի հեղինակային իրավունքի խախտման համար հող են ստեղծում, հակասում են բարեխիղճ լրագրության սկզբունքներին: «Եթե դատական իշխանությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն օրինական կարգով տրամադրվել է որեւէ լրագրողի, ապա հարկ է ապահովել, որպեսզի նույն այդ տեղեկատվությունը նույն պայմաններով հասանելի լինի այդ առնչությամբ հարցում ներկայացրած զանգվածային լրատվության մյուս միջոցների համար: Այդ նկատառումով լրագրողին կամ զանգվածային լրատվության միջոցին տրամադրված տեղեկատվությունը կարող է, հաշվի առնելով նյութի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանը, անհապաղ զետեղվել դատական իշխանության պաշտոնական կայքում»։ Այս կանոնը մոգոնողը պատկերացում չունի, թե ինչպես է աշխատում մամուլը: Ստացվում է, որ լրագրողը հարց է ուղղում մամուլի ծառայությանը, ապա իր հարցի պատասխանը գտնում է ԲԴԽ պաշտոնական կայքում, այլ ԶԼՄ-ների համար հասանելի տիրույթում, և նյութի բացառիկությունը կորչում է: Գրաքննության հնարավորություն է տալիս հավատարմագրման կարգը։ Հավատարմագրման դադարեցման հիմք է համարվում լրագրողի կողմից կանոնների, կամ օրենքի խախտման համար նախազգուշացումը։ Այլ կերպ ասած՝ ԲԴԽ-ն կարող է սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերել և զրկել իրեն ոչ հաճելի լրագրողներին հավատարմագրից։

Պայմաններ, որոնք դարձել են խանգարող հանգամանք

Կանոնների հեղինակները կարծես, թե նպատակ ունեն հեշտացնելու լրագրողների աշխատանքը դատաններում, սակայն այս հարցում հստակություն չկա: Այսպես, կանոններից մեկը նախատեսում է. «Նիստերի դահլիճում հնարավորության սահմաններում անհրաժեշտ է լրագրողների գործունեության համար ապահովել պայմաններ և հատուկ այդ նպատակի համար նախատեսված տեղ»: Բայց ինչ պայմանների մասին է խոսքը և որտեղ պետք նստեն լրագրողները, չի նշվում: Գաղտնիք չէ, որ որոշ դատարաններում ստեղծված պայմանները՝ պաշտպանիչ ապակին, առանձին սենյակն անորակ ձայնագրության տեխնիկայով, ավելի շուտ նիստի լուսաբանումը խանգարող հանգամանքներ են, քան պայմաններ:

Որոշման նախագծի մեծ մասը վերաբերում է ԲԴԽ մամուլի ծառայությանը: Փորձ է արված կանոնակարգել այս կառույցի աշխատանքը, ինչը ողջունելի է: Ընդունելի կլիներ, եթե ԲԴԽ-ն իր և ԶԼՄ-ների միջև հարաբերությունները կարգավորեր զուտ մամուլի ծառայության աշխատանքի միջոցով, կանոններ գրեր այդ ծառայության համար և չմտներ ԶԼՄ-ների իրավունքների տիրույթ: Բայց այստեղ էլ լրացուցիչ լիազորություններ ստանալու ձգտում է երևում: ԲԴԽ-ն որոշել է, որ լրագրողների հետ շփվելուց, դատավորները իր չինովնիկների թույլտվությունը պետք է ստանան: «Խորհրդի անդամներն ու դատավորները լրատվության միջոցներին որևէ եղանակով տեղեկատվություն տրամադրելու դեպքում, այդ մասին հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկում են Մամուլի ծառայությանը», — գրված է մամուլի ծառայութնա վերաբերյալ կանոնների 56-րդ կետում, ինչը բացարձակ անթուլատրելի է: Այն դեմ է դատավորի անկախության սկզբունքին, որը ԲԴԽ-ն կոչված է երաշխավորել, ոչ թե խախտել:

Հավատարմագրման բլոկը հանել թէ պետք ամբողջությամբ

Մամուլի իրավուքնների պաշտպանությմբ զբաղվող ՀԿ-ները ստացել են ԲԴԽ որոշման նախագիծը, սակայն շատերը դեռ չեն ծանոթացել դրան։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը ուսումնասիրել է առաջարկ ունի՝ ամբողջությամբ վերացնել ԶԼՄ-ների հավատարմագրման բլոկը։

«Կարևոր նախաձեռնություն էր, սահմանվում են դատական համակարգի լուսաբանման խարսխային սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն երրորդ և չորրորդ իշխանության ներկայացուցիչները։ Սակայն մի շարք վիճելի խնդիրներ եմ տեսնում հավատարմագրման կարգի հետ կապված։ Եթե փորձելու են հավատարմագրման միրջոցով մատչելիության հարց լուծել, ապա դա չի ստացվի, քանի որ կան տեխնիկական, բովանդակային խնդիրներ։

Եթե փորձ են անում լուսաբանման հարց լուծելու, ներգրավել դատական նիստերի լուսաբանմանը ներգրավել իրավական հարցերում մասնագիտացած լրագրողների, ապա հավատարմագրումն այս հարցը չի լուծելու, որովհետև այն զուտ տեխնիկական գործընթաց է, և որևէ կապ չի կարող ունենալ բովանդակային միջամտության հետ։ Բացակայում են հավատարմագրումը մերժելու հիմքեր, դադարեցման հետ կապված վիճելի խնդիրներ կան։ Ավելորդ եմ համարում հավատարմագրման բլոկն ամբողջությամբ։ Փորձը ցույց է տալիս, որ հավատարմագրումը միշտ բերում է խնդիրներ մամուլի համար՝ խտրականության, բովանդակության գրաքննության։ Որպեսզի դրանք չծագեն, պետք է այս հարցը դուրս գա մեջտեղից»։

Հ.Գ. Մամուլի «կանոնակարգման» հիմքը ՀՀԿ-ական իրավաբանները՝ Հրայր Թովմասյանը, Գագիկ Հարությունյանը և այլոք, նախատես էին նոր դատական օրենսգրքով, որի 89-րդ հոդվածով սահմանված են դատարանների անկախությունը երաշխավորող ԲԴԽ լիազորությունները: Այդ հոդվածի 22-րդ կետը ասում է. «Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է ԶԼՄ-ների հետ իր եւ դատարանների փոխհարաբերության կանոնները»։ Դատական օրենսգրքի քննարկումների ընթացքում, որոնք Ազգային ժողովը քննարկում էր անցյալ տարեվերջին, այս կետի վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց, և հեղինակներին հաջողվեց «սղղացնել» այն: Թե ինչ կանոններ է նախապատրաստում ԲԴԽ-ն լրագրողների համար, ինչպես է ուզում կարևորվել ԶԼՄ-ների և դատավորների արանքը մտնելով, երևաց միայն «կանոնների» ի հայտ գալով:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest